Լրահոս
Օրվա լրահոսը

Բուլղարիան փորձում է վերանայել ռուսական գազի գնման պայմանները

Հուլիս 06,2010 00:00

Բուլղարիայի կառավարությունը դատախազությանն է փոխանցել Ռուսաստանի հետ գազի մատակարարման մասին նախկին կառավարության կողմից 2006թ.-ին ստորագրված պայմանագրերը:
«Reuters»-ի մատուցմամբ, Բուլղարիային հատկացվող գազի գինը երրորդ եռամսյակի համար աճել է 25 տոկոսով: Դա պայմանավորված է գազի արտահանման ինքնարժեքի աճով եւ դոլարի ամրապնդմամբ, բայց կառավարությունը համարում է, որ ժամանակին պայմանագրերը ստորագրվել են Բուլղարիայի համար ոչ շահավետ պայմաններով: Աղբյուրի մատուցմամբ, առայժմ հստակ չէ, թե պայմանագրի հատկապես ի՞նչ խախտումների հիման վրա է, որ կառավարությունն այդ պայմանագրերն ուղարկել է դատախազություն: 2006-ին գազի ոլորտում մենաշնորհային դիրք գրավող «Բուլգարգազը» «Գազպրոմի» հետ պայմանագիր էր ստորագրել, որով չեղյալ էր համարվել բարտերային համակարգը, ըստ որի՝ «Գազպրոմը» Բուլղարիայի տարածքով գազի տարանցման դիմաց այդ երկրին անհրաժեշտ համապատասխան ծավալի գազը տրամադրում էր շուկայականի համեմատ էականորեն զեղչված գնով: Ըստ պայմանագրի, որի գործողության ժամկետը մինչեւ 2030թ.-ն է, գազի գինը մինչեւ 2010թ. դեկտեմբերն աստիճանաբար բաձրանալու էր: Նախատեսվում է, որ «Գազպրոմէքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Մեդվեդեւը եւ ՌԴ առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը երեքշաբթի օրը ժամանելու են Սոֆիա՝ պայմանագիրը Բուլղարիայի տնտեսության եւ էներգետիկայի նախարար Տրայչո Տրայկովի հետ քննարկելու համար: Բանակցությունների ընթացքում խոսվելու է նաեւ Բուլղարիայի ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագծի եւ «Հարավային հոսք» գազատարի կառուցմանը առնչվող հարցերի շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել