Լրահոս
Օրվա լրահոսը

Փեսայի վարկի պատճառով զրկվեցին տնից

Հուլիս 06,2010 00:00

Թե ինչ եղավ, երբ տապալվեց  ձնկաբուծարան հիմնելու ծրագիրը

\"\"
Սուսաննա Վանեսյանը եւ նրա ամուսինը այժմ տուն չունեն:

Բերդում բնակվող Ուդումյանների ընտանիքը զրկվեց քաղաքի կենտրոնում, Մաշտոցի փողոցի 21 շենքի թիվ 38 բնակարանից, որը 74.58 քառակուսի մետր մակերես ունի: Դրա սեփականության իրավունքի վկայականը Անշարժ գույքի կադաստրի Բերդի տարածքային ստորաբաժանումը տրամադրել է 2005թ. հոկտեմբերի 30-ին: Բնակարանի սեփականատեր է ճանաչվել ընտանիքի հայրը՝ 55-ամյա Արամայիս Ուդումյանը: Նրա հետ նույն հարկի ներքո բնակվում են կինը՝ 53-ամյա Սուսաննա Վանեսյանը, եւ դեռեւս չամուսնացած դուստրը՝ 19-ամյա Անին: Ընտանիքի 2 աղջիկները ամուսնանալուց հետո բնակվում են Վերին Կարմիրաղբյուր գյուղում եւ Բերդ քաղաքում: Ընտանիքի 4 աղջիկներից ավագը՝ 30-ամյա Լուսինեն, հարս է գնացել սահմանամերձ Չորաթան գյուղ, ունի 4 երեխա: Լուսինեի ամուսինը՝ 32-ամյա Գագիկը, 2008թ. օգոստոսի 1-ին տարեկան 16 տոկոսով գյուղատնտեսական կարճաժամկետ վարկ է վերցրել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» Բերդի մասնաճյուղից: Վարկի ձեւակերպման ժամանակ ամուսինները՝ Արամայիսն ու Սուսաննան, հանդես են եկել որպես վարկի երաշխավոր, նրանց բնակարանը գրավադրվել է: Փեսան՝ Գագիկը, պարտաճանաչ վարկառու է եղել, սակայն հետո նրա բիզնեսը ձախողվել է, եւ չի կարողացել վարկի մնացած մասը մարել: Մեր տեղեկություններով՝ ձկնաբուծարան ունենալու ծրագիրն անհաջողության է մատնվել: Դրան հավելվել են առողջական խնդիրները, Գագիկը վիրահատության է ենթարկվել:
Դեռեւս 2009թ. օգոստոսի 26-ին բանկը նրան գրավոր զգուշացրել է, որ վերջինս 23 օր ուշացրել է վարկի մարումը, եւ բանկը ստիպված կլինի դատարան դիմել: 2010թ. մարտի 17-ին արդեն Ուդումյանների ընտանիքն է բանկից հիշեցում ստացել: Բանկի մասնաճյուղի տնօրինությունը հայտնել է, որ նրանց երաշխավորությամբ Գագիկին տրված գյուղատնտեսական կարճաժամկետ վարկի հերթական մարումը 45 օր առաջ պետք է արվեր, որ ժամկետանց պարտավորության գումարը այդ օրվա դրությամբ կազմում է 1572 դոլարին համարժեք դրամ: Բանկը Ուդումյաններին զգուշացրել է, որ մինչեւ մարտի 19-ը այդ գումարը չվճարելու դեպքում ստիպված կլինեն վարկի մարումից մնացած ողջ պարտքը՝ 2802 դոլարը, հետ պահանջել ու դիմել դատարան՝ պահանջելով պարտքից զատ վճարել նաեւ տույժեր: Բանկի տնօրինությունը պարտքի մարման ժամկետը երկարաձգել է մինչեւ ապրիլի 2-ը: Գագիկ Ուդումյանի աներն ու զոքանչը չէին կարող վարկը մարելու համար նրան գումարով օգնել, քանի որ կարիքավոր են. Արամայիսը ջեռուցման սեզոնին, 5 ամսով, ամսական 29 հազար դրամով քաղաքի դպրոցներից մեկում հնոցապան է աշխատում, կինը՝ էլցանցում 37 հազար դրամ աշխատավարձով հավաքարար է: Արամայիսը մեզ հետ զրույցում ասաց, որ իր աղջկան օգնելու համար համաձայնել է գրավադրել իր տունը, ուր ապրում էր շուրջ 40 տարի: Ինչեւէ, ապրիլի 4-ին Ուդումյանները ստիպված են եղել 18 հազար դոլարով վաճառել իրենց 3 սենյականոց բնակարանը եւ մարել վարկը: Նրանք առայժմ ապրում են Բերդում, ուրիշի հարկի ներքո, խոնավ պայմաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել