ՀՀ ոստիկանությունը օրեր առաջ հաղորդագրություն էր տարածել, թե «հունիսի 27-ին, ժամը 12.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնի տարբեր մասերում ստացած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել 1971 թ. ծնված Արթուր Հ.-ն, 1971 թ. ծնված Սամվել Հ.-ն եւ 1993 թ. ծնված Արմեն Հ.-ն: Նրանք իրավապահներին հայտարարել են, որ վնասվածքները ստացել են տան բակում ընկնելու հետեւանքով: Պարզվել է, որ հունիսի 28-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Զվարթնոց թաղամասի վերջնամասում գտնվող սեփականաշնորհված հողատարածքում, ոռոգման ջրի հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, վերը նշված անձանց ծեծի է ենթարկել 1957 թ. ծնված Ռաֆայել Մ.-ն: Կատարվում է հետաքննություն»:
Ոստիկանության տարածած այս հաղորդագրությունը զարմացրել է «Մուսալեռ» ջրօգտագործող ընկերության նախագահ Գալուստ Խաչիկյանին: Վերջինս թերթերից է տեղեկացել, որ Զվարթնոցի սեփականաշնորհված հողամասերի իր սպասարկած տարածքում նման միջադեպ է տեղի ունեցել, այն էլ՝ ոռոգման ջրի պատճառով: «Մուսալեռի» ղեկավարի հավաստմամբ՝ հունիսի 27-ին իրենց ջրանցքներում նույնիսկ ջուր չեն ունեցել, որ վեճի առիթ դարձած լիներ. «Այդ օրը բնակիչներից նույնիսկ հայտ չենք ունեցել, հետեւապես՝ չենք էլ սպասարկել»:
Հաղորդագրությանը ծանոթանալուց անմիջապես հետո Գալուստ Խաչիկյանը զանգել է տվյալ տարածքը սպասարկող ջրբաժանին՝ նրա միջոցով դեպքի մանրամասներին տեղեկանալու համար, բայց ջրբաժանն էլ է անտեղյակ եղել միջադեպին. «Ես կզարմանամ, եթե մեր տարածքի բնակիչները ոռոգման ջրի խնդիր բարձրացնեն, էլ ո՞ւր մնաց, թե՝ վիճեն: Մենք այնքան ջուր ունենք, որ բոլորին բավարարում է: Կզարմանաք, բայց մարդիկ նույնիսկ օրերով ոռոգման հայտ չեն ներկայացնում»:
Գալուստ Խաչիկյանը չի բացառում, որ վիճաբանողները կոծկում են վեճի իրական պատճառը: