Հակառակ ստացված ահազանգերի՝ ընտրություններն անցան առանց միջադեպերի
Հուլիսի 4-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: Քաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուները երկուսն էին՝ 4 տարի առաջ ընտրված եւ այսօր գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Հովհաննիսյանն ու անկուսակցական, ոչ մի տեղ չաշխատող Զորիկ Վարդանյանը: Առաջին հայացքից թվում է, թե այս ընտրություններում ոչ մի ինտրիգ լինել չէր կարող: Բայց դիտորդների ասելով, այս ընտրություններում իրականում իրենց «ուժերն» էին չափելու նախկինում մտերիմ ընկերները՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահ, Ջերմուկի նախկին քաղաքապետ Աշոտ Արսենյանն ու Վայոց ձորի նախկին մարզպետ, 2008թ.-ին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ենթաշտաբի պետ Պանդուխտ Մանուկյանը: Նրանցից առաջինը, ըստ մամուլի պնդումների, հովանավորում է գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանին, երկրորդը՝ Զորիկ Վարդանյանին:
Ընտրությունների օրը՝ հուլիսի 4-ին, «Առավոտը» մեկնեց Ջերմուկ՝ ըստ ստացվող տեղեկությունների, «լարված» ընտրությունները լուսաբանելու նպատակով: Տեղում, ընտրական տեղամասից տեղամաս այցելությունների, քաղաքում տիրող իրավիճակի դիտարկումներից, սակայն, պարզվեց, որ ոչ միայն քաղաքում, այլեւ ընտրական տեղամասերում որեւէ լարվածության մասին խոսք չկա: Ընտրությունների անցկացման համար Ջերմուկում 4 ընտրական տեղամաս էր գործում, որոնցից մեկը՝ Կեչուտում: Սա այն տեղամասն էր, որտեղ, թեկնածուներից մեկի՝ Զորիկ Վարդանյանի ասելով, ապրում է գործող քաղաքապետի «ազգուտակը», ու Վարդանյանի համոզմամբ՝ հենց այնտեղ ընտրախախտումներ էին սպասվում: Որոշել էինք հաստատապես լինել այդ «վտանգավոր» տեղամասում, մանավանդ, որ Զ. Վարդանյանի ահազանգով, այնտեղ «լարվածություն, կուտակումներ կան, սպառնում են»: Եղանք տեղում, ու այստեղ, ինչպես մյուս բոլոր տեղամասերում, առավել քան հանգիստ էր, կուտակումներ չկային: Դրա մասին վկայեցին ոչ միայն ՏՀ նախագահ Ստեփան Ստեփանյանը, այլեւ Զ. Վարդանյանի վստահված անձ Արամ Եղիկյանը: Էլի մի ահազանգ ստացվեց, թե՝ թիվ 39/1 տեղամասում հանձնաժողովի անդամները սեղան են գցել ու ալկոհոլ են օգտագործում: Մեկնեցինք տեղամաս: Կերուխումի սեղան չկար, բայց ե՛ւ հանձնաժողովի նախագահ Սուրեն Մարգարյանից, ե՛ւ Վ. Հովհաննիսյանի վստահված անձից ալկոհոլի հոտ էր փչում, թեեւ նրանք հերքում էին, թե ալկոհոլ օգտագործել են: Փոխարենը Զ. Վարդանյանի վստահված անձ Տիգրան Մխիթարյանն ասաց, թե ոչինչ չի տեսել, չի կարող որեւէ բան ասել: Խախտումներն ամբողջ օրվա ընթացքում այսպիսին էին: Զ. Վարդանյանի շտաբից մենք որեւէ այլ ահազանգ չստացանք: Ընդհանրապես տպավորություն կար, որ ահազանգերն էլ եթե ոչ «հորինովի», ապա հաստատ «ճոխացված» էին՝ թերեւս, լարվածության մթնոլորտում անցնող ընտրությունների պատկեր ներկայացնելու նպատակով:
Մինչ տեղամասեր մեկնելը՝ Զ. Վարդանյանը հավաստիացնում էր. «Մեր պահով շատ նորմալ, հանգիստ վիճակ է: Բայց քվեարկությունից մեկ օր առաջ, երբ իմացան (նկատի ուներ մրցակից թեկնածուի թիմը- Ն. Մ.), որ մենք առավելություն ունենք, դատախազությունից կանչել են իմ շտաբի պետին եւ ասել, թե իմ բուկլետի մեջ ինչ-որ փաստեր են գրված, որոնք մենք վերցրել ենք «Առավոտ» թերթում եղած հրապարակումից, ու դրանց առնչությամբ քննություն է կատարվում»,- փոխանցեց Զ. Վարդանյանը: Բանն այն է, որ այս թեկնածուն իր քարոզչական բուկլետում, որպես նախընտրական խոստում, գրել էր, թե ըստ մամուլի հրապարակումների՝ ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատը Ջերմուկի քաղաքապետարանում չարաշահումներ է հայտնաբերել, ու ինչ-որ թվեր մատնանշելով էլ՝ խոստացել էր հետամուտ լինել եւ նշված չարաշահումները վերադարձնել քաղաքի բյուջեին: Գործող քաղաքապետի նախընտրական շտաբում այս տեղեկությունը հաստատեցին. «Ընտրական օրենսգրքի» 21-րդ հոդվածի 6-րդ կետը պահանջում է, որ տպագիր քարոզչական նյութերում անպայման նշվեն տպագրության պատասխանատուի, նաեւ տպագրող կազմակերպության անունը, տպաքանակը: Իրենց քարոզչական նյութերում՝ ո՛չ բուկլետում, ո՛չ քաղաքում փակցված պաստառներում այդ պահանջները կատարված չեն: Իսկ օրենքը պահանջում է, որ նման խախտումով քարոզչական նյութերը պետք է ոչնչացվեն: Բուկլետները ոչնչացնել արդեն հնարավոր չէ, որովհետեւ բաժանված են, իսկ պաստառները ընտրական հանձնաժողովը պահանջել է հավաքել: Ինչ վերաբերում է բուկլետներում արձանագրված, իբր, չարաշահումների փաստերին, ապա դրանք ուղղակի հակաքարոզչություն են»: Քաղաքապետարանն էլ դիմել է դատախազությանը՝ պահանջելով՝ կամ քննություն կատարել ու հաստատել այդ փաստերը, կամ զրպարտության համար պատժել այդպիսի տեղեկություններ տարածողներին: Գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն էլ հավելեց, թե բուկլետները ջերմուկցիներին միտումնավոր բաժանվել է քարոզարշավի համար նախատեսված վերջին օրը՝ հուլիսի 2-ի գիշերը, որպեսզի ինքը դրանց պատասխանելու հնարավորություն չունենա: «Հակառակ դեպքում ես իմ հանդիպումների ժամանակ բացատրություններ կտայի ընտրողներին, բայց նման հնարավորություն օրենքով ես այլեւս չունեմ»,- հայտարարեց գործող քաղաքապետը՝ հավելելով, որ «թերություններ, ճիշտ է, կան, բայց ոչ այն չափի, որոնք իր քարոզչական բուկլետում գրել է մրցակից թեկնածուն»:
Զորիկ Վարդանյանի ասելով, գործող քաղաքապետը սպառնում է աշխատանքից ազատել իր այն վստահված անձանց, ովքեր աշխատում են «Ջերմուկ» գործարանում եւ «Արմենիա» համալիրում: Թե կոնկրետ ում են աշխատանքից ազատել՝ Զ. Վարդանյանն ասաց. «Ճշտեմ, ասեմ: Ես էս պահին անուններ չգիտեմ, բայց ինձ տեղեկացրել են, որ իմ համակիրներից մեկ հոգու աշխատանքից ազատել են «Օլիմպիա» առողջարանից, մյուսին՝ գազի ծառայությունից»: Իր հովանավորյալ թեկնածուին, որն, ի դեպ, չգիտեր էլ, թե Ջերմուկի ընտրությունները ո՞ր ընտրատարածքում են անցնում, եւ որ ընտրական տեղամասերը համարակալումներ ունեն, օգնության հասնելով՝ Պանդուխ Մանուկյանն էլ հավելեց, թե եկեղեցում մոմ վաճառողի են հեռացրել աշխատանքից՝ միայն այն պատճառով, որ նա Զ. Վարդանյանի օբյեկտ սուրճ խմելու է գնացել, բայց էլի ոչ մի անուն չասաց. «Մենք աշխատում ենք, որ խախտումներ, կեղծիքներ թույլ չտանք, որ ժողովուրդն ինքն ընտրություն անի իր կամքով: Առայժմ խախտումներ չկան, բայց ճնշումներ են գործադրվում մարդկանց վրա»: Զ. Վարդանյանի շտաբում, այնուամենայնիվ, պեղեցին ու գտան մի տաքսիստի, որին քվեարկության օրը, իր ասելով, հեռացրել էին աշխատանքից: Սեյրան Մովսիսյան անունով ներկայացած մեկը, որը թույլ չէր տալիս իրեն լուսանկարել, ասաց, թե աշխատում է «Նարեկ» տաքսի ծառայությունում, եւ իրեն կանչել, ասել են, որ պիտի մեքենան հանձնի:
Թեկնածու Զ. Վարդանյանը հայտարարում էր, թե՝ «տարածքի բոլոր ապրողներին ահուսարսափի մեջ են պահում: Ես պատասխանատու կերպով եմ ասում, որ եթե այդպիսի ընտրություններ շարունակվեն, Հայաստանում մարդ չի մնա, կդատարկվի: Ես համոզված եմ, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի»: Ո՛չ Պ. Մանուկյանը, ո՛չ էլ Զ. Վարդանյանը որեւէ փաստ կամ ահազանգ չունեին, որ գործող քաղաքապետը ջերմուկցիներին փող բաժանած լինի: Զ. Վարդանյանը ընտրակաշառքի միայն մի դեպք հիշեց. քաղաքապետը գնացել է Ձախ ափ կոչվող թաղամասի դպրոցի կոլեկտիվի հետ հանդիպման ու տեղում աշխատողներից մեկին հողակտոր է նվիրել, նա էլ շնորհակալություն է հայտնել: Փոխարենը հենց մեր աչքի առաջ ընտրախախտումների, սպառնալիքների ու ճնշումների մասին ահազանգող թեկնածու Զ. Վարդանյանը փողով ընտրող էր բերում տեղամասեր: Դրա համար նույնիսկ մի տաքսի մեքենա էր նախատեսված: Թեկնածուի ու իր թիմակիցներից մեկի զրույցը հենց մեր ականջի տակ եղավ. երիտասարդը հավաստիացնում էր, թե երկու մարդ կա, որ կգան ընտրությունների, եւ ճշտում էր՝ փողն ո՞վ է տալու: Դե, թեկնածուն էլ ձեռքը տարավ գրպանն ու մի կապոց թղթադրամ հանեց, հաշվեց ու փոխանցեց ընտրող բերողին:
Այսուամենայնիվ, հուլիսի 4-ին ընտրությունները Ջերմուկում անցան առանց միջադեպերի: Ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: Նա ստացել է 2684 ընտրողների, իսկ Զորիկ Վարդանյանը՝ միայն 667-ի քվեն: