Եկող տարին հոբելյանական է հայտնի այլախոհ Սերգեյ Դովլաթովի համար: Դեռեւս 50-ը չբոլորած կյանքին հրաժեշտ տված գրողը կդառնար 70 տարեկան: Նա ծնվել է 1941թ. Ուֆայում, ապրել Լենինգրադում եւ Տալլինում, 1980թ. արտագաղթել ԱՄՆ եւ մահացել Նյու Յորքում՝ 1990թ.: Կենդանության օրոք տպագրված Դովլաթովի բոլոր 12 ժողովածուները հրատարակվել են Միացյալ Նահանգներում: Այնտեղ էլ նա դարձել է «Փեն» ակումբի մրցանակակիր եւ ռուս հեղինակներից Վլ. Նաբոկովից հետո երկրորդն է, որի ստեղծագործությունները տպագրվել են ամերիկյան հանդեսներում:
Գրողի մայրը ազգությամբ եղել է հայուհի, հայրը՝ հրեա: Ծնողները վաղ են բաժանվել, եւ Դովլաթովը ողջ կյանքում հաճույքով է կրել մոր ազգանունը: Միայն ԽՍՀՄ-ից հեռանալու ժամանակ է զգացել, որ հրեա լինելը կհեշտացնի իր մեկնումը: Ցավոք, Դովլաթովը հայերեն տպագրվել է ուշացումով, վերջին տասնամյակում, բայց հայ ընթերցողը Դովլաթովի գրքերը կարդացել էր ռուսերեն: Դրանցից կտրվելը կամ միայն 1 անգամ կարդալը պարզապես անհնարին է: Նրա բոլոր պատմվածքները եւ վիպակները («Մերոնք», «Զոնա», «Նոթատետրեր» եւ այլն) ծնվել են կյանքից եւ գրեթե բոլորն էլ ինքնակենսագրական բնույթ ունեն: Հետեւաբար պատահական չէր որպես գրողի եւ լրագրողի նրա անհաջողությունը հայրենիքում եւ մեծ հաջողությունը՝ ամերիկյան ընթերցողների շրջանում:
Հեշտ է Դովլաթովին կարդալը, քանի որ, ըստ նրա, «աշխարհը այլանդակ է, իսկ մարդիկ՝ տխուր»: Իր ուրույն ոճով այլախոհ գրողը տարբերվում էր շատերից՝ անգամ Սոլժենիցինից: Բոլորը գտնում էին, որ վերջինիս «Գուլագից» հետո ճամբարային թեման արդեն սպառված է, իսկ բանտային անվերջանալի հուշագրությունը ձանձրացրել է ընթերցողին: Դովլաթովն ապացուցեց, որ իր գրածը տարբերվում է մյուսներից: Ի տարբերություն Սոլժենիցինի, նա նկարագրում է ոչ թե քաղաքական ճամբարի, այլ քրեականի կյանքը: Եթե Սոլժենիցինը կալանավոր էր, ապա Դովլաթովը պահնորդ էր: Ըստ հանրահայտ գրողի, ճամբարը դժոխք է, իսկ Դովլաթովի կարծիքով՝ դժոխքը մարդիկ են, գործող անձինք:
Չնայած նրա պատկերած կյանքը ամենուր հուսահատական է, սակայն գրողի ոճը զուսպ հեգնական է եւ անկեղծ ծիծաղ է առաջացնում: Դրանք բոլորն էլ կարծես թե գրված են իբրեւ բանաստեղծություն, ուր սյուժեն սեղմ է:
Գրողի լավագույն բարեկամ, Նոբելյան մրցանակակիր Իոսիֆ Բրոդսկին, որի 70-ամյակը այս տարի է լրանում, հիշողության օգնությամբ փորձել է վերականգնել հիշատակը մի մարդու, որը «կյանքին ավելին է տվել, քան վերցրել է»:
Հաշվի առնելով հայ ընթերցողի մեծ հետաքրքրությունը Դովլաթով-գրողի նկատմամբ, ներկայացնենք նրա մանրապատումներից:
…Հայ նկարիչ (վտարանդի) Վահրիճ Բախչանյանն ինձ ասաց.
– Դու հայկական շշալցմամբ հրեա ես:
***
…Մի անգամ Բախչանյանին հարցրի.
– Դու հա՞յ ես:
– Հայ եմ:
– Հարյուր տոկոսո՞վ:
– Նույնիսկ հարյուր հիսուն:
– Ո՞նց թե:
– Անգամ խորթ մայրս էր հայ…