ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասնութերորդ
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ
Եվ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով Ռաֆոյին հարցրի՝ «էդ ղարաբաղցի պայծառատեսը կարա՞ թռնի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «ուշքդ ու միտքդ թռնելն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «թռնելը սովորական բան ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «սկզբում թռնել են սովորում, հետո նոր են պայծառատես դառնում», եւ ես ժպտալով հարցրի՝ «թռնելը հաճույք ա, չէ՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պրոֆեսիոնալ թռնողի համար թռնելը ոչ թե հաճույք ա, այլ՝ աշխատանք», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «մարդը աշխատանքից էլ կարա հաճույք ստանա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «աշխատանքդ որ հաճույքով չանես՝ դժվար թե որեւէ արդյունքի հասնես», եւ ես ժպտալով հարցրի՝ «առաջին անգամ որ թռար՝ ի՞նչ էիր զգում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ասեմ՝ առաջին թռիչքիս վախտ հաճույք էի զգում, սուտ կըլնի», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչ էիր զգում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «վախ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «չնայած վարպետս հետս էր, բայց շատ էի վախենում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ վարպետ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ առաջին անգամ մենմենակ թռնեի», եւ ես ժպտալով հարցրի՝ «վարպետդ ո՞վ ա», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «Եղբայր Հովակիմը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Աստված թող մեր մեծ Եղբայր Հովակիմի հոգին լույսերի մեջ պահի», եւ ես հարցրի՝ «մահացել ա՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը ոչ թե մահացել ա, այլ լույս ա դառել», եւ ես հարցրի՝ «ինքն ա՞ քեզ թռնել սովորացրել», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ոչ միայն թռնել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, Եղբայր Հովակիմն իմ ու Բարձրյալի միջեւ առաջին միջնորդն էր», եւ ես հարցրի՝ «բա հիմա միջնորդդ ո՞վ ա», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ես» եւ մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «հիմի ես եմ ուրիշների համար միջնորդ հանդիսանում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հիմի դո՞ւ ես ուրիշներին թռնել սովորացնում», եւ Ռաֆոն ներողամտորեն ժպտալով ասաց՝ «ուշքդ ու միտքդ թռնելն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «ուշքս ու միտքս թռնելն ա, բայց թռնելու մասին բան չես պատմում», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «ասեցի, որ առաջին թռիչքիս վախտ ահագին վախեցած էի», եւ ես ժպտալով հարցրի՝ «որ եղբայր Հովակիմը հետդ էր, խի՞ էիր վախենում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «էն վախտ էդ հասարակ բանը չէի հասկանում», եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «չնայած շատ կարճ թռիչք էր, բայց ահավոր էի վախեցել», եւ ես ժպտալով հարցրի՝ «ինչքա՞ն կարճ», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «ընդամենը Շենգավիթից Էրեբունու մասիվ թռանք», եւ ես ժպտալով ասացի՝ «շա՜տ կարճ ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու սկսեց պատմել՝ «գիշերվա տասնմեկն անց կեսն էր. ես ու Եղբայր Հովակիմը մեր Շենգավիթի կանգառում ահագին երկար սպասեցինք, բայց ոչ տաքսի էր գալիս, ոչ էլ՝ մարշրուտնի, ու մենք էլ պիտի շտապ հասնեինք Էրեբունու մասիվ», եւ ես հարցրի՝ «էդ ժամին խի՞ էիք Էրեբունու մասիվ գնում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շա՜տ հետաքրքրասերն ես. ուզում ես ամեն ինչ իմանաս» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «մեր եղբայրներից մեկի տանը շատ կարեւոր հավաք կար. ուղիղ տասներկուսին պիտի էնտեղ ըլնեինք», եւ ես հարցրի՝ «որ մի քանի րոպե ուշանայիք՝ ի՞նչ պիտի ըլներ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես որ ուշանայի՝ ոչ մի բան էլ չէր ըլնի, բայց Եղբայր Հովակիմն ուշանալու իրավունք չուներ. ինքը մեր համար պայծառատես հեղինակություն էր, ու իրան չէր սազի, որ էդ կարեւոր հավաքից թեկուզ մի րոպե ուշանար», եւ ես ժպտալով հարցրի՝ «հետո՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հետո որ Եղբայր Հովակիմը տեսավ ուշանում ենք, որոշեց, որ պիտի թռնենք», եւ ես ծիծաղս զսպելով հարցրի՝ «թռա՞ք», եւ Ռաֆոն ներողամտորեն ժպտալով ասաց՝ «ուշքդ ու միտքդ թռնելն ա», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «բայց թռա՞ք», եւ Ռաֆոն ծիծաղելով ասաց՝ «աչքն էլ չհանեցի՞նք», եւ ես ծիծաղս զսպելով հարցրի՝ «ո՞նց թռաք», եւ Ռաֆոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «քյասարով» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ՏԷՑ-ի կռուգի ու «Նաիրիտի» վրեքով տասնհինգ րոպեում հասանք Էրեբունու մասիվ» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի տասնհինգ րոպեից էլ քիչ տեւեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որովհետեւ մեր թռնելուց առաջ տասներկուսից տասնհինգ էր պակաս, ու տասներկուսից էրկու րոպե պակաս արդեն էդ շենքի պաձյեզդում էինք», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, չեք ուշացել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հինգ րոպե ուշացանք, բայց, փաստորեն, մեր մեղքով չէր», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա ո՞ւմ մեղքով էր», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «էդ շենքի լիֆտն էդ գիշեր փչացել էր» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մինչեւ էդ հոգնած հալներիս ոտով ու աստիճաններով հասանք իններորդ հարկ, հինգ րոպեից էլ ավել քաշեց», եւ ես ծիծաղելով ասացի՝ «պիտի թռնելով իններորդ հարկ բարձրանայիք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «թռնելու համար առաջին հերթին մեծ ու բաց տարածություն ա հարկավոր», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «փաստորեն, աստիճաններով ձեր բարձրանալն էնքան ա տեւել, ինչքան՝ Շենգավիթից Էրեբունու մասիվ թռնելը», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հա. մոտավորապես իրար չափ տեւեցին», եւ ես ժպտալով ասացի՝ «այսինքն, շատ արագ եք թռել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուրիշ վարիանտ չունեինք. որ ուշանայինք, էդ հանգամանքը Եղբայր Հովակիմի հեղինակության վրա շատ բացասական կազդեր», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, ուշացել եք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մեր ուշանալը մենակ մենք իմացանք», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «մեր բախտից՝ եղբայր Աբգարի ճաշասենյակի ժամացույցը հինգ րոպե հետ էր», եւ ես հարցրի՝ «եղբայր Աբգա՞րն ով ա», եւ Ռաֆոն ասաց՝ «մեր եղբայրներից ա. էդ հավաքն իրանց տանն էր տեղի ունենում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ընենց որ, իրանց ճաշասենյակի ժամացույցով՝ ճիշտ ժամին տեղ հասանք», եւ ես ժպտալով ասացի՝ «բախտներդ բերել ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ժամացույցի հանգամանքն էլ չըլներ, իրանց լիֆտի փչացածության պահով կարայինք լրիվ արդարանայինք», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ առաջ պիտի արդարանայիք», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «մեր մյուս եղբայրների», եւ ես ասացի՝ «բա ասում ես՝ Հովակիմը հեղինակություն էր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինքը հիմի էլ ա հեղինակություն», եւ ես հարցրի՝ «որ հեղինակություն էր՝ իրան ո՞վ պիտի ուշանալու համար մեղադրեր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ ոք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ամբողջ հարցն էն էր, որ դրանից ընդամենը մի քանի օր առաջ հենց ինքը՝ անձամբ Եղբայր Հովակիմն էր հավաքներից չուշանալու հարցը խստորեն դրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «որ իրա դրած պայմանն անձամբ ինքը խախտեր, շատ անհարմար բան կստացվեր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ որ՝ էդ օրվա հավաքը շատ կարեւոր հավաք էր», եւ ես հարցրի՝ «ինչո՞վ էր կարեւոր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «որ ասեմ՝ մեր մեջ կմնա՞», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ առավոտ Եղբայր Հովակիմին ասվել էր, որ մեր ատոմակայանը վտանգի տակ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «այսինքն, էդ գիշեր մեր ատոմակայանը պիտի պայթեր», եւ ես ժպտալով հարցրի՝ «բայց չպայթեց, չէ՞», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մեր միասնական աղոթքների ու աղերսանքների շնորհիվ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ աղոթքներ», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «բանից բեխաբար ապրում եք» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «էս խոսակցությունը մեր մեջ ա չէ՞ մնում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «արխային», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «էդ օրը մինչեւ լույս Եղբայր Հովակիմի ղեկավարությամբ աղոթեցինք ու Բարձրյալից աղերսեցինք, որ մեր ատոմակայանն ու մեր ժողովրդին պահի ու պահպանի», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, պահեց ու պահպանեց», եւ Ռաֆոն գոհունակությամբ ժպտալով ասաց՝ «Եղբայր Հովակիմի ու մեր մյուս եղբայրների միասնական աղոթքների ու աղերսների շնորհիվ», եւ ես ժպտալով հարցրի՝ «քանի՞ հոգով էիք աղոթում», եւ Ռաֆոն մտքի մեջ հաշվելով պատասխանեց ու ասաց՝ «յոթ», եւ ես հարցրի՝ «բայց ի՞նչ գիտեիք, որ ատոմակայանը պիտի պայթեր», եւ Ռաֆոն ասաց՝ «Եղբայր Հովակիմին էր ասվել», եւ ես հարցրի՝ «բայց խի՞ պիտի պայթեր», եւ Ռաֆոն ասաց՝ «էդ գիշեր ատոմակայանի շառավղով շատ ուժեղ երկրաշարժ պիտի ըլներ, բայց Եղբայր Հովակիմի ու մյուսներիս աղոթքների շնորհիվ Բարձրյալը մեր ժողովրդին խնայեց ու երկրաշարժը կանխեց», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «փաստորեն, մեր ժողովրդին փրկել եք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, Եղբայր Հովակիմի կյանքի գնով մեր ժողովուրդը փրկվեց», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց կյանքի գնով», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հառաչելով ասաց՝ «Եղբայր Հովակիմն էդ գիշեր էնքան հոգեւոր էներգիա ծախսեց, որ դրանից հետո ընդամենը մի ամիս ապրեց», եւ ես հարցրի՝ «ե՞րբ ա մահացել», եւ Ռաֆոն ասաց՝ «քառասունքը մի քանի օր առաջ տվինք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «նոյեմբերի տասնմեկին մեր էդ միասնական աղոթքն արինք, դրանից ուղիղ մի ամիս անց՝ դեկտեմբերի տասնմեկին հոգին ավանդեց», եւ ես հարցրի՝ «քանի՞ տարեկան էր», եւ Ռաֆոն ասաց՝ «դեկտեմբերի վեցին եղբայրներով իրա վաթսուն ամյակը նշեցինք, ու ընդամենը հինգ օր հետո հոգին ավանդեց», եւ ես հարցրի՝ «ինչի՞ց մահացավ», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «հոգեւոր էներգիայի գերածախսից», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գիտես», եւ Ռաֆոն ասաց՝ «ինքն ասեց», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞վ», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «Եղբայր Հովակիմը», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «ե՞րբ ասեց», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «էդ գիշերվա մեր միասնական աղոթքից հետո՝ լուսաբացին», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ասեց», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ առավոտվա կողմ տուն էինք վերադառնում, ճանապարհին ինձ էդ բանն ասեց», եւ ես նորից հարցրի՝ «ի՞նչ ասեց», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հիշելով ասաց՝ «ասեց՝ եղբայր Ռաֆայել, էս գիշեր էնքան հոգեւոր էներգիա ծախսեցի, որ դժվար թե մի ամսից ավել ձգեմ» եւ Ռաֆոն մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, էդ առավոտ՝ տունդարձի ճանապարհին Եղբայր Հովակիմը հերթական անգամ մարգարեացավ», եւ ես հարցրի՝ «էդ առավոտ թռնելո՞վ տուն վերադարձաք», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «ուշքդ ու միտքդ թռնելն ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ գիշեր էնքան հոգեւոր էներգիա էինք ծախսել, որ երեւի մի մետր էլ չկարենայինք թռնեինք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ առավոտվա կողմ արդեն լիքը տրանսպորտ կար» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բայց մենք տրանսպորտի չսպասեցինք. տաքսիով տուն էկանք», եւ ես ժպտալով հարցրի՝ «ասում ես՝ էդ առաջին թռիչքդ է՞ր», եւ Ռաֆոն ապշահար ինձ նայեց ու հարցրեց՝ «ո՞վ ասեց, որ առաջին թռիչքս էր», եւ ես ժպտալով ասացի՝ «նոր դու էիր ասում», եւ Ռաֆոն ավելի զարմացած հարցրեց՝ «ես ի՞նչ եմ ասել», եւ ես ասացի՝ «ասում էիր, որ առաջին թռիչքդ էր, դրա համար էլ շատ էիր վախեցել», եւ Ռաֆոն բավական երկար մտածեց ու հարցրեց՝ «էդ ո՞նց ա, որ դրանից առաջվա ասածներս չես հիշում», եւ ես հարցրի՝ «դրանից առաջ ի՞նչ ես ասել», եւ Ռաֆոն կարմրելով ասաց՝ «չեմ ասե՞լ, որ մի քանի անգամ Երեւանից Ապարան եմ թռել ու հակառակը», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «ասել ես», եւ Ռաֆոն ավելի կարմրելով հարցրեց՝ «չեմ ասե՞լ, որ մի անգամ էլ Մոսկվայից Լենինգրադ եմ թռել», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «երեւի ասել ես», եւ Ռաֆոն ավելի կարմրելով ասաց՝ «ո՞նց թե՝ երեւի» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «չեմ ասե՞լ, որ մի անգամ էլ Երեւանից Թիֆլիս ու Թիֆլիսից Երեւան եմ թռել», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «տուդա ի աբռատնը», եւ Ռաֆոն տհաճությամբ ինձ նայեց ու հարցրեց՝ «լսի. կարող ա՞ ուզում ես ինձ սխալ հանես», եւ ես արդարանալով ասացի՝ «նոր դու էիր ասում, որ առաջին անգամ Եղբայր Հովակիմի հետ Շենգավիթից Էրեբունու մասիվ էիր թռնում, դրա համար էլ վախեցել էիր», եւ Ռաֆոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «հասկացա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «երեւի ասել եմ, որ էդ օրն առաջին անգամ Երեւանի մեջ եմ թռել», եւ ես ժպտալով ասացի՝ «երեւի սխալ եմ հասկացել», եւ Ռաֆոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «էդ օրն իսկապես առաջին անգամ էի քաղաքի մեջ թռնում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ասում ես՝ տաքսիով տուն վերադարձա՞ք», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «հա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ գիշեր էնքան հոգեւոր էներգիա էինք ծախսել, որ երեւի մի մետր էլ չկարենայինք թռնեինք» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «համ էլ՝ մենք միշտ գիշերներն ենք թռնում. խուսափում ենք օդային ավտոտեսչության հետ ավելորդ կոնֆլիկտներից» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կարծեմ՝ քեզ էդ մասին արդեն ասել եմ», եւ ես ժպտալով ասացի՝ «հա. ասել ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չնայած էսքան վախտ օդային ավտոտեսչության հետ որեւէ կոնֆլիկտ չի էղել, բայց, ամեն դեպքում, զգուշանում ենք», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ էլ ճիշտ եք անում. որ թռնելուց ձեզ բռնեն՝ կարող ա յազվություն անեն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «բայց խի՞ պիտի յազվություն անեն», եւ ես ծիծաղելով ասացի՝ «փաստորեն, առանց պետհամարանիշի եք թռնում», եւ Ռաֆոն զզվանքով նայեց ինձ ու ասաց՝ «հոգուդ մեղք ես անում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էս թեմայով կատակներ մի արա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «միշտ պիտի Աստծո պատժից վախենաս», եւ ես ժպտալով ասացի՝ «վախենում եմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի հոգու սխալի պատճառով Աստված կարող ա ամբողջ ազգին պատժի», եւ ես հարցրի՝ «մի հոգու պատճառով խի՞ պիտի սաղին պատժի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր Աստվածն ամենաներողամիտն ա, ճիշտ ա, բայց որ համբերության բաժակը լցվում ա՝ էլ ներում ու բեկում չկա», եւ ես ժպտալով ասացի՝ «մտքովս չի անցել, որ Աստված մի հոգու պատճառով կարող ա մի ամբողջ ժողովրդի պատժի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «մենակ դու չես. քո պես լիքը մարդիկ կան, որ ինձ ու իմ նմաններին գժի տեղ են դնում», եւ ես ժպտալով ասացի՝ «ես քեզ գժի տեղ չեմ դնում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ էր պակաս, որ դու էլ ինձ գժի տեղ դնեիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ սեփական աչքովդ հրաշքը տեսել ես, ո՞նց կարաս ինձ գժի տեղ դնես», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ հրաշք», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Կարպով-Կասպարով անվանյալ հրաշքը», եւ ես ժպտալով ասացի՝ «ես քեզ միշտ էլ շատ լուրջ եմ վերաբերվել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ չասես էլ՝ գիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դրա համար էլ հետդ ըսենց ազատ խոսում ու սաղ գաղտնիքներս բացահայտում եմ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մնում ա՝ ինձ էլ թռնել սովորացնես», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «որ քեզ խելոք պահես, կարող ա թռնել էլ սովորացնեմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա քե՞զ ով ա թռնել սովորացրել», եւ Ռաֆոն զարմացած ինձ նայեց ու հարցրեց՝ «հիշողությունդ ա՞ վատ, թե՞ ինձ ես փորձում» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի քիչ առաջ չասեցի՞, որ Եղբայր Հովակիմն ա սովորացրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց ոչ թե Էրեբունու մասիվ թռնելու օրն ա սովորացրել, այլ՝ դրանից շատ ու շատ առաջ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կամ հիշողությունդ ա վատ, կամ էլ ինձ ես փորձում», եւ ես հարցրի՝ «քե՞զ խի պիտի փորձեմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եսիմ. կարող ա ուրիշների պես մտածում ես՝ էս տղեն լրիվ գժվել ա, կամ էլ մտածում ես՝ ինձանից բաներ եմ բստրում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «հիշողությունդ ա՞ վատ, թե՞ ինձ ես փորձում», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «հիշողությունս խի՞ ա վատ», եւ ես ժպտալով ասացի՝ «նոր չասեցի՞, որ քեզ լրիվ լուրջ եմ վերաբերվում» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «փաստորեն, էդ գիշերվա ձեր աղոթքներով մեր ժողովրդին փրկել եք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ միայն աղոթքներով, այլեւ՝ թախանձագին աղերսանքներով» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ միայն ժողովրդին ենք փրկել, այլեւ՝ երկիրը» եւ մի քիչ էլ մտածեց ու դառը ժպտալով ասաց՝ «որ էդ գիշերվա մեր միասնական աղոթքներն ու աղերսանքները չըլնեին, երեւի մեր երկիրն էլ Չեռնոբիլի պես տերիտորիա դառնար» եւ մի քիչ էլ մտածեց ու տագնապած ավելացրեց՝ «ոչ թե՝ երեւի, այլ՝ հաստատ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ուղիղ տասներկուսին մեր աղոթքներն սկսեցինք ու առավոտվա յոթի կողմերն ավարտեցինք», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, ոչ թե տասներկուսին եք սկսել, այլ՝ տասներկուսն անց հինգ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ի՞նչ տարբերություն», եւ ես ժպտալով ասացի՝ «ո՞նց թե՝ ինչ տարբերություն. կարող ա էդ հինգ րոպեի ընթացքում ատոմակայանը պայթեր» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «ձեր ուշանալու պատճառով», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ոչ թե մեր պատճառով, այլ եղբայր Աբգարենց լիֆտի անսարքության պատճառով», եւ ես ասացի՝ «կարող ա հենց էդ հինգ րոպեների ընթացքում պայթեր», եւ Ռաֆոն մեղավոր ժպտալով ասաց՝ «ճիշտն ասած՝ իմ մտքով էլ ա էդ բանն անցել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որովհետեւ նախորդ գիշեր Եղբայր Հովակիմին ասվել էր, որ ուղիղ տասներկուսին պիտի մեր աղոթքներն ու աղերսներն սկսենք», եւ ես ժպտալով ասացի՝ «լավ ենք պրծել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու գոհունակությամբ ասաց՝ «փաստորեն, էդ գիշեր մեր բախտը մեր հետ էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ մեր ժողովրդի բախտն էր մեր ժողովրդի հետ», եւ ես ժպտալով հարցրի՝ «ասում ես՝ էդ գիշեր երկրաշարժ է՞ր ըլնելու», եւ Ռաֆոն զարմացած ինձ նայեց ու ասաց՝ «չեմ հասկանում՝ խի ես ժպտում» եւ մի քիչ մտածեց ու սարսափած ավելացրեց՝ «ոչ թե սովորական երկրաշարժ էր ըլնելու, այլ ութբալանոց հուժկու երկրաշարժ՝ Մեծամոր էպիկենտրոնով», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց կարող ա ատոմակայանը չպայթեր», եւ Ռաֆոն զարմացած ասաց՝ «չեմ հասկանում՝ խի ես ժպտում» եւ մատը վեր տնկելով բացականչեց՝ «էդ ի՜նչ ես ասում. ո՞նց կարող ա չպայթեր» եւ մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «մեր փնթիներն ատոմակայանն ուղիղ երկրի ճեղքվածքի վրա են կառուցել», եւ ես ասացի՝ «Խաչիկն էլ էր էդ ասում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Խաչիկին մենք ենք ասել», եւ ես հարցրի՝ «բա որ մի օր երկրաշա՞րժ ըլնի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրա համար էլ ատոմակայանը պիտի փակվի», եւ ես ասացի՝ «Ստամբոլցյանն էլ ա էդ ասում», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ Ստամբոլցյան», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Խաչիկ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրան մենք ենք ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «սկզբում մտածում էինք՝ էս միտինգների շեշտն ատոմակայանի վրա դնենք, բայց հետո հասկացանք, որ Ղարաբաղն ավելի կարեւոր ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էրկուսն էլ կարեւոր են», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բան չունեմ ասելու» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «մեկը մեկից կարեւոր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «երեւի ճիշտն էն կըլնի, որ էդ էրկու հարցերը զուգահեռաբար բարձրացվեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «երեւի պիտի իրանց նախազգուշացնեմ», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ նախազգուշացնես», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էս միտինգների պատասխանատուներին՝ Իգորին ու Սարուխանյանին», եւ ես հարցրի՝ «բա իրանց ո՞նց պիտի տենաս», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «էս միտինգից հետո կբարձրանամ հարթակ՝ իրանց ամեն ինչ մանրամասն կբացատրեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «բայց ո՞նց պիտի հարթակ բարձրանաս. հարթակը շատ ուժեղ հսկողության տակ ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ես էդ իմաստով պրոբլեմ չունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ իմ համար ընդամենը տեխնիկայի հարց ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «կբարձրանամ, էդ ամեն ինչը ոնց որ պետքն ա կբացատրեմ, համ էլ զաադնո կպարզեմ՝ իրանցից որ մեկն ա պայծառատեսը», եւ ես հարցրի՝ «ո՞նց պիտի պարզես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «իրանց մի քանի հատ խաչաձեւ հարցեր կտամ, պատասխաններից տեղնուտեղը կջոկեմ», եւ էդ պահին Սարուխանյանը հարթակից գոռաց՝ «Ղա՛-րա՛-բա՛ղ», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «համ էլ իրանց կզգուշացնեմ, որ Ղարաբաղի փոխարեն Արցախ գոռան», ու էդ պահին Սարուխանյանը գոռաց՝ «Լենի՛ն, պա՛րտիա, Գո՛ր-բա՛-չո՛վ», եւ հավաքվածները բռունցքները վեր պարզած աղաղակեցին՝ «Լենի՛ն, պա՛րտիա, Գո՛ր-բա՛-չո՛վ», եւ Ռաֆոն բռունցքը վեր պարզած խրոխտ գոռաց՝ «Լենի՛ն, պա՛րտիա, Գո՛ր-բա՛-չո՛վ», եւ վանկարկումներից հետո Սարուխանյանը խոսափողը փոխանցեց Իգոր Մուրադյանին, եւ երբ Իգորն սկսեց ռուսերեն կակազել, Ռաֆոն հոգոց հանելով ասաց՝ «տառապանքներս սկսվեցի՜ն», եւ ես հարցրի՝ «ի՞նչ տառապանքներ», եւ Ռաֆոն հոգոց հանելով ասաց՝ «որ էս Իգորն իրա էս ռուսերենով խոսում ա, ես սինխրոն իրա ասածները հայերեն թարգմանելով՝ մի կերպ տեղ եմ հասցնում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞ւր ես հասցնում», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «ժողովրդին» եւ ձեռքը ժողովրդի կողմ պարզելով ավելացրեց՝ «էս մարդկանց ուղեղներին»: