Իրացման գոտու բնակիչը որպես փոխհատուցում Հյուսիսային պողոտայում տուն է ստացել ու «կրակն ընկել»
Հյուսիսային պողոտայում «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ի կողմից կառուցվող բազմահարկ շենքում բնակարան ձեռք բերելը մեր քաղաքացիների համար իսկական գլխացավանք է դարձել: Այս կառուցապատողը բնակարանները կառուցում է նախագծային շեղումներով եւ անավարտ տեսքով է շահագործման հանձնում։ Բնակարանների սեփականատերերն էլ ստիպված, կառուցապատող Ավետիս Կարագուլյանի հետ համաձայնության չգալով, դիմում են դատարան։ Չնայած դա էլ դեռ իր արդյունքը չի տալիս՝ դատարանում նիստները անընդհատ հետաձգվում են, այն էլ երկար ժամկետներով։ Նման մեկ դատական նիստի «Առավոտն» արդեն անդրադարձել է (2.07.2010), օրերս էլ նույն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում, դատավոր Գագիկ Խանդամյանի գլխավորությամբ, լսվեց Մարինե Ղազարյանի հայցն ընդդեմ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի։ Այս գործի լսման արդեն 2-րդ նիստն էր, առաջինը եղել էր այս տարվա ապրիլի 10-ին։ Նշենք, որ առաջին նիստը երկար ժամանակով էր հետաձգվել, քանի որ անկախ փորձագիտական ուսումնասիրություն պետք է անցկացվեր Մ. Ղազարյանի բնակարանում եւ պարզվեր, թե որքան թերություններով է տվյալ բնակարանը շահագործման հանձնվել։ Նկատենք, որ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ն Մ. Ղազարյանին բնակարան էր հանձնել մի շարք թերություններով՝ բնակարանի մուտքի դուռն ամբողջությամբ քերծված, նույն դռան փականը չի աշխատում, որի վրա բացակայել է օպտիկական սարքը (գլազոկը), բնակարանի ներսի դռների շրջանակները՝ ճիշտ տեղադրված չլինելով, դռների բացել-փակելու հետ կապված խնդիրներ են առաջացրել, բացակայել են ներսի լուսամուտները, ընդհանուր սենյակի դռան փականը, զուգարանի դուռը, լոգարանի եւ զուգարանի օդանցքը, միակ օդանցքը խոհանոցում է, լուսամուտագոգերի փոխարեն սալիկներ են տեղադրվել, իսկ լոգարանի եւ զուգարանի սալիկներն անհարթ են, պատերն ու անկյունները ծուռ են, հատակի վրա, չնայած հարթեցված է ցեմենտ-ավազե շաղախով, արդեն ճաքեր են առաջացել։ Եվ հետաքրքիրն այն էր, որ այդ բոլոր թերություններից փորձագետը իր եզրակացությունում նշել է միայն, որ դրսի դռան օպտիկական սարքն ու ընդհանուր սենյակի դռան փականն է բացակայում, հիշատակել էր նաեւ զուգարանի դռան բացակայության եւ հատակի ճաքերի մասին։ Այս եզրակացությունը դեռ ամիսներ առաջ փորձագետը ներկայացրել էր դատարան, սակայն օրերս կայացած դատական նիստի ժամանակ պատասխանող կողմի փաստաբան Սեյրան Գրիգորյանն ասաց, որ ինքը անծանոթ է փորձագիտական եզրակացությանը եւ դատավորից ժամանակ խնդրեց դրան ծանոթանալու համար։ Հայցվոր կողմն էլ դժգոհելով այդ եզրակացության որակից, դատավորից խնդրում էր կրկին փորձագիտական ուսումնասիրություն նշանակել։ Դատավոր Գագիկ Խանդամյանը ընդառաջելով պատասխանող կողմին՝ բավականին երկար ժամանակ հատկացրեց նրան՝ փորձագիտական եզրակացությանը ծանոթանալու համար՝ 2 ամիս, դատական նիստը հետաձգելով մինչեւ սեպտեմբերի 1-ը։ Հայցվոր կողմին էլ ասաց, որ իրենք էլ կուսումնասիրեն, եթե ակնառու թերություններ լինեն առաջին եզրակացության մեջ, ապա դատարանի կողմից կնշանակվի երկրորդ փորձագիտական ուսումնասիրություն անցկացնել։ Նա դատական նիստի երկար ժամանակով հետաձգումն էլ բացատրեց նրանով, որ իրենք այս ամիսներին գնում են արձակուրդ։ Սակայն, ըստ հայցվոր Մարինե Ղազարյանի, դատավորների արձակուրդները սկսվում են հուլիսի 15-ից, ուստի դատավորը կարող էր նիստն այդքան երկար ժամանակով չհետաձգել, այլ ընդամենը մի քանի օրով, քանի որ փորձագիտական եզրակացությանը ծանոթանալն այդքան էլ շատ ժամանակ չի պահանջում, այն մի քանի թերթից է կազմված։
Մենք դատական նիստից հետո պարզաբանումներ խնդրեցինք «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի փաստաբան Սեյրան Գրիգորյանից, սակայն այս էլ որերորդ անգամ նա մեզ մերժեց՝ ասելով, որ ինքն իր պաշտպանյալի հետ չունի նման պայմանագիր, որի շրջանակներում՝ ինքը պետք է լրատվամիջոցներին այս դատական լսումների վերաբերյալ պարզաբանումներ տա։
Նշենք, որ Մ. Ղազարյանին «Ավո Ֆ.Մ.Հ.»-ն բնակարանը հանձնել էր եւս մի քանի ակնառու թերություններով՝ բնակարանը եղել է 4,7 մ լայնությամբ, սակայն նույն տան պատշգամբի երկարությունը եղել է 6 մետր, ինչի հետեւանքով այս բնակարանի պատշգամբի մասը հարեւանի բնակարանի դիմաց է ընկել, այն ժամանակ Մ. Ղազարյանը կառուցապատողին դժգոհել է, եւ իրեն ընդառաջել են՝ բնակարանի քառակուսի մետրերը 10-ով ավելացրել են, սակայն բնակարանը հանձնել են ուշացումով եւ այն էլ վթարային վիճակում։ Այդ ժամանակ տիկին Ղազարյանը նամակով դիմել է Երեւանի քաղաքապետարան, որտեղից նրան պատասխանել են, որ այս շենքը շահագործման է հանձնվել հավուր պատշաճի։ Այս մասին «Առավոտը» հրապարակում ունեցել է (26.06.2010, «Բնակիչների քթից բռնած ման է տալիս»), որում անդրադարձ է եղել նաեւ այն բանին, որ բացի բնակարաններից, կառուցապատողը թերություններ է թույլ տվել նաեւ շենքի միջանցքներում՝ 1 բեռնատար եւ 1 մարդատար վերելակի փոխարեն տեղադրել է 2 մարդատար վերելակ, միջանցքների աստիճանները սալիկապատել է, հոսանքի մալուխներն ու գազի խողովակներն էլ իրարից առանձնանում են մեկ բարակ պատով, այնինչ պետք է դրանց միջեւ առնվազն 1,5 մետր հեռավորություն լինի, շենքը, ըստ հաստատված նախագծի, պետք է 9 հարկանի լիներ, սակայն հետագայում ավելացել է եւս 2 հարկ։