Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՌԱՎ ԵՎՐՈՊԱՆ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԻՍԿԱԿԱՆ ԴԵՄՔԸ

Հուլիս 06,2010 00:00

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անչափ հետաքրքիր ընթացք ունեցավ, որի մեկնարկային ու եզրափակիչ փուլերն արմատապես տարբերվում են միմյանցից

Եթե խմբային մրցաշարից հետո պայքարի բովում մնացած ազգային հավաքականների մեջ գերակշռում էին հարավամերիկյան ֆուտբոլի ներկայացուցիչները (պայմանականորեն ավելացնում ենք նաեւ Մեքսիկան եւ ԱՄՆ-ը), իսկ ամենից շատ կորուստ տվել էր Եվրոպան, իսկ քառորդ եզրափակչում հարաբերակցությունը 4:3 էր, կիսաեզրափակչում արդեն պատկերը միանգամայն հակառակն է: Եվրոպական երեք գրանդ երկրներին՝ Հոլանդիային, Գերմանիային եւ Իսպանիային դիմակայելու է միայն Ուրուգվայը, որի՝ չեմպիոն դառնալու շանսերը, անկեղծ ասած, այնքան էլ նախընտրելի չեն թվում: Թեկուզ միայն այն պատճառով, որ, մասնագետների գնահատմամբ, ՀԱՀ-ում միջին մակարդակ ունեցող աֆրիկացիները մինչեւ վերջ արժանի դիմադրություն ցույց տվեցին ու միայն 11 մետրանոց հարվածաշարում ճանապարհը զիջեցին անհամեմատ հեղինակություն վայելող մրցակցին: Վաղը Ուրուգվայը խաղում է Հոլանդիայի հետ: Վերջինը, չնայած, արդեն վստահ է հանդես գալիս, սակայն ընդգծված ֆավորիտի տպավորություն այնքան էլ չի գործում: Այնպես որ, չեմպիոնության համար պայքարի հետագա ընթացքը դժվար է կանխագուշակել: Ամեն բան կախված է լինելու նրանից, թե ում խաղն այդ օրը՝ ինչպես կդասավորվի:
Ֆուտբոլային արվեստի իսկական սիրահարներին տհաճ անակնկալ մատուցեց Բրազիլիան, որը Հոլանդիայի հետ խաղում հաշվի մեջ 1:0 հաշվով առավելություն ունենալով՝ անհասկանալի ձեւով սեփական դարպասը երկու գնդակ բաց թողեց: Ճիշտ են ասում, որ հանճարեղ ֆուտբոլիստ լինելը դեռ չի նշանակում, որ կարող ես նաեւ գոնե լավ մարզիչ լինել: Խոսքը բրազիլացիների մարզիչ Դունգայի մասին է, որը, ի դեպ, արդեն հեռացվել է պաշտոնից: Նույնը վերաբերում է նաեւ Դիեգո Մարադոնային, որը, ի տարբերություն իր բրազիլացի գործընկերոջ, ամենայն հավանականությամբ կշարունակի գլխավորել Արգենտինայի հավաքականը:
Հուլիսի 7-ին կայանալու է Գերմանիա-Իսպանիա խաղը: Դատելով թիմերի՝ մինչեւ այս պահը ցուցադրած խաղամակարդակից, Գերմանիայի հնարավորությունները, անշուշտ, գերադասելի են: Իոհակիմ Լյովի թիմը, որը ներդաշնակված է փորձառու եւ երիտասարդ ֆուտբոլիստների հիանալի համադրությամբ, յուրաքանչյուր խաղում ապացուցում է, որ գերմանական մեքենայի դեմ հակախաղ գտնելը գրեթե անլուծելի խնդիր է: Անգամ այնպիսի թիմի համար, ինչպիսին Արգենտինայի հավաքականն էր, որին, այն էլ արդեն 1/4 եզրափակչում, Գերմանիան ջախջախեց 4:0 աներեւակայելի հաշվով:
Ինչ վերաբերում է Եվրոպայի չեմպիոն Իսպանիային, Վիսենտե դել Բոսկեի տղաները թեեւ արժանի հաղթանակ տարան Պարագվայի նկատմամբ (1:0), սակայն դրանում որոշակի դեր խաղաց նաեւ գվատեմալացի գլխավոր մրցավար Կառլոս Բարտեզը՝ նույն իրավիճակներում մրցավարական երկակի ստանդարտներ դրսեւորելով: Կարծում ենք, որ ֆուտբոլասերների ճնշող մեծամասնությունը համաձայն է այն մտքին, որ Իսպանիան ավելի արժանի էր կիսաեզրափակիչ մտնելուն: Բայց երբ այս թիմի ուժեղ հարձակվողների եւ նրանց ըստ ամենայնի աջակցող կիսապաշտպանների կողքին լրջորեն կաղում է պաշտպանությունը, անգամ վերջին հույս՝ դարպասապահ Իկեր Կասիլիասը կարող է անզոր լինել իր թիմին պաշտպանել գերմանացիներից: Իսկ վերջիններս, բոլորն են տեսնում, որ ոչ ոքի ոչ մի սխալ կամ աննշան վրիպում չեն ներում ու դաժանորեն պատժում են:
ՀԱՀ-ում ՖԻՖԱ-ի համար հարցերի հարցը մնում է մրցավարների թույլ տված կոպիտ սխալների հետեւանքը: Նրանց թեթեւ ձեռքով նախնական մրցաշարի արգելքը չհաղթահարեցին «երկրորդական» համարվող, բայց տվյալ խաղում իրենց ավելի լավ դրսեւորած հավաքականները: Բայց անգամ այդքանից հետո «զտում» անցածները շարունակում են նախորդների «սեւ գործը»: Մասնավորապես, եթե գվատեմալացի Կառլոս Բարտեզը նույն սկզբունքայնությամբ կրկնել տար իսպանացիների դարպասին նշանակված 11 մետրանոցը, ոչ ոք չէր կարող ասել, թե այդ հանդիպումն ինչպիսի՞ շարունակություն կունենար:
Ինչեւէ, աշխարհի առաջնությունը թեւակոխել է ճակատագրական փուլ, որտեղ ամեն մի գոլը հազարապատիկ գին ունի: Իսկ մեզ մնում է սպասել այսօր կայանալիք Ուրուգվայ-Հոլանդիա խաղին, իսկ վաղը վայելել նաեւ Գերմանիա-Իսպանիա ճակատամարտի ընթացքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել