Լրահոս
Օրվա լրահոսը

Շենգավիթը «խեղաթյուրվա՞ծ» է

Հուլիս 03,2010 00:00

Փենսիլվանիայի համալսարանի անտրոպոլոգիայի ֆակուլտետի ղեկավար Միշել Ռոտմանը հուշարձանի խորհրդային վերականգնումը «թույլ գործ» է համարում:

Հայաստանը՝ ձիաբուծության եւ մետաղագործության կենտրոն. հայ եւ ամերիկացի հնագետներն այս նախնական եզրակացությանն են եկել Վերին Նավեր դամբարանադաշտում եւ Շենգավիթում կատարվող պեղումների ընթացքում: Երեկ «Արմատ» ակումբում Փենսիլվանիայի համալսարանի անտրոպոլոգիայի ֆակուլտետի ղեկավար Միշել Ռոտմանն ու ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը խոսեցին պեղավայրերում գրանցված նոր հայտնագործությունների մասին: Շենգավիթում պեղումները սկսել են 2000-ի սկզբին, իսկ 2009-ից գործին մասնակից դարձավ նաեւ ամերիկյան կողմը: Այժմ պեղավայրում աշխատում են շուրջ 60 ՀՀ տարբեր բուհերի ուսանողներ, հնագետներ: Վերին Նավերի արքայական դամբարանաբլրում հայտնաբերվել են բրոնզից պատրաստված սուսեր, որոնք իրենց հնագույն ծագումով բնորոշ են միայն Հայաստանին: Մ. Ռոտմանը խոսեց Շենգավիթի պեղումների մասին. «35 տարի հնագիտության ոլորտում եմ եւ հետաքրքրված եմ այս ժամանակաշրջանով: Մեր ունեցած տվյալներն ինձ թույլ են տալիս ասել, որ այստեղ գոյություն է ունեցել կենտրոնացված պետություն, եղել են նաեւ բյուրոկրատական հաստատություններ, քաղաքներ: Իհարկե, տարիներ շարունակ մարդիկ կարծել են, որ սա գյուղական, համայնական մշակույթ է, բայց Շենգավիթում տեսնում ենք առանձին թաղամասերի առկայություն, ինչը եւ այլ փաստեր թույլ են տալիս վստահեցնել, որ սա քաղաքային մշակույթ է»: Արդեն գտնվել են 15-ից ավելի ցորենի հորեր, կենդանիների ոսկորներ, կաղապար, բրոնզից կախիկ, 4-րդ հազարամյակի թրծակավից պատրաստված առյուծի արձանիկ, վանակատից պատրաստված ականջօղ՝ փաթաթված ոսկե ֆոլգայի մեջ եւ այլն: Մեր այն հարցին՝ ճշտվա՞ծ են երկու կողմերի իրավունքները գտածոների նկատմամբ, պարոն Սիմոնյանը պատասխանեց. «Ունենք կնքված պայմանագիր ամերիկյան կողմի հետ, ըստ որի՝ հայկական կողմի բոլոր իրավունքները պաշտպանված են: Ոչ մի նյութ այստեղից չի գնալու դուրս, ամերիկյան ներդրումներն ուղղված են լինելու, որ Հայաստանի անունը հնչի ամբողջ աշխարհով, պարտավորվել են անգլերեն հրատարակություններն իրենց վրա վերցնել, բոլոր աշխատանքների տակ մենք որպես համաղեկավարներ եւ համահեղինակներ պիտի ստորագրենք»: 
«Առավոտի» հետ զրույցում պարոն Ռոտմանն ասաց. «Մինչ այստեղ գալս պեղումներ եմ իրականացրել Միջագետքում, սակայն պատկերն ամբողջական չէր, քանի որ չէի ուսումնասիրել շենգավիթյան հատվածը: Տարածքը 1937-1938-ին պեղվել է Բայբուրդյանի կողմից, հետո՝ Սարդարյանի: Վերջինս ոչ մի տեղեկություն չի թողել՝ կա ինֆորմացիայի պակաս: Վատ է կատարված նաեւ խորհրդային վերականգնումը. այն, ինչ վերականգնումից հետո տեսնում ենք այսօր, իրականում գոյություն չի ունեցել»:
Հայ-ամերիկյան առաջիկա 5-ամյա համագործակցության արդյունքում Շենգավիթը՝ պեղումներին զուգահեռ, կդառնա նաեւ զբոսաշրջության կենտրոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել