Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ «ամուսնացրել» է Լեւոն Հախվերդյանը»

Հուլիս 06,2010 00:00

Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախմբի հետ տարիների իր կապն այսպես է ներկայացնում ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը:

\"\"
Ե. Ղազանչյանը (ձախից) եւ Տ. Ավետիքյանը՝ թատերախմբի հետ:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հուլիսի 4-ին Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախմբի՝ Պարոնյանի «Շողոքորթը» ներկայացումից հետո հանդիսատեսը ծափողջույններով երկար ժամանակ չէր թողնում ոչ պրոֆեսիոնալ դերասաններին հեռանալ բեմից: 1959թ. մեծանուն Փափազյանի ներկայությամբ ու օրհնությամբ հիմնված այս թատերախումբը, 1972թ. առաջին ելույթից հետո պարբերաբար ներկայացել է հայ թատերասերին: Վերջին անգամ 2004թ. տարբեր մասնագիտությունների տեր, սակայն թատրոնն իրենց կոչումը համարող «դեր ասողները» իրոք ցուցաբերեցին բարձրարվեստ խաղ: Ներկայացման բեմադրիչն է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը: «Առավոտի» ռեպլիկին, թե խորհրդային տարիներին էլ Հայաստանում ունեինք ինքնագործ, սակայն բարձրակարգ թատերախմբեր, ինչպիսին էին Էջմիածնի ժողովրդական թատրոնը…, արձագանքեց Հայ բարեգործական ընդհանուր միության եւ Հայ երիտասարդաց ընկերակցության Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախմբի ատենապետ Տրդատ Ավետիքյանը. «Շուրջ 20 տարի այս թատերախմբի ատենապետն եմ, որի հիմնադրման ու գործունեության գործում մեծ ավանդ ունեն անվանի բեմադրիչներ, դերասաններ, այդ թվում՝ Պերճ Ֆազլյանը, Գրիգոր Սաթամյանը, Վարուժան Խտշյանը եւ այլք: Շուրջ 10 տարի է՝ ինչ թատերախմբի հետ է աշխատում անվանի ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը: Կներեք համարձակությանս համար, սակայն մեր դեպքում տեղին չէ օգտագործել ինքնագործ բառը: Հենց այնպես չէ, որ Բեյրութը համարվում է Սփյուռքի մշակույթի կենտրոն: Պատերազմական շրջանում անգամ ոչ մի օր չի խաթարվել մշակութային կյանքը: Նույնիսկ այն բանից հետո, որ համայնքը 350 հազարից այսօր երեւի թե շուրջ 75 հազար լինի: Մշակութային անցուդարձից տեղյակ՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա եւ նման այլ երկրներ փափազյանցիներիս հյուրախաղերի արձագանքներն են թույլ տալիս այսպես վստահ արտահայտվելու»: Երվանդ Ղազանչյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այս թատերախմբի հետ 11 տարի առաջ ինձ «ամուսնացրել» է անվանի թատերագետ Լեւոն Հախվերդյանը, հորդորելով. «Երվանդ, ռեժիսոր ես, չէ՞, հետն էլ՝ կարգին մարդ… քո օգնության կարիքը կա. գնա եւ աշխատիր: Գնացի, 30 հոգի մարդ էր հավաքված… Հիմա 15-ն են: Հայտնի է, որ քանակը չէ, որ որակ է ապահովում: Այս դեպքի համար չափազանց տեղին է ասված: Ո՞ր մեկին առանձնացնեմ, կոնկրետ «Շողոքորթում» 11-ն են՝ արաբերեն լեզվի ու գրականության դասատու Հովակիմ Քեշիշյանը, դիզայներ Հովիկ Գասարջյանը, տեղի «Ռադիո Սեւանի» հաղորդավար Հարութ Թորոսյանը, մարկեթոլոգ Հարութ Մանուկյանը, ոսկերիչ Սաքո Օհանյանը, ընդհանուր մանկավարժության դասախոս Արփի Ավետիքյանը եւ այլք: Չմոռանամ նշել Երեւանի թատերական ինստիտուտն ավարտած երկու դերասանների անունները՝ Վարյա Բուռնազյան եւ Վարդան Մկրտիչյան: Զարմանալի քաղաք է Բեյրութը, փաստորեն մինչ օրս պատերազմական վիճակ է, սակայն չկա մի շաբաթ, որ մշակութային միջոցառում չլինի…»:
Պարոն Ղազանչյանը նշեց նաեւ, որ փափազյանցիներին ինքը մոտենում է իբրեւ պրոֆեսիոնալ դերասանների, իսկ նրանցից մի քանիսն էլ, շնորհիվ բնատուր ձիրքի, կարող են աշխատել երեւանյան ուզած թատրոնում: Նա հիշեց, որ եղել են ժամանակներ, երբ ինքը գնացել է կուլիսներ՝ հետեւելու Կարպ Խաչվանքյանի ու Ֆրունզիկ Մկրտչյանի խաղին, մեկ անգամ եւս համոզվելու կամ մի նոր բան գտնելու, թե ինչպես է հաջողվում նրանց հանդիսատեսի «քթից բռնած» իրենց ենթարկել: Անդրադառնալով «Փափազյան» թատերախմբին, ռեժիսորն ասաց. «Չեմ չափազանցնում, այստեղ էլ նման 1-2 դերասաններ կան, մյուսներն էլ հիանալի արտիստներ են: Ինչու եմ օգտագործում արտիստ բառը, որովհետեւ դժվար է պատկերացնել աշխատանքային օրվանից հետո գալ ու մինչեւ վերջ նվիրվել բեմին»:
«Վահրամ Փափազյան» թատերախումբը հուլիսի 8-ին «Շողոքորթը» կներկայացնի նաեւ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել