Գոնե՝ լրագրողների հետ
Հունիսի 8, 10 եւ 11-ի համարներում ներկայացրինք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրահանգով ՀՀ նախարարություններում մշակված 2010 թ. տնտեսական աճ եւ զարգացում ապահովող ծրագրերը, որոնք, իբր, պետք է հանգեցնեն տնտեսական աճի ցուցանիշի բարելավմանը: Ինչպես արդեն նշել էինք, մի քանի գերատեսչությունների հարցում էինք ուղարկել՝ 2010-ն արդեն կիսվել է, ի՞նչ առաջընթաց կա իրենց գրած ծրագրի կատարման ուղղությամբ: Արդեն մեկ ամիս է անցել մեր ուղարկած հարցումներից, եւ առ այսօր, բացի տրանսպորտի եւ կապի նախարարությունից, որի մամուլի քարտուղարը պարտաճանաչորեն ուղարկեց մեր հարցման պատասխանը, մնացած գերատեսչություններից լուր չունենք:
Հիշեցնենք, որ տրանսպորտի եւ կապի նախարարությունը 6 կետանոց ծրագիր է ներկայացրել, որոնցից առաջինով խոստանում է հսկողություն իրականացնել «Հայկական երկաթուղու» գույքի կոնցեսիոն պայմանագրով նախատեսված կոնցեսիոների պարտավորությունների, ինչպես նաեւ «Հայ-փոստ» ՓԲԸ-ն հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ: Ըստ մեր հարցմանը ՏԿՆ-ի տված պատասխանի. «2008 թ. հունիսի 1-ից «Հայկական երկաթուղու» համակարգը կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Ռուսական երկաթուղիների» կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը: Այս տարի փոփոխություններ են կատարվել կոնցեսիոն պայմանագրում՝ 3 տարվա ներդրումային ծրագրի հիման վրա յուրաքանչյուր տարի ՏԿՆ համաձայնեցմանը կներկայացվի տարեկան ծրագիր: ՏԿՆ-ի կողմից օրենսդրական դաշտը համապատասխանեցվել է երկաթուղու մասին միջազգային օրենսդրությանը, փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «Երկաթուղու մասին» ՀՀ օրենքում, երկաթուղու կանոնադրությունում եւ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում՝ միտված տեխնիկական շահագործման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը, կազմվել են ուղեցույցներ, մշակվել եւ գործողության մեջ են դրվել գերատեսչական ակտեր: Ճշգրտվում է կոնցեսիայով փոխանցված գույքը, ձեւակերպման փուլում է անշարժ եւ շարժական գույքի պետական գրանցումը: Ճշգրտման արդյունքում երկաթուղու շահագործման համար ոչ անհրաժեշտ գույքը կոնցեսիոն ակտիվների կազմից կհանվի եւ որպես պետական սեփականություն՝ կառավարությունը կորոշի այն տրամադրել համայնքներին, բնակիչներին եւ այլն: Կան տարաձայնություններ ուղեւորափոխադրումների եւ կոնցեսիոն վճարի հետ կապված, որոնք գտնվում են քննարկման փուլում: Ներկայումս քննարկվում են նաեւ ուղեւորափոխադրումների երթուղիները եւ դրանց սակագնի հաշվարկման համար համապատասխան ցուցանիշները: ՏԿՆ-ում ստեղծվել է համապատասխան կառույց՝ երկաթուղու վարչություն, որը կվերահսկի կոնցեսիայի պայմանների կատարման պահանջները եւ կիրականացնի երկաթուղու զարգացման քաղաքականությունը»:
Ինչ վերաբերում է «Հայփոստին», ապա ՏԿՆ-ն նշում է. «Ընկերությունը 2006 թ.-ին հավատարմագրային կառավարման է հանձնվել հոլանդական «Հայփոստ Թրաստ Մենեջմենտ» ընկերությանը, որի սեփականատերը հետագայում դարձել է արգենտինահայ գործարար Է. Էռնեկյանը: 2010 թ. մայիսի 6-ին «Հայփոստի» եւ ֆրանսիական հայտնի «Լա Փոստ» ընկերության միջեւ կնքվել է ծառայությունների համաձայնագիր: Համաձայնագրով մասնավորապես նախատեսված է «Զվարթնոց» օդանավակայանում գործարկել նոր տեսակավորման կենտրոն, ներդնել կառավարման համահանրապետական ցանց եւ մշակել ընկերության աշխատակազմի վերապատրաստման ծրագիր, նախագծել 5-10 տարվա բիզնես-պլան: Նախարարության եւ «Հայփոստի» կառավարչի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ ընկերությունը պետք է ներկայացնի 2010-2011 թթ. զարգացման պլանը, իրականացված եւ նախատեսվող միջոցառումները եւ այլն: Փոստային բաժանմունքների արդիականացման, նոր բաժանմունքների ստեղծման, փոստային ունիվերսալ ծառայությունների մատուցման նպատակով լայն թափով սկսվել է փոստի գույքի եւ հողամասերի փոխանցման գործընթաց: Իրականացվել է նաեւ «Հայփոստի» գործունեության նկատմամբ աշխատանքների մոնիտորինգ, որն առաջիկայում կամփոփվի»:
Փաստաթղթում անդրադարձ կա պետական նշանակության ճանապարհներին. «ՏԿՆ-ի կողմից արդեն տեսագրվել են միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները, կատարվում է օտարման գոտում գտնվող կառույցների նախնական ուսումնասիրություն: Կատարվում են ավտոճանապարհների եւ դրանց օտարման շերտում գտնվող կառույցների քարտեզագրման նախապատրաստական աշխատանքները: Քարտեզագրումից հետո կճշտվեն ճանապարհների, դրանց օտարման գոտու, ավտոտաղավարների, դիտարկման էստակադաների, հանգստյան գոտիների եւ ճանապարհային տնակների սահմանները, զբաղեցրած տարածքները, եւ ճանապարհների պետական սեփականության գրանցման նպատակով առաջարկություն կներկայացվի ՀՀ կառավարություն՝ անշարժ գույքի գրանցման իրավական ակտերում համապատասխան փոփոխությունների համար: Սկսվել են միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների եւ ինժեներական կառույցների կադաստրի ստեղծմանն ուղղված աշխատանքները»: Հաջորդ կետով նախատեսվում է «տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի բարելավում»: Այս կապակցությամբ ՏԿՆ-ն ասում է. «ՏԿՆ-ն մշակել եւ ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացնի ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը, համաձայն որի՝ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն կիրականացվի անկախ տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից, ինչպես նաեւ կսահմանի տեխնիկական զննության կտրոնի փակցնելու տեղը: Բացի այդ, առանց որեւէ ֆինանսական ներդրումների ստեղծվել է տեխնիկական զննության կայանների համակարգչային ցանց, որը հնարավորություն է տալիս պահպանել անընդմեջ կապ՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ տեխնիկական զննության կայանների միջեւ: Այս համակարգից օգտվելու հնարավորություն կստեղծվի նաեւ ՀՀ ճանապարհային ոստիկանության համար»: Ինչ վերաբերում է «Հյուսիս-հարավ» ճանապարհին, ՏԿՆ-ն տեղեկացնում է. «Այս տարվա մարտին ստեղծվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ծրագրի իրականացման կազմակերպությունը: Հուլիսին կավարտվեն ճանապարհի առաջին փուլի նախագծային աշխատանքները, ապա կհայտարարվի կապալառու կազմակերպության մրցույթ: Շինաշխատանքները նախատեսվում է սկսել 2011 թ. մարտ-ապրիլ ամիսներին: Առաջին փուլով նախատեսվում է վերակառուցել Երեւան-Աշտարակ քառաշար ճանապարհի 18,4 կիլոմետրանոց հատվածը եւ բարձրացնել Երեւան-Արտաշատ ճանապարհի անվտանգությունը: 2010թ. դեկտեմբերին նախատեսվում է «Ասիական զարգացման բանկի» հետ ստորագրել ծրագրի երկրորդ փուլի վարկային համաձայնագիրը, որը կկազմի մոտ $90 մլն, որից $13 միլիոնը ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է: Այս ծրագրով նախատեսվում է Աշտարակ-Թալին 40 կմ քառաշար ճանապարհի կառուցում»: Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ծրագրի իրականացման ընթացքի ապահովմանը, ապա, ըստ ՏԿՆ-ի՝ «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցման ծրագիրը գտնվում է ՀՀ նախագահի անմիջական վերահսկողության ներքո: Երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորման եւ հետազոտական աշխատանքների իրականացման նպատակով հայ եւ ավստրիական մասնագետների կողմից արդեն կազմվել է տեխնիկական զեկույցը: Ստեղծվել է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերություն, եւ ներկայումս բանակցություններ են վարվում Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի ֆինանսական մի շարք այլ կազմակերպությունների հետ: Երկաթուղու շինարարական աշխատանքները կանոնակարգելու եւ ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ հունիսին ստեղծվել է աշխատանքային խումբ»: