Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տուբերկուլյոզն ու համավճարը

Հուլիս 06,2010 00:00

Ըստ լրագրողների՝ առաջինի դեմ պայքարը նորմալ է, երկրորդի ներդրումը՝ վատ

Պետպատվերով բուժվողներին մոտ 10 օրից «անակնկալ է» սպասվում: Համավճարի ծրագրով նախատեսվում է կրճատել անվճար բուժվողների թիվը, այսինքն՝ նրանք, ովքեր մինչ օրս անվճար բուժօգնություն էին ստանում, այսուհետեւ բուժսպասարկման «հոգսը» կիսելու են պետության հետ:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բուժօգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանի խոսքերով՝ «Այդ մասնաբաժինը հիվանդը միշտ էլ վճարել է՝ որոշակի գումար մտցնելով կրտսեր բուժաշխատողից մինչեւ ամենաավագի գրպանը»: Համավճարը ներդնելուց հետո, այդ գումարներն այլեւս բժշկի գրպանը չեն գնա, այլ՝ հիվանդանոցի բյուջե:
Հուլիսի 3-4-ը առողջապահության նախարարությունը Ծաղկաձորում մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների համար սեմինար էր կազմակերպել, որտեղ էլ ներկայացվեց, թե ինչ է իրենից ներկայացնում համավճարը: Որքան էլ նախարարության ներկայացուցիչները փորձում էին լրագրողներին համոզել, որ համավճարը լավագույն պայքարն է բուժհիմնարկներում գոյություն ունեցող ստվերի դեմ, միեւնույն է, լրագրողներն այն կարծիքին էին, որ դա ավելի շատ օգնություն է բժիշկներին, քան հասարակ քաղաքացուն:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանի ներկայացմամբ՝ համավճարն այն համակարգն է, որի շնորհիվ բժիշկները «լեւի» գումար չեն վերցնի, փողի հետ գործ չեն ունենա, այլ ընդամենն իրենց մասնագիտական գործով կզբաղվեն ու նրանց էլ կաշառակեր չեն անվանի: Համավճարի ներդրման դեպքում բուժաշխատողների աշխատավարձը բավականին բարձրանալու է:
Եթե այսօր 0-7 տարեկաններին, հաշմանդամության կարգ ունեցողներին կամ «շտապօգնությունով» հիվանդանոց տարած անձանց կույր աղիի վիրահատություն էին կատարում պետպատվերի շրջանակներում, ապա համավճարի համակարգի ներդրումից հետո, միայն հաշմանդամության առաջին կարգ ունեցողներն են անվճար վիրահատվելու: Մյուս դեպքերում հիվանդը եւս պետք է վճարում կատարի: Օրինակ՝ կույր աղիի վիրահատությունն արժե 165,900 դրամ, պետությունը հատկացնում է 95,900 դրամ, իսկ հիվանդի համավճարը կկազմի 70 հազար դրամ: Նշենք, որ համավճարը ներդրվելու է առայժմ «Արաբկիր» բժշկական կենտրոնում: Նրանք, ովքեր չեն ցանկանա մասնակցել համավճարին, կարող են սպասարկվել այն հիվանդանոցներում, որտեղ չի գործում համավճարը:
Բացի համավճարից, լրագրողներին ներկայացվեց նաեւ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի» ազգային ծրագիրը: Ըստ մասնագետների, մեր երկրում տուբերկուլյոզ հիվանդությունն ավելի շատ հանդիպում է կալանավայրերում, Սյունիքի, Արարատի, մարզերում, ինչպես նաեւ Ալավերդի քաղաքում: Ծրագրի շրջանակներում տուբկաբինետներ են բացվել հանրապետության բոլոր մարզերում եւ կալանավայրերի հիվանդանոցում: Ըստ այդ ծրագրի գրասենյակի ներկայացուցչի, կալանավայրերում մի փոքր դժվարություններ են առաջանում տուբերկուլյոզը բուժելու համար: Շատ հաճախ կալանավորները չեն ցանկանում դեղերն ընդունել կամ կիսատ են ընդունում, քանի որ գերադասում են երկար մնալ հարմարավետ հիվանդանոցում, այլ ոչ թե բանտախցում: Ծրագրի կարեւոր դրույթներից է նաեւ այն հանգամանքը, որ հիվանդները դեղորայք պետք է ընդունեն անպայման բժշկի հսկողության տակ, որպեսզի հիվանդները բուժումը կիսատ չթողեն եւ լիարժեք բուժում ստանան: Մասնագետների խոսքերով՝ բուժման կուրսն ընդունելու ընթացքում հիվանդը, երբ սկսում է քիչ թե շատ իրեն լավ զգալ, կարծում է, թե այլեւս կարիք չունի դեղերի, ուստի դադարում է բժշկի այցելել: Սակայն կիսատ թողնելը, մասնագետների վստահեցմամբ, շատ ավելի վտանգավոր է, որովհետեւ նման դեպքերում հիվանդները դառնում են դեղակայուն ու բուժումն ավելի է բարդանում:
Աշխարհում տուբերկուլյոզի դեմ պայքարում թիվ 1 խնդիրն է նոր դեղորայքների եւ պատվաստանյութերի հայտնաբերումը: Ինչպես նաեւ ժամանակին հիվանդության ախտորոշումը: Բանն այն է, որ հաճախ հիվանդը նույնիսկ կասկածելով, որ իր մոտ գուցեւ տուբերկուլյոզ է, հասարակության խտրական վերաբերմունքին չարժանանալու համար չի դիմում բժշկի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել