Ծագումով չինացի, բայց ԱՄՆ քաղաքացի հանդիսացող երկրաբան Սյու Ֆենը Չինաստանում դատապարտվել է ութ տարվա բանտարկության եւ 200 հազար յուան (30 հազար դոլար) տուգանքի՝ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ գողանալու համար:
BBC-ի մատուցմամբ, 44-ամյա Սյու Ֆենը կալանավորվել էր 2007թ.-ին այն բանից հետո, երբ բանակցություններ էր վարել չինական նավթային արդյունաբերությանը վերաբերող տվյալների բազան իր աշխատատուին՝ ամերիկյան կոնսալտինգային ընկերությանը վաճառելու շուրջ:
Սյու Ֆենը պնդել էր, թե տեղեկություններն ինքը հավաքել է բաց աղբյուրներից, որ բանտում խոշտանգումների է ենթարկվել, որ իր ձեռքերի վրա ծխախոտ են հանգցրել եւ մոխրամանով հարվածել են գլխին:
Պեկինում Միացյալ Նահանգների դեսպանությունը մտահոգություն է հայտնել ԱՄՆ քաղաքացու նկատմամբ չինական դատարանի կողմից արձակված դատավճռի կապակցությամբ եւ այդ երկրի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել երկրաբանին: Սյու Ֆենի հանցանքը, ըստ աղբյուրի, այն էր, որ նա պայմանավորվածություն է ձեռք բերել ամերիկյան «HIS Energy» ընկերությանը վաճառել տվյալներ, որոնք բաց եւ հասանելիորեն տեղադրված են մեծ մասամբ պետական վերահսկողության տակ գտնվող չինական նավթային արդյունաբերության տեղեկությունների բազայում:
Բացի Սյու Ֆենից, դատավճիռներ են կայացվել նաեւ Չինաստանի երկու քաղաքացիների նկատմամբ, որոնք մեղադրվում են օտար երկրներին ապօրինաբար գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ: