Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԵՆՔ ՀԻՇԵԼ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հուլիս 06,2010 00:00

«Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանին այդքան էլ չի ոգեւորում փախստականների մասին հայ պաշտոնյաների հիշատակումները:

– Վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընդունված բանաձեւերում, արված հայտարարություններում, շրջանառության մեջ դրված մադրիդյան սկզբունքներում էական տեղ է զբաղեցնում փախստականների եւ ներքին տեղաշարժի ենթարկվածների վերադարձի հարցը: Դա վերաբերո՞ւմ է նաեւ ադրբեջանահայ փախստականներին:
– «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը իր ստեղծման պահից սկսած՝ հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր կողմերին, առաջին հերթին Հայաստանին, Մինսկի համանախագահներին կոչ է արել եւ պահանջել ղարաբաղյան կարգավորման բանակցային սեղանին դնել Ադրբեջանից բռնագաղթած ավելի քան 500 հազար ադրբեջանահայ փախստականների խնդիրը: Բոլոր Ձեր նշած փաստաթղթերով եւ հայտարարություններով այսօր փորձեր են արվում հայկական կողմերի վզին փաթաթել այնպիսի որոշումներ, որոնք բացարձակապես չեն բխում մեր շահերից, չնայած որ Ցանցը հասավ նրան, որ նորացված Մադրիդյան սկզբունքներում, ի տարբերություն նախորդների, խոսվում է ոչ միայն ադրբեջանցի, այլ նաեւ հայ ներքին տեղահանվածների եւ փախստականների մասին: Սակայն այստեղ էլ խնդիր կա:
– Ո՞րն է խնդիրը, եթե Ցանցին հաջողվել է արծարծել տալ նաեւ ադրբեջանահայ փախստականների հարցը:
– Գիտեք, երբ հակամարտության կարգավորման համատեքստում մարդասիրական իրավունքի դրույթների կիրառումը ամբողջովին կախված է քաղաքական որոշումներից, ապա պետք է հստակորեն հասկանալ, թե ինչպես է պետք ճիշտ եւ գրագետ գործել՝ արդար եւ ցանկալի արդյունքի հասնելու համար:
– Այսի՞նքն:
– Ցանցը, որ այսօր կապ է հաստատել աշխարհի տարբեր երկրներում սփռված ադրբեջանահայ փախստականների հետ, իր հիմնական ջանքերն ուղղորդել է Ադրբեջանի կողմից նրանց հասցված նյութական եւ բարոյական վնասների, հայրենիքի կորստի փոխհատուցման հարցերը կարգավորելուն: Այսօր արդեն ավելի քան 30 հազար ադրբեջանահայեր, համապատասխան փաստաթղթային հիմնավորումներով, մեր միջոցով իրենց դիմումներն են ձեւակերպել ԼՂՀ իշխանություններին՝ խնդրելով իրենց տրամադրել պատերազմի արդյունքում ԼՂՀ իրավատիրույթում հայտնված տարածքները՝ որպես կրած վնասների եւ կորսված հայրենիքի մասնակի փոխհատուցում: Ի դեպ, միջազգային իրավունքի դաշտին միանգամայն համահունչ պահանջ է սա: Մարդասիրական իրավունքը, ի թիվս այլոց, ինչին այլ պարագաներում այդքան հոգատարությամբ են վերաբերվում միջազգային կառույցները եւ մեծ տերությունները, այդ հնարավորությունները նախատեսում է: Հայկական կողմն այդ իրավունքն առ այսօր անտեսել է: Ցանցի ստեղծման հանգամանքը, ի տարբերություն Հայաստանի, ակտիվ գործողությունների մղեց Ադրբեջանին: Ստեղծեցին «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպությունը, այնտեղ ներգրավվեցին նաեւ Հայաստանից հեռացած եւ ադրբեջանական քաղաքացիություն ձեռք բերած նախկին փախստականները, որոնք պահանջում էին իրենց իշխանություններից ետ վերադարձնել իրենց փախստականի կարգավիճակը՝ Հայաստանին պահանջներ ներկայացնելու համար, աշխատանքներ ծավալվեցին միջազգային հանրության հետ, պետությունը բազմակողմանի աջակցում եւ համակարգում էր ու հիմա էլ կառավարում է այդ աշխատանքները, իսկ ադրբեջանական մամուլը վստահեցնում էր. «Պաշտոնական Երեւանը քաղաքացիական հասարակության ձեռքով խորամանկ քայլեր է կատարում կարգավորման շրջանակներում»: Ցավոք, դա այդպես չէր: Պաշտոնական Երեւանը այդպես էլ անմասն մնաց: Այսօր իշխանությունների կողմից կատարվող հրապարակային հատվածային կիսաքայլերը՝ ներկայացնելու 500 հազար ադրբեջանահայ փախստականների առկայության խնդիրը, բավարար չեն, քանի որ քաղաքական առումով համակողմանիորեն նախապատրաստված չեն, ուստի եւ անպտուղ: Հարկավոր է հստակ մշակված քաղաքականություն, ինչը չունենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել