ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն «Առավոտին» է ուղարկել իր պատասխանը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Եվգենի Կիրիլովի հայտարարությանը, որը հրապարակել էինք մեր հուլիսի 3-ի համարում. «Ծանոթանալով Եվրախորհրդարանի տխրահռչակ պատգամավոր պարոն Կիրիլովի մեր հանդիպման վերաբերյալ արձագանքին՝ ցանկանում եմ նշել, որ իմ տպավորությունները, որոնք ես ներկայացրել եմ ասուլիսին, այժմ արդեն ավելի խորը եւ հիմնավորված են:
Քանի որ պարոն Կիրիլովի հետ իր աշխատասենյակում տեղի ունեցած մեր հանդիպումը (ինչպես Կիրիլովն է նշել՝ ուրիշ մարդկանց ներկայությամբ) վերաբերել է ոչ թե ինչ-որ անէական խնդիրների, այլ հայ հասարակությանը մտահոգած եւ իր հեղինակած հայտնի բանաձեւի շուրջ մտքերի փոխանակությանը, ուստի ես նպատակահարմար եմ գտել Բրյուսել իմ այցելության արդյունքները ներկայացնելու նպատակով հրավիրված ասուլիսում այլ հարցերի հետ խոսել նաեւ մեր այդ՝ նախապես չծրագրված հանդիպման մասին:
Այն, ինչ ասել եմ ասուլիսի ընթացքում՝ բառացիորեն նույնն է, ինչ որ ես ասել եմ պարոն Կիրիլովին՝ նայելով նրա աչքերի մեջ: Եվ հիմա էլ նույնն եմ ասում, որովհետեւ եվրոպական քաղաքական վարքագիծը՝ ինչպես նա է բնորոշել, նախ եւ առաջ պետք է լինի ազնիվ, հավասարակշռված ու անաչառ:
Կարծում եմ, ակնհայտ է, որ պարոն Կիրիլովի ջանքերի շնորհիվ Ադրբեջանին առիթ տրվեց սաստկացնելու ռազմատենչ քարոզչությունը, ուխտադրուժ կերպով նոր սադրանքներ կազմակերպել:
Ես չգիտեմ, թե լրատվական ինչ աղբյուրներից է օգտվել պարոն Կիրիլովը, բայց ասուլիսը լուսաբանած ինձ հայտնի ԶԼՄ-ներն անսխալ գրել են, որ հանդիպումը տեղի է ունեցել Եվրախորհրդարանում, որի պատգամավորներից է նաեւ Կիրիլովը: Ասուլիսի ընթացքում նաեւ արտահայտել եմ մտքեր, որոնցով փորձել եմ մի փոքր մեղմել պարոն Կիրիլովի նկատմամբ հայ հանրության մոտ ձեւավորված վերաբերմունքը, բայց, ցավոք, նրա արձագանքից հետո իմ տպավորությունները եւս մնացել են նույնը, որի մասին, ի դեպ, ասել եմ նաեւ նրան. «Պարոն Կիրիլով, ես չգիտեմ՝ ադրբեջանական կո՞ղմն է կրկնում Ձեր մտքերը, թե՞ Դուք եք կրկնում այն, ինչ շարունակ ասում են ադրբեջանցիները, այսինքն՝ պարզ ապատեղեկատվություն Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի շուրջ»: