Քոբուլեթիի հիվանդանոցում ինչ է թե տուրիստների համար բուժօգնությունն անվճար է՝ անգամ ոտքը փուշ մտնելիս վազում են հիվանդանոց
Ամեն ամառ Վրաստանի Քոբուլեթի քաղաքը հայ զբոսաշրջիկների պակաս չի ունենում: Տեղացիները պատմում են, որ արդեն հունիսի կեսերից Քոբուլեթին աննախադեպ հայաշատ է լինում. «Տարիներ առաջ, երբ ռուս-վրացական սահմանը բաց էր, ռուս զբոսաշրջիկներն էին այստեղ գերակշռում, գուցե դա էր պատճառը, որ հայեր մեզ քիչ էին այցելում կամ էլ նրանք ավելի են հարստացել, չգիտեմ, բայց վերջին տարիներին հայ զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է: Հունիսի կեսերից մինչեւ սեպտեմբերի կեսերը այստեղ հայերը վրացիներից շատ են լինում, ինչ ենք անելու առանց հայերի»»:
Արդեն 2 տարի Քոբուլեթի եւ Ուռեկի քաղաքների խաչմերուկում գործում է անվճար հիվանդանոց: Եվրոպական ստանդարտներին համապատասխան հիվանդանոցում անվճար բուժսպասարկումը նախատեսված է ոչ միայն տեղացիների, այլեւ արտերկրի զբոսաշրջիկների համար: Սա մեծահարուստ ֆրանսաբնակ վրացու նախաձեռնությունն է: Հիվանդանոցում էլ աշխատում են Թբիլիսիի փորձառու բժիշկները: Ամռան ամիսներին վրացիներից առավել հիվանդանոց հաճախում են հայերը: Հիվանդանոցում կարգուկանոնը պահպանվում է ամենայն խստությամբ՝ բժշկին ներկայանում է միայն հիվանդը ու միայն այն ժամանակ, եթե իր հերթն է հասել: Հայերի համար խաղի կանոններն այլ են: Ինչպես Հայաստանում, այնտեղ էլ նրանց նյարդայնացնում է հերթ կանգնելը, այդ պատճառով էլ նրանք դիմում են ճարպիկ հնարքների: Նույնիսկ չափահաս հիվանդի հետ բժշկին են ներկայանում ամբողջ ցեղով: Հայերը մեծ սիրով ու ճշգրտությամբ են այցելում այս հիվանդանոց: Եթե Հայաստանում ընդունված է, որ հիվանդը բժշկի է դիմում՝ այն ժամանակ միայն, երբ դանակը ոսկորին է հասնում, ապա Քոբուլեթիում հիվանդանոց դիմում են, երբ ոտքը նույնիսկ փուշ է մտնում, գալիս են անբնական տնքոցներով ու ծանր հիվանդի տեսքով:
Բժիշկների պատմելով, հայերը գալիս են թե՛ Ուռեկիից, թե՛ Քոբուլեթիից, թե՛ հարակից քաղաքներից, նույնիսկ հեռավոր Ախալքալաքից ու Ախալցխայից: «Չգիտեմ, նրանց մեր բուժսպասարկո՞ւմն է այդքան դուր եկել, թե՞ անվճար լինելու հանգամանքն է նպաստում»,-զարմանում են տեղացիները: Նրանցից մեկի՝ տիկին Մարիի խոսքերով՝ վրացիներն էլ մեծ կարծիք ունեն հայ բժիշկների մասին. «Երեւանցի բժիշկները լավ մասնագետներ են, բայց փող շատ են սիրում: Հարեւանս քաղցկեղով հիվանդ էր, վրացի բժիշկներն ասել էին՝ 5 տարվա կյանք ունի ու նաեւ, թե վիրահատությունը խստիվ արգելվում է: Չհավատաց վրացի բժիշկներին, անցած տարի 5 «Մերսեդեսով» հասավ Երեւան, այնտեղ միանգամից տարան վիրահատարան, եկավ ու 3 օր հետո մեռավ»: Սակայն տիկին Մարին ո՛չ վրացի, ո՛չ էլ այլազգի բժիշկներին չի հավատում, ջերմեռանդորեն հավատում է, որ Աստված ում ինչքան կյանք է տվել, այնքան էլ կապրի. «Դեղերը սուտ են, վերջ»: