Վերլուծաբան Ժերար Շալյանին կշտամբում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լարիսա Ալավերդյանը
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանին բավական զայրացրել են այն հայտարարությունները, որոնցով «Սիվիլիթաս» հիմնադրամի հունիսի 2-ին կազմակերպած քննարկմանը հանդես է եկել Ֆրանսիայում բնակվող վերլուծաբան Ժերար Շալյանը: «Նախ պետք է ասեմ, թե ինչպես եմ վերաբերվում այդ հրավերին, որն արվեց այն ժամանակ, երբ որ իրար հետեւից ընթանում են այցելություններ՝ կապված ոչ միայն տարածաշրջանային, այլեւ մասնավորապես՝ Արցախի հարցի հետ: Ես սրան վերաբերվում եմ որպես պատվերով համերգի, իսկ ընդհանրապես՝ պատվերով համերգներին միշտ վերաբերվել եմ բավական վատ»,- ասաց տիկին Ալավերդյանը: Ընդմիջեցինք նրան՝ հիշեցնելու, որ Ժերար Շալյանի մասնակցությամբ այս քննարկումը նախատեսված էր դեռ ապրիլին, սակայն այցը հետաձգվեց, քանի որ նա չկարողացավ Հայաստան ժամանել՝ իսլանդական հրաբխի պատճառով: Սակայն մեր զրուցակիցն էլի պնդեց. «Միեւնույն է՝ այս տարվա ընթացքում (եթե չասեմ անցած տարվանից) մի ժամանակահատված ենք ապրում, երբ «դրսի ձայներ» կոչվածները ցանկանում են, առանց դրա որեւէ բարոյական իրավունքն ունենալու, մեզ տալ խորհուրդներ: Ասեմ, որ բարոյական իրավունքը ձեռք է բերվում դժվարագույն ժամանակահատվածում այն բոլոր խնդիրների լուծմանը մասնակցությամբ, որոնք ծագել են մեր ժողովրդի առջեւ»:
Այս համատեքստում «Ժառանգություն» խմբակցության քարտուղարն անդրադարձավ Ժերար Շալյանի կանխատեսմանը, թե Ղարաբաղում պատերազմի հավանականությունն ավելի մեծ է, քան նախկինում, եւ անգամ արդեն խոսեց Ստեփանակերտում ժողովրդին ռմբապաստարաններում պաշտպանելու անհրաժեշտության մասին՝ մարդկային զոհերը նվազագույնի հասցնելու համար: Խոսեց նաեւ զիջումների անհրաժեշտության մասին եւ ընդգծեց, թե Ադրբեջանն առավելագույնից բացի՝ ոչնչի չի համաձայնի: «Այս ամենին վերաբերվում եմ որպես թույլ մարդու արտահայտություններ՝ թե՛ ոգու, թե՛ վերլուծական մտածելակերպի առումով: Անգամ պատվերը կարելի էր կատարել, կներեք, ավելի տղամարդկային ձեւով: Վախկոտության մթնոլորտի մեջ է երեւի ապրում Ժերար Շալյանը՝ չգիտեմ, հոգեբանական կամ ինչ-ինչ այլ բարդույթների պատճառով, հնարավոր է՝ դժվար մանկություն է ունեցել: Բայց հստակ կարող եմ ասել, որ փառք Աստծո՝ քաղաքական իր ուղերձները բացարձակապե՛ս չեն հասել մեր հասարակությանը: Ես խոսել եմ լայնորեն սփռված նրա այդ ելույթի մասին, եւ, ի զարմանս ինձ՝ բոլորն ասում էին՝ նախ եւ առաջ, դա ո՞վ է, եւ երկրորդը՝ նա երբեւիցե ունեցե՞լ է հնարավորություն՝ հասկանալու, թե ինչ է Արցախյան հիմնահարցը»: Դարձյալ ընդմիջեցինք՝ հիշեցնելու, որ Ժերար Շալյանը պատերազմի շրջանում՝ 1993-ին էլ է եղել ԼՂ առաջին գծում, եւ ընդհանրապես՝ նա զինված հակամարտությունների ուսումնասիրության եւ միջազգային ու ռազմավարական հարաբերությունների հարցերով բավական ճանաչված վերլուծաբան է, որը հակամարտությունների պատմություն եւ աշխարհաքաղաքականություն է դասավանդել Հարվարդում, Բերքլիում եւ աշխարհի այլ առաջատար համալսարաններում: «Այո, բավականին ճանաչված է,- համաձայնեց Լարիսա Ալավերդյանը:- Եվ չգիտեմ՝ ինքն այլ հակամարտություններում իր գրածով կամ ասածով ի՞նչ ազդեցություն է ունեցել, բայց 1993-ին նա բացարձակապե՛ս ազդեցություն չի ունեցել Արցախում եւ չի էլ կարող ունենալ այսօր: Պարզապես զարմանում եմ, որ մեր հարգված անձնավորություններն էլ նստած լսել են նրան ու կարծես չեն արձագանքել նրա նման պնդումներին: Ինքնին պատկերը շատ տխուր էր: Նրա մասին պատկերացում ստեղծելու համար՝ Շալյանի այդ բոլոր կոչումներն ու բազմաչարչար գործունեության արգասիքները ներկայացրին, բայց նա, ըստ այս ելույթի՝ բավական թույլ վերլուծաբան է եւ հանդես եկավ թույլ ոգով»: