Տայպեյում ավարտվեց ուսանող մարզիկների ծանրամարտի աշխարհի երկրորդ առաջնությունը: Մեր հանրապետության երրորդ եւ վերջին ներկայացուցիչը՝ 94 կգ քաշային Վարդան Դավթյանը, պոկում, հրում վարժություններում եւ երկամարտում նվաճել է բրոնզե մեդալներ՝ համապատասխանաբար ցույց տալով 165+193=366 կիլոգրամ: Հայ 24-ամյա մարզիկը, որի անունը մարզաձեւում դեռ այնքան էլ հայտնի չէ, բոլոր ցուցանիշներով հավասար արդյունք է ցույց տվել, ինչ երկրորդ տեղը գրաված թաիլանդցի մրցակիցը եւ արծաթե մեդալը զիջել թաիլանդցի մրցակցին: Հետաքրքիր է, որ Վարդանը հրում վարժության վերջին մոտեցումում ոսկուն տիրելու նպատակով պատվիրել է 210 կգ, սակայն չի կարողացել բարձրացնել: Այսպիսով, Հայաստանի երեք հոգուց բաղկացած հավաքականը Տայպեյում ընդհանուր առմամբ նվաճեց յոթ մեդալ, որոնցից չորսը՝ ոսկե, երեքը՝ բրոնզե: