Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսալեզու չինական ցուցահանդես

Հուլիս 03,2010 00:00

Հայաստան-Չինաստան մշակութային համագործակցության ծրագրի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանում Չինաստանի դեսպանատան նախաձեռնությամբ երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Չինաստան. Հյուսիսային լայնության 30՛» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Հյուսիսային լայնության 30-րդ զուգահեռականն անցնում է Հիմալայան լեռնաշղթայի վրայով եւ ընդգրկում Սիչուան, Հուբեյ, Հունան, Ցզյանսի, Անհոյ, Ցզյանսու, Չժեցյան, Չունցին եւ Շանհայ քաղաքները: Զուգահեռականի երկարությունը 5 հազար կմ է, սկսվում է Յանցզիի ակունքներից եւ հատելով Արեւելաչինական ծովը, հասնում Խաղաղ օվկիանոս: Հյուսիսային լայնության 30-րդ զուգահեռականի երկայնքով արեւմուտքից արեւելք ձեւավորվել է չինական պատմության բազմադարյա շերտը: Չինական քաղաքակրթության օրրաններ են Յանցզի եւ Հուանհե գետերի ավազանները, որտեղ համաշխարհային մշակութային ժառանգության 13 հուշարձան կա: Այս լայնության տակ է գտնվում 87 պետական մակարդակի բնական արգելոց: Շուրջ 65 չինական լուսանկարչական նկարներում, որոնք վերնագրված էին «Ձյան կացարան» (տիբեթերեն նշանակում է՝ Հիմալայներ), «Օրհնյալ վայր», «Մեծ պանդաների վայրը», «Լուշանյան մշակութային լանդշաֆտում», ներկայացնում էին չին ժողովրդի երջանիկ ու ներդաշնակ կյանքի համապատկերը: «Ձկնորսության սեզոնային արգելք» լուսանկարից իմանում ենք, որ ձկնային պաշարների պահպանման նպատակով Յանցզի գետի ավազանի 10 նահանգներում մտցվել է ձկնորսության սեզոնային արգելք, իսկ ծովափնյա 11 նահանգներում ամռանը գործում է ձկնային արտադրության արգելք: Չնայած ցուցահանդեսի բացմանը հայ հյուրերն էին գերակշռում, սակայն, ինչպես բազմաթիվ մշակութային միջոցառումներում, Ազգային պատկերասրահում էլ միջոցառման լեզուն ռուսերենն էր: Հայաստանում Չինաստանի դեսպան Տիան Չանջչունի չինարեն ողջույնի խոսքը թարգմանվեց կիսատ-պռատ ռուսերենով, իսկ ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը եւ այլք ելույթ ունեցան ռուսերեն: Ներկաներից մեկն էլ բարձրաձայն արտահայտվեց. «Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ մեզ մեր երկրում հայերեն իմանալ պետք չէ»:
Չինական այս ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հուլիսի 22-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել