Դատախազությունը բողոքարկել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավճիռը եւ միջնորդել ավելի խիստ պատիժ սահմանել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 5 աշխատակիցների համար: Դատախազության գնահատմամբ՝ 2,5 տարին բավարար պատիժ չէ ՔԿՀ-ի այն աշխատակիցների համար, որոնց անփույթ աշխատանքի հետեւանքով սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանն ու Սողոմոն Քոչարյանը կարողացել էին դիմել փախուստի:
Նախաքննությամբ պարզվել էր, որ ցմահ դատապարտվածներն իրենց փախուստը ծրագրել էին դեռեւս 2009թ. ամռանը, իսկ այդ մտադրությունն իրագործելու նպատակով, ՀՀ ԱՆ ՔԿՎ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի տնտեսմասի դատապարտյալ Կիմ Հայրապետյանից ձեռք են բերել սղոցի կտորներ եւ 3-4 ամիս կտրել են ՔԿՀ թիվ 1 զբոսախցի տանիքի մետաղյա ճաղավանդակը։ Բացի այդ, խցում ունենալով բազմաթիվ քանակության եւ տեսակի թելեր, տեւական ժամանակ մնալով առանց հսկողության, գործելու եղանակով պատրաստել են 9, 5 եւ 2 մետր երկարությամբ պարաններ, որոնց գործադրմամբ 2009թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 17-ի սահմաններում, հիշյալ ՔԿ հիմնարկի թիվ 1 զբոսախցի տանիքի ճաղավանդակի կտրված հատվածի միջով անցնելով, պարանների եւ մեկուսիչի օգտագործմամբ, անցել են ահազանգման համակարգի եւ արտաքին քողարկող պատի վրայով ու ազատազրկման վայրից դիմել փախուստի։
Հիշեցնենք, որ փախուստի դիմած դատապարտյալները հայտնաբերվել են 2009թ. դեկտեմբերի 18-ին. Երեւան քաղաքի Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկից հայտնաբերվել է Մհեր Ենոքյանը, իսկ Արագածոտնի մարզի Մուղնի գյուղից՝ Սողոմոն Քոչարյանը։ Ցմահ դատապարտված անձանց՝ Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարյանի՝ ազատազրկման վայրից փախուստը հաջողվել է ՀՀ ԱՆ ՔԿՎ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի աշխատակիցներ Աղասի Սմբատյանի, Սերժիկ Թամրազյանի, Սեդրակ Արթենյանի, Արա Աթաբեկյանի եւ Վանիկ Հարությունյանի կողմից դատապարտվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգի, ինչպես նաեւ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի 2009թ. նոյեմբերի 9-ի թիվ 43-Լ ամրակցման հրամանի պահանջները խախտելու եւ չկատարելու հետեւանքով։
Նախաքննական մարմինը պարզել էր, որ դեռեւս 2009 թ. հոկտեմբերին նշված հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահպանության բաժնի պետ Սերժիկ Թամրազյանը հիմնարկի պետից տեղեկացված է եղել հիշյալ ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման ձեւով պատիժը կրող դատապարտյալ Մհեր Ենոքյանի կողմից նախապատրաստվող փախուստի մասին, սակայն միջոցներ չի ձեռնարկել, հսկողությունը չի ուժեղացրել, իրենց աշխատանքների նկատմամբ անփույթ են գտնվել նաեւ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետ Սեդրակ Արթենյանը, ցերեկային հերթափոխի ավագ Աղասի Սմբատյանը, հերթափոխի աշխատակից Վանիկ Հարությունյանը եւ Արա Աթաբեկյանը, որի հետեւանքով դատապարտյալները նախ կարողացել են գործել ինքնաշեն պարաններ, կտրել զբոսախցի ճաղավանդակը, այնտեղ տեղափոխել պատրաստած պարաններն ու ամսագրերից պատրաստած մեկուսիչն ու դիմել փախուստի:
Կարդացեք նաև
Դատարանը վերը թվարկված աշխատակիցներին հանցավոր ճանաչելով՝ անփութության համար դատապարտել է 2,5 տարվա ազատազրկման, իսկ դատախազությունը կարծում է, որ դա մեղմ պատիժ է եւ այն պետք է ավելի խստացնել՝ թերեւս այդպիսով փորձելով սթափեցնել քրեակատարողական հիմնարկներին՝ լինել ավելի զգոն: