Սփյուռքում էլ հրաժարվում են հայերեն խոսել
«Նախկինում հայկական վարժարաններին տրամադրվում էին հայերեն գրքեր, նյութեր, բայց ատոնք կամաց-կամաց անհետացան, կնշանակե, որ կյանքի բառապաշարը սկսավ պակսիլ, ու հիմա դպրոցի պստիկներուն հարցուր՝ ի՞նչ է զուգահեռականը, միջօրեականը, չեն գիտեր: Սփյուռքին պետք է նոր դասագիրք մը, ոչ թե ինչ-որ հեղինակներեն առնելով, այլ լեզուն սորվցնող նոր գիրք մը»,- «Առավոտի» հետ զրույցում ասում էր ֆրանսաբնակ հայագետ Հակոբ Պալյանը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հուլիսի 3-5-ը Ծաղկաձորում Սփյուռքի նախարարության կազմակերպած «Արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համաժողովին: Նրա խոսքով, սփյուռքահայերը արտերկրում շատ արագ են մերվում տեղական մշակույթին ու լեզվին, ինչի արդյունքում արեւմտահայերենը մշտապես վտանգի տակ է. «Սփյուռքահայը զգացական հայրենասեր մըն է, Հայաստանեն եկողին հետ անպայման արեւելահայերեն խոսիլ կուզի, կապվիլ ատոր հետ եւ արդյունքում կսկսի սխալ արեւմտահայերենով խոսիլ: Սփյուռքում լավ հայագետ ուսուցիչների պակաս կա, մեկը, որ իբր թե հայերեն գիտե, կսկսի հայերեն դասավանդել, բայց պստիկը բան մը որ սխալ կսորվի, ատիկա հանել անոր մտքից գրեթե անհնար է»: Պարոն Պալյանին մտահոգում է նաեւ այն, որ հայերն առաջվա պես համախմբված չեն. «Առանձին կապրին, օտարների հետ կամուսնանան, կթողնին, կհեռանան ընտանիքներեն»: Մեր այն դիտարկմանը, թե Սփյուռքում ձուլման վտանգը գնալով մեծանում է, պարոն Պալյանը հակադարձեց. «Դրա համա՞ր Հայաստանում պիտի օտար վարժարաններ բանան, օտար լեզո՞ւն սորվցնել կուզին… Թող հատկացումներ ընեն ու հայկական դպրոցում զորացնեն օտար լեզվի ուսուցումը, ո՞ւր է ազգային ինքնությունը, չէ՞ որ լեզուն մեր ազգային ինքնության հիմնաքարն է, ազգը, հայրենիքը, միայն բիզնես չէ, ուրիշ բան է, այդ ուրիշ բանը այսօր բացակայում է»: Արգենտինահայ լեզվաբան Պետրոս Հաջյանն էլ, ով համաժողովի միակ մասնակիցն էր, ում վաստակաշատ գործունեությունն արժանացավ «Մովսես Խորենացի» մեդալի, մեզ ասաց. «Արեւմտահայերենը հիմա տագնապի մեջ է, որովհետեւ, դժբախտաբար, մեր ժողովուրդը ինքը կհրաժարի իր լեզվեն, փաստացի իրականությունն ասիկա է, ոչ մեկ երկրի մեջ հայերենը կամ արեւմտահայերենը հալածված չէ, ոչ մի երկրի մեջ հայերի ինքնությունը արգիլված չէ, եւ ո՞վ է, որ հայերեն չի խոսիր՝ մեր ժողովուրդը: Սփյուռքին հայ աշակերտության նվազագույն տոկոսը միայն մեր դպրոցներ կհաճախին, հայ ժողովուրդը լքում է իր լեզուն»: Նա նաեւ փաստեց, որ գրեթե չեն կազմակեպվում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ. «Ո՞ր երիտասարդն է հիմա ցանկանում հայերենի ուսուցիչ ըլլալ, նրանք հետաքրքրված չեն այդ մասնագիտությամբ, նրանց փող բերող մասնագիտություններն են գրավում»:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով էլ, արտերկրում բնակվող 7 միլիոն հայերից 5 միլիոնը խոսում է արեւելահայերեն, 2 միլիոնը՝ արեւմտահայերեն, բայց նրանցից քչերն են նախընտրում հայկական դպրոցներում ուսանել, չնայած աշխարհում կա մոտ 1200 դպրոց: Թեեւ համաժողովը, ըստ օրակարգի, պետք է սկսվեր հուլիսի 3-ին, առավոտյան ժամը 10-ին, սակայն ժ. 10.30-ին մասնակիցները դեռ Երեւանում էին: Տպավորություն ստացանք, որ լրագրողներիս տարել են Ծաղկաձոր՝ միայն կազմակերպիչների բացման խոսքը լսելու, որովհետեւ ժ. 11.30-ին Ծաղկաձոր հասանք, ժ. 13-ին էլ մեզ Երեւան բերեցին: Ի դեպ, երեկ էլ առաջարկում էին խորհրդաժողովի փակումը լուսաբանել, իսկ բուն ընթա՞ցքը: Ավելի հարմար չէ՞ր լինի, լրագրողներին մի քանի ժամ ավելի պահել Ծաղկաձորում, քան երկու անգամ կարճ ժամկետով տանել ու բերել: Ի դեպ, սա միակ միջոցառումը չէ, որ ՀՀ Սփյուռքի նախարարությունը, մեղմ ասած, վատ է կազմակերպում: