Լրահոս
Օրվա լրահոսը

«Պրոֆեսորների հարցով բախտս բերել է»

Հուլիս 03,2010 00:00

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջաններում հաճախակի են ներկայանում հայաստանցի այն երաժիշտները, ովքեր ինչ-ինչ պատճառներով  ապրում եւ ստեղծագործում են  այլ երկրներում: Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունը «Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 6-ին կազմակերպել է ամերիկաբնակ դաշնակահարուհի, մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր Կարինե Պողոսյանի մենահամերգը: Դաշնակահարուհու հետ կարճատեւ զրույցում պարզեցինք, որ նա երբեւէ չի էլ ձգտել ուսումը շարունակել  Արեւմուտքում: «Դեռեւս Երեւանի արվեստի թիվ 1 դպրոցում, Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա՝ կոնսերվատորիայում ուսանել եմ ճանաչված մանկավարժներ, պրոֆեսորներ Իրինա Գազարյանի, Վաչե Ումր-Շատի, Սվետլանա Դադյանի ղեկավարությամբ:  Ու երբ 1998-ին հայրս՝ նկարիչ Ռազմիկ Պողոսյանը հրավեր ստացավ՝ ԱՄՆ-ում ապրելու եւ ստեղծագործելու, ընտանիքիս ոչինչ չէր մնում, քան տեղափոխվել  օվկիանոսից այն կողմ»,- ասաց Կ. Պողոսյանը: Նա հավելեց նաեւ, որ պրոֆեսորների հարցով բախտը ԱՄՆ-ում էլ է բերել: Նորթրիջի Կալիֆոռնիայի համալսարանում սովորել է Ֆրանսուա Ռենյատիի, իսկ Նյու Յորքի  Manhattan School of Music-ում, որտեղ դասախոսում է՝ Արկադի Արոնովի դասարանում: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ վարպետության դասեր է առել Ալիսիա դե Լառուշից, Կլոդ Ֆրանկից, Յոն Օ`Հոնորից եւ այլ հայտնի երաժիշտներից: Երիտասարդ արվեստագետը բուռն ստեղծագործական կյանքով է ապրում. մենահամերգներ է ունեցել «Կարնեգի հոլում», աշխարհահռչակ «Յամահայի» համերգասրահում, համագործակցել Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ եւ մյուս նշանավոր նվագախմբերի հետ՝ անվանի դիրիժորների ղեկավարությամբ: Ինչ վերաբերում է համերգային գրաֆիկին, այն կազմվում է շուրջ մեկ տարի առաջ: Այսպես՝ դաշնակահարուհին արդեն գիտե, որ 2011թ. հանդես է գալու Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտի կատարմամբ, Park Avenue Chamber Symphony Orchestra-ի հետ՝ Դավիթ Բերնարդի ղեկավարությամբ:  Հարցին՝ եթե ԱՄՆ չտեղափոխվեր,  կլինե՞ր այնպիսին, ինչպիսին է, դաշնակահարուհին կատակեց. «Հաստատ կլինեի այն, ինչ կամ… գուցե փոքր-ինչ այլ ձեւով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել