Ըստ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի, ոչ մի ֆինանսների նախարար կինոպրոդյուսերի գրպանը փող չի դնում:
Վերջին շրջանում Հայաստանի ազգային կինոկենտրոնի դերն ու գործունեությունը տարբեր մեկնաբանումներ են ստանում կինոգործիչների շրջանում եւ մամուլում:
«Առավոտը» հանդիպեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի հետ՝ համապատասխան պարզաբանումներ ստանալու: Պարոն Գեւորգյանն ասաց, որ նախկինում մարդիկ դժգոհում էին, թե ֆիլմեր ու մրցանակներ չկան, ժողովուրդը չի տեսնում հայկական ֆիլմերը, հիմա էլ, երբ այդ հարցերը լուծվել են, մեր զրուցակցի ձեւակերպմամբ, սկսել են հետաքրքրվել, թե ինչպե՞ս են գումարները բաշխվում, ի՞նչ սկզբունքով են հայտերն ընդունվում, նույնիսկ այդ թեմայով մի նամակ է ուղարկվել ՀՀ մշակույթի նախարարություն:
Մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստեղծումից հետո նկարահանվող ֆիլմերի քանակը մեծացել է, եթե նախկինում տարեկան 1,5 ֆիլմ էր նկարահանվում, հիմա՝ 7-ը: Կինոկենտրոնի տնօրենը հերքեց այն կարծիքը, թե նկարահանվող ֆիլմերի թվի մեծացումը անդրադառնում է որակի վրա. «Բացարձակ կապ չունի շատ ու քիչ նկարահանելը ֆիլմի որակի հետ: Եթե դրամատուրգիական հիմքը, սցենարը, մտահղացումը կա՝ դրա համար համապատասխան միջավայր ու պայմաններ ենք ստեղծում, գումարներ ենք հայթայթում՝ անկախ նրանից, այդ գումարը պետակա՞ն է, թե՞ 7 կազմակերպությունից տրամադրված: Եթե ֆիլմը մտել է արտադրություն, ուրեմն իր հասանելիք բյուջեն ապահովված է: Ուրիշ խնդիր է, որ հաշվի առնելով մեր բյուջեի սղությունը, ստեղծագործողներն ի սկզբանե սցենարը այնպես են կառուցում, որ մեծ մասսայական տեսարաններ, հսկայական կառույցներ, թանկ գրաֆիկական բաներ չլինեն»:
Կինոկենտրոնի տնօրենը փաստում է, որ այսօր ուշադրության կենտրոնում են նաեւ երիտասարդները, մինչդեռ ԽՍՀՄ-ի ժամանակ ՎԳԻԿ ավարտած երիտասարդը որպեսզի ֆիլմ նկարահաներ, ստիպված էր կինոստուդիայում 4 տարի ասիստենտ աշխատել: Ներկայումս 6 երիտասարդ լիամետրաժ ֆիլմ է նկարահանում՝ Արամ Շահբազյանը՝ «Չնչիկը», Նիկա Շեկը՝ «Իմ խեղճ, սիրելի մայրիկը», Մարիա Սահակյանը՝ «Ալավերդին» եւ այլք: Ինչպես նշեցինք, վերջերս մի խումբ կինոգործիչներ (այդ թվում՝ Արամ Շահբազյան, Մանվել Սարիբեկյան, Արա Մնացականյան) մշակույթի նախարարից հետաքրքրվել էին, թե հայտերն ինչպե՞ս են քննարկվում: Գ. Գեւորգյանը պարզաբանեց, որ ոչ մի հաջող փաթեթ չի մերժվում: Նա փաստեց, որ հաճախ ոմանք ուղիղ վարչապետին կամ նախագահին են իրենց հայտերն ուղարկում, որոնք հետո վերահասցեագրվում են կինոկենտրոնին: «Երբեմն տետրի թղթի վրա գրված սցենար են բերում, մեջն էլ նյութ չի լինում: Կան պրոդյուսերներ էլ, որ ամբողջական փաթեթ են ներկայացնում: Ներկայումս ֆիլմ նկարող երիտասարդներից ոչ մեկը հանձնաժողովում կամ Ազգային կինոկենտրոնում բարեկամ չունի»,- հավաստիացնում է նա: Նաեւ հավելում, որ իրենց ներկայացված նախահաշիվները հիմնականում սխալ են կազմված լինում՝ «Մարդիկ ուղղակի գրում են՝ ռեժիսորին այսքան գումար, սրան՝ այսքան, նրան՝ այսքան: Մինչդեռ սցենարի ամեն մի տողն ու բառը նախահաշվում պիտի հիմնավորվի»: Գ. Գեւորգյանը անդրադարձավ նաեւ տեղական պրոդյուսերների այն դժգոհություններին, թե ինչու գումարը անմիջական իրենց չի տրամադրվում: «Շատերն ասում են, թող պետությունը գումարը մեզ տա՝ նկարենք: Կարծում են՝ պրոդյուսերը նա է, ով պետության գումարը պիտի վերցնի-ծախսի: Իրականում պրոդյուսերը պիտի պետության փողը իրացնելու հետ մեկտեղ, այլ աղբյուրներից էլ գումարներ գտնի: Արտերկրում պրոդյուսերը ֆիլմը սկսելուց առաջ ունենում է ամբողջ գումարը՝ պայմանագրերի տեսքով: Այսօր Հայաստանում ոչ մի բանկ մեր կամ «Մոսկվա» կինոթատրոնի թղթով ոչ մի պրոդյուսերի ֆիլմ նկարահանելու գումար չի տա, դրա համար էլ պրոդյուսեր ասվածը մեզ մոտ մի քիչ հարաբերական է: Աշխարհում չկա երկիր, որտեղ ֆինանսների նախարարը փողը դնում է պրոդյուսերի գրպանը, դա արվում է միայն իր կառույցի միջոցով: Հայաստանում էլ պետական այդ կառույցը, որը իրավասու է վերահսկելու պետության տված միջոցները, Հայաստանի ազգային կինոկենտրոնն է»:
Կինոկենտրոնի գործունեության մեջ չնչին տոկոս է կազմում կինոարտադրությունը, ինչը վերաբերում է միայն դեբյուտային եւ մանկական ֆիլմերին: Ընդհանրապես այն կինոքաղաքականությամբ է զբաղվում:
Անդրադարձ եղավ նաեւ այն դժգոհություններին, թե բոլոր երկրներում մեկ հանձնաժողովով է ֆիլմը անցնում, Հայաստանում՝ 2: Ընդ որում, մեկը կինոկենտրոնի հանձնաժողովն է՝ բաղկացած անվանի արվեստագետներից (Պերճ Զեյթունցյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ռուբեն Հովսեփյան եւ ուրիշներ), մյուսը մշակույթի նախարարության հանձնաժողովն է, որտեղ «Շարմի» տնօրեն Ռուբեն Ջաղինյանն է, «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտին Ադոյանը, չինովնիկներ: Գ. Գեւորգյանն ասաց, թե չի եղել դեպք, երբ իրենց հանձնաժողովի կայացրած որոշումը «բեկանվել» է նախարարության հանձնաժողովի կողմից: Նա դեմ չէ, որ իրենց հանձնաժողովի կազմը մի քանի տարին մեկ թարմացվի, այս պահին, ֆինանսական պատճառներից ելնելով, անիրատեսական է համարում այլ երկրներից անկախ մասնագետներ հրավիրելը: