Թուրքական քաղաքական շրջանակներն առայժմ չեն արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ հուլիսի 4-ին Երեւանում արած այն հայտարարությանը, թե հայ-թուրքական հարաբերություններում գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում: Այդ մասին «news.am»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայում հրատարակվող «Ակոս» թերթի խմբագիր Արիս Նալչըն: «Լուրը տվել է, բայց պետական առումով արձագանքներ չկան»,- նշել է հայազգի լրագրողը՝ համոզմունք հայտնելով, որ, հավանաբար, այս գիշեր արդեն որոշ մեկնաբանություններ կլինեն ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության վերաբերյալ: Արիս Նալչըն նաեւ կիսում է պետքարտուղարի այն կարծիքը, թե գնդակն այժմ գտնվում է Թուրքիայի դաշտում. «Հայաստանն իր բոլոր քայլերը կատարել է եւ այժմ սպասում է Թուրքիայի պատասխան քայլին»: Ըստ Նալչըի՝ Քլինթոնի հայտարարությունը որոշակի ճնշում է Թուրքիայի վրա: «Հարկավ, որոշակի ճնշում է: Քանի որ ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից նման հայտարարություն է եղել, բայց այժմ Թուրքիային այլ հարցեր են հուզում, քան հայ-թուրքական հարաբերությունները, եւ հավանաբար, դա է պատճառը, որ անմիջապես պաշտոնական մակարդակով չարձագանքեցին Հիլարի Քլինթոնի հայտարարությանը»: