Երկուշաբթի օրը Լոնդոնի դատարանում մեկնարկել են Բոսնիայի նախկին նախագահ Էյուպ Գանիչին Սերբիային հանձնելու գործով լսումները: BBC-ի մատուցմամբ, Բելգրադը Գանիչին մեղադրում է ռազմական հանցագործությունների մեջ եւ պահանջում է վերջինիս իրեն հանձնել:
64-ամյա Գանիչը կալանավորվել էր այս տարվա մարտի 1-ին Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում՝ Սերբիայի հարցման հիման վրա: Նա մեղադրվում է 1992թ.-ին Սարաեւոյից նահանջելու ընթացքում վիրավորված բոսնիացի սերբ զինծառայողների սպանության մեջ:
Սերբական կողմը պնդում է, որ հարավսլավական շարասյունը, որը Սարաեւոյից հեռացել է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, հարձակման է ենթարկվել՝ խաղաղ տեղաշարժման մասին կնքված պայմանագրի խախտմամբ: Մինչդեռ Գանիչի փաստաբան Քլեր Մոնտգոմերին հայտարարում է, թե իր վստահորդի առնչությունն այդ միջադեպին արդեն քննարկվել է Միջազգային քրեական դատարանում, եւ մեղադրանքը չի հաստատվել: Վերջին 4 ամիսներին Գանիչը պահվում է Լոնդոնում, տնային կալանքի պայմաններում: Նախատեսվում է, որ նրա գործով դատական լսումը կտեւի հինգ օր: