Լրահոս
Օրվա լրահոսը

Տոն՝ արցունքները աչքերին

Հուլիս 06,2010 00:00

Անկախ Հայաստանում Սահմանադրությունը գործում է հայաստանյան իրականությունից անկախ

«Աշխատանքի չեմ գնալու, Սահմանադրության տոնն է: Թե ինչն ենք նշելու, այնքան էլ պարզ չի: Օրենքները ստեղծված են մենակ աղքատ ժողովրդին խեղդելու համար: Թող հարուստները նշեն, էս իրանց համար ա տոն»,- ասում է 51-ամյա Հրանուշ Մեսրոպյանը: Նա չի կարդացել Սահմանադրությունը, բայց «անգիր գիտի» օրենքները՝ «չի կարելի գողություն անել եւ մարդ սպանել, նաեւ բոլորը խոսելու եւ արտահայտվելու իրավունք ունեն»:
44-ամյա տնային տնտեսուհի Սուսաննա Ներսիսյանի համար հուլիսի 5-ը սովորական շոգ օր է: «Դե, էնքան են խոսում տոն ա, հա տոն ա, որ գիտենք»,- ասում է նա՝ չկողմնորոշվելով՝ Հռչակագրի՞ տոնն է, թե՞ Սահմանադրության: Գլխավոր օրենքը չի կարդացել, բայց հետեւում է «02» հաղորդաշարին: Գիտի՝ չի կարելի մարդ սպանել, գողություն անել, թմրանյութեր օգտագործել, հարբած ղեկին նստել, մի բան էլ գիտեր, բայց զրույցի պահին մոռացավ:
32-ամյա Լուսինե Ստամբոլցյանը գիտի, որ հուլիսի 5-ը Սահմանադրության օրն է, բայց տոնական տրամադրություն չունի. «Որովհետեւ կարդացել եմ Գլխավոր օրենքը եւ շատ դեպքերում ափսոսում եմ դրա համար: Տեղեր կան, որ օրենքների մասին խոսելիս կարող ես ծիծաղի առարկա դառնալ»,- ասում է Լուսինեն, ով մի քանի անգամ փորձել է օգտվել իր տեղեկատվություն ստանալու իրավունքից, բայց միշտ մերժվել է տարբեր պատճառաբանություններով: Լուսինեն, սակայն, չցանկացավ պատմել, թե ով եւ ինչպես է նրան մերժել…
16-ամյա Քրիստինե Հովհաննիսյանը ՀՀ Սահմանադրությանը ծանոթ է դպրոցական «Պետություն եւ իրավունք» դասագրքից: Տոնական տրամադրություն ունի, բայց չունի նշելու հնարավորություն. Երեւանում չի ապրում եւ «ոչ մի համերգի չի կարող գնալ», բայց համոզված է, որ սահմանադրությունները ժողովրդի սեփականությունն են, ստեղծված են հասարակության կյանքը ավելի լավը դարձնելու համար: «Այս տարի ընդունվել եմ համալսարան: Փորձվի՝ մի դասախոս ինձանից կաշառք ուզել: Կասեմ՝ ապօրինի է եւ դատի կտամ»,- վճռել է Քրիստինեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել