Լրահոս
Օրվա լրահոսը

«1-03»-Ը ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Հուլիս 06,2010 00:00

Լոռու մարզկենտրոն Վանաձորում բազմաթիվ են «շտապօգնության» աշխատանքին խոչընդոտող իրողությունները:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Վանաձորում «շտապբուժօգնության» զանգերը հարյուրով ավելացել են: Դրանց մի մասը անհիմն, անտեղի զանգերն են, որոնց հասցեատերը «շտապօգնությունը» չէ, բայց բնակիչները դիմում են հենց «1-03» ծառայությանը՝ կամ անիրազեկության պատճառով, կամ սոցիալական խնդիրներից ելնելով:
Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրի «շտապբուժօգնության» բաժանմունքի վարիչ Արշակ Վարդանյանը մեզ հետ զրույցի սկզբում հատուկ Վանաձորի եւ շրջակա 9 գյուղերի (Գուգարք, Շահումյան, Արջուտ, Լեռնապատ, Ազնվաձոր, Բազում, Փամբակ, Քարաբերդ, Հալլավար) բնակչության համար հայտարարեց. «Շտապօգնությունը» տաքսի ծառայություն չէ, երբեմն գնում ես եւ տեսնում, որ «հիվանդը» անհետաձգելի բուժօգնության կարիք չունի, այլ հագած, փողկապը կապած, թաղամասային բժշկի ուղեգիրը ձեռքին, իր իրերով սպասում է, որ մենք հասցնենք հիվանդանոց: Նման զանգերը մեկ նպատակ ունեն՝ հատկապես ծայրամասային թաղամասերից եւ մերձակա գյուղերից առանց գումար ծախսելու տեղափոխվել հիվանդանոց»:
Պատահում է, որ «1-03»-ի բժիշկները «հիվանդին» թողնում են եւ շտապում իսկապես անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողի մոտ: Բայց այս դեպքում բողոքներ են լինում: «Շտապօգնությունը» չի կարող անարձագանք թողնել «հիվանդը մեռնում է» ահազանգը: «Երբեմն վախենում ես, մտածում ես՝ իրո՞ք արտակարգ իրավիճակ է, գնում ես, ու պարզվում է, որ անհույս վիճակ չէ, պետք է ինչ-որ մեկի հիվանդանոց տեղափոխվելու ցանկությունը բավարարես»,- ասաց Արշակ Վարդանյանը:
Երկրորդ խնդիրը, որ խոչընդոտում է «շտապբուժօգնության» աշխատանքը՝ արդեն մահացած մարդու համար «շտապօգնության» կանչ գրանցելն է: Արշակ Վարդանյանը տեղեկացնում է՝ «Շտապօգնությունը» մահվան տեղեկանք տվող ծառայություն չէ»:
Վանաձորն ու մերձակա 9 գյուղերը ընդամենը չորս մեքենա է սպասարկում, իսկ Վանաձորի մի շարք փողոցներ, բազմաբնակարան շենքեր ու տների հասցեները հստակ չեն, տարեցտարի էլ «շտապօգնությանը» դիմավորելու քաղաքավարությունը մարում է: Երկու դեպքում էլ տուժում է հիվանդը:
Ինչպես ողջ Հայաստանում, Վանաձորում էլ 88-90-ականներից մի շարք փողոցներ վերանվանվեցին: Հին անուններով ցուցանակները պոկվեցին, իսկ նորերն այդպես էլ չփակցվեցին: Բնակչության մի մասը դեռեւս հին անունն է օգտագործում, իսկ մի մասը միայն նոր անուններին է տիրապետում: Օրինակ, Տարոն թաղամասի փողոցները դեռեւս շինարարական անուններն են կրում, բայց ոչ մի շենքի կամ փողոցի վրա դրանք գրված չեն: Փողոցների անվանումների բացակությունը եւ ավելի ժամանակ է խլում «շտապօգնությունից», եւ դժվարին վիճակի մեջ գցում բուժանձնակազմին: «Շտապբուժօգնության» անձնակազմը տարիներ առաջ այս հարցով դիմել է Վանաձորի քաղաքապետարան, սակայն քաղաքապետարանից պատասխանել են, թե դա մեծ ծախսերի հետ է կապված. «Այս տարի նախատեսել էինք համայնքի բյուջեից առանձնացնել 3 միլիոն դրամ եւ 5-6 փողոցի հարց լուծել, բայց առայժմ դրա համար գումար հնարավոր չէ տրամադրել»,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Տիգրան Պապանյանը:
Եթե փողոցների անունները մի կերպ հնարավոր է հիշել կամ գտնել գործակարգավարի միջոցով, ապա առանձնատների ու բազմաբնակարան շենքերի համարները վերջին տարիներին կառուցված տների ու խանութների մեջ դժվար է գտնել: «Պատահում է, որ մի համարի տակ մի քանի տուն է գտնվում, իսկ գիշերը ոչ մեկին չես կարող հարցնել՝ այսինչ համարի տունը խաչմերուկից վերե՞ւ է, թե՝ ներքեւ»,- ասում է «շտապօգնության» ավագ բուժքույր Ռուզաննա Աստոյանը: Նա առաջարկում է բնակիչներին՝ կավիճով կամ ներկով գրել իրենց հասցեն կամ գոնե տան ու շենքի համարը: Կամ խաչմերուկներում գրել մի քանի համար, որպեսզի օգնության շտապող բուժանձնակազմի համար կողմնորոշվելը հեշտ լինի: Շենքերի ու տների համարները՝ օգնության սպասող հիվանդին գտնելը էլ ավելի բարդ է հատկապես օրվա մութ ժամերին՝ քանզի համարների բացակայությանը ու բազմաբնակարան շենքերի չաշխատող վերելակներին գումարվում են կիսալուսավորված փողոցները, լրիվ մութ շքամուտքերը: Մնում է ապավինել լապտերին: Երբեմն բուժաշխատողը ստիպված է մութ աստիճանավանդակով 9-րդ հարկ բարձրանալ՝ ենթարկվելով շքամուտքերում պատսպարված թափառող կենդանիների հարձակման զոհը դառնալու վտանգին: Լինում են օրեր, երբ նույն բուժանձնակազմը օրվա ընթացքում մի քանի անգամ ոտքով ստիպված բարձր հարկեր է բարձրանում: Ավելի դժվար է, երբ երկու կին` բժիշկն ու բուժքույրը, պատգարակով իջեցնում են հիվանդին, միշտ չէ, որ կարող ես հարեւանին օգնության կանչել:
«Շտապօգնության» աշխատանքը դժվարացնող հերթական գործոնը կիսավեր ու խարխլված փողոցներն են: Վանաձորի թիվ 2 (սրտաբանական) եւ ինֆեկցիոն հիվանդանոցները քաղաքի բարձրադիր թաղամասերում են: Ձմռանը փողոցներն անանցանելի կամ գրեթե անանցանելի են դառնում, եւ բուժանձնակազմը հիվանդին պատգարակով է հասցնում մինչեւ հիվանդանոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել