Ըստ դերասան Վարդան Պետրոսյանի՝ ոչ ողբերգական էջերով ենք հպարտանում, ոչ հերոսական:
Երեւանում է ֆրանսաբնակ հումորիստ, դերասան Վարդան Պետրոսյանը, որը երեկ «Հայելի» ակումբում հանդիպեց լրագրողների հետ ու տեղեկացրեց, որ պատրաստ է ներկայանալ նոր հումորային ծրագրերով՝ «Ճակատագրի կատակներ», «Վարք Հայաստանի» եւ «Մարդը Փարիզից» ներկայացումներով:
Դերասանն արդեն մեկ շաբաթ հայրենիքում է եւ քաղաքից ստացած առաջին տպավորությունը, ըստ նրա, դատարկությունն է՝ «Քաղաքում մարդ չկա: Ասես դատարկ լինի: Բայց տպավորված եմ նաեւ մարդկանց ջերմ ժպիտներով»:
Նշենք, որ հուլիսի 30-ին Վ. Պետրոսյանը Գ. Սունդուկյանի անվան թատրոնում կներկայանա «Ճակատագրի կատակներ» ներկայացումով:
Իսկ սեպտեմբերից հայաստանյան բուհերում հատուկ ուսանողների համար կխաղա Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից ոգեշնչված՝ «Վարք Հայաստանի» ներկայացումը:
Վ. Պետրոսյանի խոսքերով՝ «Վարք Հայաստանը» վերք-վարք բառախաղի ներկայացում է, որտեղ մեր վարքը բնութագրվում է որպես մեր վերքերի արդյունք: Ներկայացումը նման է թատերական ակցիայի: Այն չափից դուրս հանդուգն է: Այս անգամ մեր վերքերը փորձել եմ տրորել ավելի ուժեղ՝ սրսկում եմ ուղիղ վերքի վրա: Խաղաշրջանիս շեշտադրությունը մեր վերքերն են, որոնք պետք է բուժվեն: Քաղաքականությունը կառուցելիս պատմությունից դասեր չենք քաղում: Բայց վտանգված է այն ժողովրդի կյանքը, որը պատմությունից դասեր չի քաղում: Եթե մենք մեր անցյալը ճանաչեինք, մեզ չէին ճնշի: Անցյալի ողբերգական էջերը մեզ արիացնում են, սրբացնում: Իսկ մենք ի՞նչ ենք անում, ո՛չ ողբերգական էջերով ենք հպարտանում, ո՛չ հերոսական: Փորձում ենք ինքներս մեզ ճանաչել եւ անընդհատ գալիս ենք մի սխալ կարծիքի՝ արա, դե՛ հա էլ էս ենք եղել, էլի, չարչի ժողովուրդ ենք… Սա ճիշտ չէ: Վերելքի ճանապարհը, ըստ իս, մարդու մեջ է՝ նա պետք է կարողանա ուժ գտնի իր մեջ նայելու անցյալը՝ տեսնելով, որ ինքն այսօր արդեն անցյալինը չէ: Առանց անցյալը ճանաչելու, վերարժեքավորելու մեր ապրածը, չենք կարող գնալ առաջ»:
«Վարք Հայաստանի» ներկայացումը, ըստ հեղինակի, սուր քաղաքական ենթատեքստ ունի. «Խոսելու եմ հայ-թուրքական, հայ-ռուսական, Սովետական Հայաստանից մինչեւ մերօրյա հայ-ադրբեջանական հարաբերությունները: Սա չափից դուրս քաղաքական ներկայացում է»:
Դերասանի խոսքով՝ այս բեմադրությունն ուղղված է երիտասարդության մեջ ակտիվություն մտցնելուն. «Երիտասարդները պասիվ են հասարակական կյանքի նկատմամբ: Քաղաքականությունը նրանց կողմից մի տեսակ արհամարհված է»:
Վ. Պետրոսյանն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին. «Ո՛չ մասնագետ եմ, ո՛չ պատմաբան, ո՛չ էլ քաղաքական գործիչ: Հարցն ուսումնասիրել եմ հանգամանքների բերումով՝ «Վերելք» ենրկայացման շնորհիվ: Տեսել եմ, որ հայ-թուրքական հարաբերություններն այսքան ժամանակ ոչ մի փոփոխություն չեն կրել: Միշտ ասել են՝ ժամանակները փոխվել են, պետք է քայլեր անել, այսպես չի կարելի եւ միշտ կրկնվել է նույնը: Մեծ վտանգ եմ տեսնում այս ամենում: Որովհետեւ թուրքական դիվանագիտությունն ունի մեկ գերխնդիր՝ ինչպես թալանել եւ իրենով անել այս պետությունը: Երկու դիվանագետ իրար առջեւ նստած խոսում են, նրանք արդեն մտածում են՝ հետեւից ինչպես խփեմ, ինչը թալանեմ, ինչը վերցնեմ… բայց այդ խոսակցությունը գնում է մեծ ու լայն ժպիտով: Դեմ եմ սահմանների բացմանը: Հայ-թուրքական հարաբերությունների մեջ թուրքերը հայերի նկատմամբ ունեն կոնկրետ վերաբերմունք: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական ներկայիս հարաբերություններին, ապա ասեմ՝ պատերազմ չի լինի, բայց կլինեն ճակատամարտեր: Դրանք կլինեն ադրբեջանցիների պատճառով եւ վստահ եմ, որ նրանք իրենց «քթին կուտեն» եւ մեկ անգամ եւս կհասկանան՝ ինչ է նշանակում ոտնձգություններ անել: Ադրբեջանը ոգի չունի պատերազմելու համար: Իսկ պատերազմի համար ոգի է պետք: Ղարաբաղի հարցի հետ կապված էլ ասեմ, որ այն ճիշտ լուծում է ստանալու՝ ելնելով հայերիս շահերից»:
Վերադառնալով ներկայացումներին, նշենք, որ «Մարդը Փարիզից» մոնոներկայացումը Վ. Պետրոսյանը հայրենիքում չի խաղալու. «Այն նախատեսված է ռուս հանդիսատեսի համար: Կխաղամ Մոսկվայում՝ նոյեմբեր ամսին: Սա ինքնակենսագրական բնույթ ունի՝ իմ կյանքը, սայթաքումները Փարիզում եւ վերելքս սայթաքումների արդյունքում»:
Գիտնականները ողջունում են
Հոլանդացի գիտնականների հետազոտությամբ, որի մեջ ընդգրկված է 2002-2006թթ. ծնված 4 100 նորածին, որոնք առնվազն 6 ամիս սնվել են բացառապես մայրական կաթով, ավելի քիչ էին ենթարկվում շնչառական կամ աղեստամոքսային տրակտի բարդությունների զարգացման վտանգին: Այս հայտնագործությունն օժանդակում է արդյունաբերացված երկրներում նորածիններին 6 ամիս միայն մայրական կաթով կերակրելու վերաբերյալ առողջապահության ոլորտի որոշմանը:
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս նորածիններին առաջին 6 ամսվա ընթացքում կերակրել բացառապես մայրական կաթով. դա ոչ միայն առողջարար է, այլ նաեւ թույլ կտա խնայել միլիոնավոր դոլարներ՝ առողջապահության ոլորտում:
drugs.am