Վրաստանի Քոբուլետի քաղաքում այս օրերին շինարարական եռուզեռ է: Վրացիները ցանկանում են օր առաջ ավարտին հասցնել վաղ գարնանից սկսած առանձնատների, հյուրանոցների, սրճարանների ու դիսկոտեկների վերանորոգումը: Որպեսզի շուտափույթ ավարտեն վերանորոգումը՝ մեծից փոքր աշխատում են մրջյունի ջանասիրությամբ:
Խոնավ կլիմայական գոտում գտնվող քաղաքի հյուրանոցների եւ տների բակերում կամ պատշգամբներում էլ դոշակների, վերմակների ու բարձերի շարան է: «Խոնավ քաղաք է, այդ պատճառով ամեն ամառ զբոսաշրջիկներին մեր տները տրամադրելուց առաջ անկողնային բոլոր պարագաները արեւի տակ ենք դնում, չորացնում եւ կազմ ու պատրաստ հանձնում մեր զբոսաշրջիկներին»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում էր Մարի Կվեսիեշվիլին: Նա երեք հարկանի առանձնատան սեփականատեր է, եւ ամեն ամառ իր տունը տրամադրում է բացառապես հայ զբոսաշրջիկներին. «Հայերին կարելի է վստահել, չեն խաբում ու ժամանակին փողս տալիս են, թե չէ՝ մի տարի ադրբեջանցի զբոսաշրջիկներ ունեի, որոնք հետեւողականորեն ուզում էին ինձ խաբել՝ տան վարձը չտային ու հեռանային»:
Տիկին Կվեսիեշվիլիի խոսքով, ամառը Քոբուլետիում բիզնեսը զարգացնելու լավագույն ժամանակն է, ու հենց այս ամիսներին է տարվա իր միակ եկամուտը ստանում: Ըստ նրա, գնաճը համաշխարհային է, այդ պատճառով տարեցտարի հյուրանոցների ու վարձու բնակարանների գինը Քոբուլետիում էլ է բարձրանում. «Օրինակ, 2 տարի առաջ այստեղ միջին կարգի սենյակը օրեկան 2 լարիով էլ կգտնեիք նույնիսկ օգոստոսին, բայց այս տարի այդ կարգի սենյակը վարձով ենք տալիս 5 լարիից ոչ մի կոպեկ պակաս ու այն էլ մինչեւ հուլիսի 10-ը: Արդեն օգոստոսին զբոսաշրջիկների «պիկ» է լինում, ու շատ դժվար է սենյակ գտնել, եթե նախապես պատվիրած չես լինում: Հիմա ամեն ինչն էլ թանկանում է, ու ոչ միայն Վրաստանում»:
Արդեն հուլիսի կեսերից ու մինչեւ սեպտեմբերի 15-ը գնաճ է արձանագրվում նաեւ խանութներում: Վրացիներն էլ են փաստում, որ, օրինակ, հացը, որը հունիսին կարելի էր գնել 1 կամ 2 լարիով, հուլիսին ու օգոստոսին վաճառվում է 3 լարիով: Տիկին Կվեսիեշվիլիի խոսքով, տեղացիներից շատ քչերն են նախընտրում իրենց ամառային հանգիստն անցկացնել Քոբուլետիում. «Եթե ցանկանում են հենց Վրաստանում հանգստանալ, ապա նախընտրում են Բաթումը, բայց հիմնականում վրացիները շատ են սիրում Անթալիայում հանգստանալ»: Թե ինչով է դա պայմանավորված, Մարի Կվեսիեշվիլին պատասխանեց. «Գիտեն՝ ուրիշ երկրում մեղր կա»: