Միասնական քննությունների լրացուցիչ փուլին մասնակցող դիմորդների մեծամասնությունը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա դիմած ու «քաշված» դիմորդներն են:
Հուլիսի 3-ից մեկնարկեց միասնական քննությունների լրացուցիչ փուլը: Դիմորդները քննություն հանձնեցին ֆիզիկա, իսկ հաջորդ օրը՝ հայոց լեզու եւ գրականություն առարկաներից: Նկատենք, որ չնայած դիմորդներն ու ծնողները բավականին մեծ աղմուկ բարձրացրին հայոց լեզու եւ գրականություն առարկայի՝ արդյունքների ցածր լինելու եւ թեստերի բարդության համար, սակայն հիմնական փուլում ֆիզիկայի միջին միավորն ավելի ցածր էր (10,5), քան հայոց լեզու եւ գրականությանը (11,4): Ֆիզիկա առարկայից բացակաների թիվը հիմնական փուլում 231 էր, իսկ լրացուցիչ փուլով քննություն էր հանձնում 200 դիմորդ: Նրանց շարքում են բանակից զորացրվածները, Սփյուռքի դիմորդները, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ դիմած, բժշկի տեղեկանք ներկայացրած եւ լրացուցիչ փուլին մասնակցելու թույլտվություն ունեցող անձինք:
«Առավոտի» հետ զրույցում դիմորդների մի մասը ներկայացրեց, թե ինչ պատճառով է մասնակցում լրացուցիչ փուլին: Էջմիածնից Անդրանիկ Վանաբանյանն ասաց. «Առողջական խնդիրներ ունեի, դրա համար էլ հայտն ուշացրի, ուստի հիմա եմ քննություն հանձնում»: Վարդանն էլ դիմել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, բայց օրենքի հանկարծակի փոփոխության պատճառով այժմ ստիպված է դիմել այլ բուհ, քանի որ բանակում դեռ չի ծառայել, ուստի չի կարող ընդունվել ռազմական ինստիտուտ: Մարիամն էլ ասաց. «Ցանկանում եմ դառնալ ֆիզիկայի մանկավարժ, սակայն հայտ հիմնական փուլում չեմ լրացրել, քանի որ ծնողներս դեմ էին: Այժմ կարողացել եմ համոզել նրանց, դրա համար էլ լրացուցիչ փուլով եմ դիմել»: Ախալքալաքից ժամանած Արմենն էլ նշեց. «Այնտեղ ինֆորմացիան շատ ուշ է տեղ հասնում, այդ առումով մեր գործը դժվար է»:
ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ թեստերին. «Լրացուցիչ փուլի հարցաշարերը պիտի լինեն համարժեք»: Այն հարցին, թե հնարավո՞ր է հիմնական փուլում «կտրված» դիմորդները մասնակցեն լրացուցիչ փուլին, Գ. Խաչատրյանը պատասխանեց. «Այդպիսի դեպք ինձ ծանոթ չէ: Կարող է մայրն է մահացել, բարեկամ է կորցրել, եթե դիմորդն այդպիսի ծանր դեպքերի պատճառով է կտրվել, կամ չի մասնակցել քննությանը, մենք մտածում ենք, որ կարելի է ընդառաջել, միեւնույն է, իրավիճակը լրիվ նույնն է լինելու, ինչքան գիտի դիմորդը, այնքանի էլ գրելու է»: Հետաքրքրվեցինք՝ բուհերի անցողիկ շեմն արդեն ուրվագծվո՞ւմ է: Պարոն Խաչատրյանն ասաց. «Դա այդքան հեշտ չէ հաշվարկել: Դեռ ժամանակ է պետք: Սակայն որոշ մասնագիտությունների գծով կարծես թե մեկ-երկու միավորի իջեցում կա. մասնավորապես՝ տնտեսագիտության, իրավաբանության գծով: Իսկ շեմի բարձրացում չի լինի: Չեմ կարծում, որ լրացուցիչ փուլը շատ բան կփոխի, քանի որ կոնտինգենտն այնպիսին է սովորաբար լինում, որ բարձր արդյունքներ չեն գրանցվում»:
Ծնողների հետ զրույցում պարզեցինք, որ «վիրավորված են պետությունից»: Պատճառը ապրիլի վերջին օրենքի փոփոխությունն էր, որի համաձայն՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ կարող են ընդունվել միայն զիվորական ծառայություն անցած անձինք: Արդյունքում այժմ շուրջ 2500 դիմորդ կանգնել է փաստի առաջ: Բանակում ծառայած չլինելու պատճառով հանպատրաստից նրանք դիմում են այլ բուհեր: Ծնող Արտակ Շաբոյանը վրդովվեց. «Ինչի՞ց գոհ լինենք, որ բերեցին այս օ՞րը հասցրին մեր երեխաներին: Այժմ փրփուրներից ենք կախված. մեր երեխաները պարապել են հայոց պատմություն, հայոց լեզու, բայց ստիպված են ֆիզիկա հանձնել»: Աննա Թադեւոսյանն էլ նշեց. «Սա մարդու, կրթության իրավունքների ոտնահարում է: Հասել ենք մինչեւ ԱԺ, խոսել Գալուստ Սահակյանի հետ, նա էլ խոստացավ օգնել, ասաց, ձեր երեխաները քննություն կտան, կընդունվեն, հետո բանակ կգնան, բայց խոստումը չկատարեց: Ախր ես 2000 դոլար փող եմ ծախսել, երկու տարի երեխային հայոց պատմություն պարապել տվել, որ այժմ գա 1-2 ամիս պարապելուց հետո ֆիզիկա՞ հանձնի, որ գոնե մի տեղ ընդունվի, սովորի: Գոնե ընդառաջեին, երրորդ առարկան մեր պարապածներից մեկը հանձներ, դա էլ չեղավ»:
Հայերենի լրացուցիչ քննության օրը եւս ծնողների դժգոհության շրջանակը նույնն էր: Իսկ դիմորդները երեւի այնքան հուզված էին, որ նրանցից մեկը մինչ քննության մեկնարկը հերթապահներից մեկին խնդրեց թույլ տալ միջանցքում ծխել, հետո մտնել քննության: