Այն է՝ ձեռնպահ մնալ ուժի կիրառումից եւ ամբողջացնել ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները
Հուլիսի 4-ին Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր (Ադրբեջանում նրա ասուլիսից մեջբերումները՝ ըստ ԱՄՆ պետքարտուղարության կայքի). «Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ կարգավորմանը՝ հիմնված Հելսինկյան սկզբունքների վրա՝ ուժի եւ ուժի գործադրման սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության ու մարդկանց հավասար իրավունքների եւ ինքնորոշման վերաբերյալ»: Բառացիորեն նույնը նա կրկնեց Երեւանում Հայաստանի ԱԳ նախարարի հետ հուլիսի 4-ի ասուլիսի ընթացքում: «Ֆրանսպրեսի» հետեւյալ հարցին. «Դուք բավական էներգիա ներդրեցիք այսօր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քննարկումներում: Երկու նախագահների հետ խոսելուց հետո էլ Դուք դեռ հույսե՞ր ունեք»՝ պատասխանեց. «Հայաստանն ու Ադրբեջանն ընդունում են, որ յուրաքանչյուր լուծում պետք է հիմնված լինի Հելսինկյան սկզբունքների վրա»: Հիլարի Քլինթոնը նաեւ հավելեց, թե այժմ հուսով են տեսնել իրական առաջընթաց ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքներն ամբողջացնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա մշակելու վերջնական խաղաղ կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը:
Բաքվում ասուլիսի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր. «Վերջին քայլերը դեպի խաղաղություն հաճախ առավել դժվար են: Սակայն մենք կարծում ենք, որ խաղաղությունը հնարավոր է եւ անհրաժեշտ»: Եվ ընդգծել էր, թե ԱՄՆ-ի համար «մեծ առաջնահերթություն ունի» սա, եւ կարծում են, որ հիմա ժամանակն է ամբողջացնել հիմնարար սկզբունքները:
Երեւանում ասուլիսի ընթացքում Հիլարի Քլինթոնից հետաքրքրվեցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը քննարկե՞լ են այն հարցերը, որոնք վերաբերում են ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարություններին կամ այդ երկրի մյուս բոլոր ապակայունացնող քայլերին, որոնք ակնհայտորեն ուղղված են բանակցությունների տապալմանը: Ի պատասխան՝ նա ցավ հայտնեց մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած իրադարձության ու զոհերի համար. «Դա նաեւ հակասում է երկու կողմերի ստանձնած պարտավորություններին: Ուստի մենք կոչ ենք անում յուրաքանչյուրին՝ ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, այդ թվում եւ ուժի սպառնալիքի գործադրումից, քանի որ մենք առաջին հերթին չենք ցանկանում տեսնել մարդկային զոհեր կամ վիրավորներ, մենք չենք ցանկանում տեսնել անհատների եւ ընտանիքների տեղահանումներ եւ մենք չենք ցանկանում, որ բանակցային խաղաղ գործընթացին վնաս հասցվի: Այսպիսով, իմ ուղերձը նույնն է յուրաքանչյուրի համար»: Բաքվում ասուլիսի ընթացքում նա նույն կերպ էր անդրադարձել այս հարցին՝ հայտարարելով. «Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է ուժի գործադրումը շփման գծում, եւ մենք խորապես ափսոսում ենք մարդկային զոհերի համար՝ լինի դա ադրբեջանական զինվոր կամ քաղաքացիական անձ, կամ հայ զինվոր կամ քաղաքացիական անձ: Կարծում ենք, որ 1994 թվականի հրադադարի պայմանագիրը պետք է կատարվի»:
Միջանկյալ նշենք, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը Հիլարի Քլինթոնի այս հայտարարությունների կապակցությամբ հայտարարել է, թե նա պատշաճ կերպով չի դատապարտել Ադրբեջանի հարձակումները. «Մենք հիասթափվեցինք՝ տեսնելով, որ պետքարտուղար Քլինթոնը Բաքվում եւ Երեւանում կրկնեց ուժի կիրառումից ձեռնպահ մնալու պետքարտուղարության սովորական կոչը բոլոր կողմերին, երբ միայն Բաքուն է թե՛ սպառնացել եւ թե՛ գործել պատերազմը վերսկսելու իր զգուշացմանը համապատասխան: Դիվանագիտական նման լեզուն կարող է անկողմնակալ թվալ, սակայն Միացյալ Նահանգների՝ տարածաշրջանային շահերի տեսանկյունից այն հակառակ արդյունքն է տալիս: Այդ կերպ անտեսվում ու նույնիսկ քաջալերվում է ադրբեջանական շարունակական ագրեսիան»:
Բաքվում ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել էր նաեւ հայ-թուրքական հարաբերություններին՝ պատասխանելով սյունակագիր Արկի Զավորսկիի դիտարկմանը, թե հայ-թուրքական գործընթացը հետ է ընթանում. «Ցավոք, մենք չտեսանք այն կտրուկ շրջադարձը, որն ուզում էինք տեսնել»: Իսկ Երեւանում ասուլիսի ընթացքում պատասխանելով «Մեդիամաքսի» հարցին, թե ինչպես է գնահատում այն փաստը, որ Թուրքիան չի կատարում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր պարտավորությունը՝ Հիլարի Քլինթոնն ասաց. «Շատ ուրախ եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ անկախ այն խնդիրներից, որոնք Հայաստանը տեսնում է Թուրքիայի կողմից՝ Հայաստանը շարունակում է պատրաստ մնալ հարաբերությունների կարգավորմանը, բայց կասեցնում է գործընթացը, մինչեւ որ թուրքական կողմը պատրաստ լինի առաջ շարժվել: Մենք ողջունում ենք ձեր նախագահի որոշումը, քանի որ դա որոշում է շարունակել աշխատանքը խաղաղության, կայունության եւ հաշտեցման շուրջ՝ անկախ գոյություն ունեցող խոչընդոտներից: Եվ մենք հորդորում ենք Թուրքիային ձեռնարկել քայլերը, որոնք նա խոստացել է ձեռնարկել, եւ երկու կողմերին՝ ջանքեր գործադրել ու շարունակել որոնել հարաբերությունների կարգավորման դուռը բացելու հնարավորություններ: Բայց Հայաստանի՝ ապրիլին կայացրած որոշումը պետական գործչին վայել եւ տպավորիչ որոշում էր: Եվ ինչպես ասում են սպորտում՝ գնդակը մրցակցի դաշտում է»:
Նշենք նաեւ, որ մինչ Հայաստանից մեկնելը՝ ԱՄՆ պետքարտուղարը «Գաֆեսճյան» կենտրոնի Խանջյան սրահում հանդիպում ունեցավ լրագրողական, իրավապաշտպանական եւ բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մի քանի առանձին լրագրողների (նաեւ «Առավոտի» թղթակցի) հետ: Դիմելով ողջույնի խոսքով՝ նա մասնավորապես ասաց. «Ես գիտեմ, թե որքան դժվար է ժողովրդավարության ճանապարհը բռնած երկրների համար պայքարել ազատության, հավասարության եւ արդարության արժեքների ներդրման համար: Եվ ես այսօր այստեղ եմ, որպեսզի քաջալերեմ ձեզ ձեր դժվարին աշխատանքի կատարման հարցում»: Հիլարի Քլինթոնն ընդգծեց, որ ժողովրդավարությունը միայն ընտրություններով չէ, որ դրսեւորվում է. «Այն պահանջում է նաեւ ազատ երկխոսության, գաղափարների անարգել փոխանակման հնարավորություն, թափանցիկ ու հաշվետու կառավարում եւ, իհարկե, ամենից առաջ՝ զորեղ քաղաքացիական ուժ, որը միշտ պայքարում է երկիրը ավելի ազատ, ավելի արդար եւ ավելի առողջ դարձնելու համար»: Նրա ելույթի ամփոփումն էր. «Այն մարտահրավերները, որոնք ծառացած են ձեր առջեւ, ավելին չեն, քան այն մարտահրավերները, որոնք Հայաստանն արդեն հաղթահարել է: Իմացեք, որ ԱՄՆ-ն, Օբամայի վարչակազմն ու ԱՄՆ-ի ժողովուրդը ձեզ հետ են՝ ձեզ սատարելու եւ օժանդակելու՝ հասնելու այն ապագային, որը դուք ձեզ համար նախատեսել էիք»:
Նրա ելույթում որեւէ անդրադարձ չեղավ Հայաստանի ներքաղաքական վիճակին՝ մասնավորապես քաղաքական դրդապատճառներով կալանավորվածների խնդիրներին: Այս հարցերն արծարծվեցին արդեն այնժամ, երբ Հիլարի Քլինթոնը մոտենում էր առանձին սեղանների շուրջ խմբված անձանց: Սակայն ԱՄՆ դեսպանատան հետ պայմանավորվածության համաձայն՝ այս քննարկումները հրապարակման ենթակա չեն:
Հ. Գ. ԱՄՆ պետքարտուղարության կայքում հրապարակվել է տիկին Քլինթոնի ելույթը՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների առջեւ: Նրանց ասել է, որ ԱՄՆ պետքարտուղարը Հայաստան չէր այցելել անցած 18 տարվա ընթացքում. «Ամեն հայ, որին հանդիպել եմ՝ հիշեցրել է ինձ դա»: Այստեղ նա նաեւ հայտարարել է. «ՀՀ կառավարությունը պետք է ավելին անի, որպեսզի իրականացնի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներ»: