Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ՈՒ ՀՆԴԻԿՆԵՐԸ

Հուլիս 06,2010 00:00

Այսօր կկայանա  Հայաստանում Հնդկաստանի դեսպան Մալհուդրայի, անվանի գիտնական Սեն Արեւշատյանի եւ «Ազդարար» հանդեսի խմբագիր Մարտիկ Սարգսյանի ասուլիսը: Պարոն Սարգսյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ներկայիս «Ազդարարը» հավատարիմ է 1794թ. Մադրասում հիմնադրված նույնանուն հնագույն պարբերականի նպատակներին ու սկզբունքներին՝ հայապահպանություն, լեզվի անաղարտություն, հավատի հանդեպ հավատարմություն եւ այլն:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ասուլիսում արծարծվելու են հայ-հնդկական բարեկամության հարցերը, բարեկամություն, որ սկսվում է արիական ժամանակներից:
Վերջերս ստեղծվել է «Արմինդիա» ընկերությունը, որը նպաստելու է  հայ-հնդկական բարեկամությանը, գիտական, մշակութային, կրթական, բիզնեսի գծով կապերի զարգացմանը: Հնդիկներն այս պահին թարգմանչական լայն գործունեություն են սկսել: Օրինակ, Բենգալիայի կոմունիստ-բանաստեղծ վարչապետ Բարտա Չարիան անգլերենից բենգալերեն է թարգմանում Իսահակյանի  «Աբու Լալա-Մահարին», Արեւելյան գիտական ինստիտուտի ղեկավար Հարի Բարշուդեւանը լայնածավալ աշխատություն  է գրում Կիլիկիայի հայերի մասին: Ժամանակին կիլիկյան Հեթում 2-րդ արքան եւս գիրք ուներ հայ-հնդկական առեւտրի վերաբերյալ:  Հնդիկների շրջանում հայերը մեծ հարգանք են վայելում: Հնդիկ ժողովուրդը գիտի, որ իրենց երկրի շատ քաղաքներ հայերն են հիմնադրել: Մ. Սարգսյանը փաստում է, որ հնդիկներն իրենց երկրում առկա հայկական ժառանգությանը հարգանքով են վերաբերվում, հայերն այստեղ գնահատված են, հայագիտությունն  էլ զարգանում է հատկապես Հարավային Հնդկաստանում: Մեր զրուցակցի խոսքով, թուրքական կառավարությունը ջանք չի խնայում, որ 100-ավոր ուսանողներ պատրաստի ու թուրքագիտությունը տարածի հատկապես Հնդկաստանի հյուսիսային՝ մուսուլմանաբնակ շրջաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել