Հունիսի 26-ի Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարության կապակցությամբ կարող ենք անել որոշ հետեւություններ ու տալ հետեւյալ գնահատականները:
– Հայաստանի շահը, Հայաստանի դիրքորոշումը, հիմնավորումները, Հայաստանի ձայնը այլեւս որեւէ մեկը չի լսում: Համանախագահները, քաջ ծանոթ լինելով ԼՂ հակամարտության մանրամասներին, երբեք չեն ընդառաջել ադրբեջանական ճնշումներին՝ տարածքները օկուպացված ճանաչելու հարցում: Եթե այս անգամ հայտարարության մեջ նման ձեւակերպում կա, ապա դա ուղերձ է աշխարհին, որ հակամարտության մեջ առաջնայինը տարածքների, «օկուպացված տարածքների» վերադարձի խնդիրն է: Ու կարեւոր էլ չի, որ դա այդպես համարեն համանախագահները: Տարածքների հարցը, բանաձեւերի կամ հայտարարությունների նախագծերի տեսքով, առաջ են քաշելու թուրքերը, ադրբեջանցիները, իսկ համանախագահները արդեն իրենց դիրքորոշումը հայտնել են: Եթե թուրքերը կարողացան Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից կորզել նման ձեւակերպում, որը միակողմանի է եւ միջնորդներին հարիր չէ, ապա մնացածը հեշտությամբ կմիանան տարածքների հանձնման պահանջին:
– Այդ դիրքորոշման վրա են հենվելու նաեւ բոլոր երկրներն ու կազմակերպությունները, որոնք մշտապես հայտնում են իրենց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ արդեն աչքի առջեւ ունեն Եվրոպական խորհրդարանի եւ ԵԽԽՎ համապատասխան բանաձեւերը:
– Մեզ համար խնդիրը բարդանում է նրանով, որ եթե տարածքների հարցը նման միանշանակ բնորոշում չունենար, ապա հնարավոր էր օգտագործելով տարածքների հարցը՝ որպես դիվանագիտական հզորագույն լծակ, հասնել երկարատեւ, կայուն եւ համապարփակ խաղաղության՝ ԼՂ կարգավիճակի ճանաչման ճանապարհով: Այս հայտարարությունից հետո այլեւս Թուրքիան եւ Ադրբեջանը՝ վկայակոչելով երեք համանախագահ երկրների նախագահների դիրքորոշումը՝ չեն համաձայնի նման լուծման: Նրանք միջազգային հանրության աջակցությամբ կպնդեն, որ օկուպացված տարածքները պետք է առաջնային կերպով ազատվեն, որեւէ մեկը իրավունք չունի ուրիշի տարածք օկուպացնել, հետեւաբար այս հարցում կստանան միջազգային հանրության, բոլոր կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ աջակցությունը: Այսինքն՝ լրջագույն քայլ է արվել տարանջատելու տարածքների հարցը այլ խնդիրներից, ինչը ամբողջությամբ թուլացրել է Հայաստանը:
– Ռուսաստանի նախագահի կայքում տպագրված աղավաղված տեքստը, ինչը աննախադեպ եւ աղաղակող վրիպակ է, ցույց է տալիս, որ ռուսները փայլուն գիտակցում են արածի ծանրությունը: Նրանք գիտեն, որ նման ադրբեջանանպաստ ձեւակերպման համաձայնելը զարգացումները անշրջելի ուղու վրա է դրել: Սա պատմական իրադարձություն է եւ կարիք ունի պարզաբանումների Ռուսաստանի կողմից:
– Նման ձեւակերպման հեղինակը չէր կարող լինել Ադրբեջանը: Որեւէ մեկը Բաքվի հորդորով չէր վտանգի իրավիճակը հակամարտության գոտում, չէր վնասի ուժերի բալանսը: «Օկուպացված տարածքներ» ձեւակերպումը Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից օգտագործումը հնարավոր եղավ միայն Թուրքիայի համառ, հետեւողական պնդումների, չերեւացող դիվանագիտության արդյունքում: Սա եւս մի վկայություն է, որ Թուրքիան այլեւս ոչ թե միջնորդ է, ինչի դեմ շարունակում են պայքարել իրականությունից վերջնականապես կտրված մեր հանրապետականները, այլ կողմ՝ հզոր եւ իր շահը հստակ գիտակցող կողմ:
– Հայաստանի դիրքերի թուլացման մասին վկայում է նաեւ այն հանգամանքը, որ համանախագահ երկրների նախագահները արհամարհեցին հունիսի 18-ի ադրբեջանական հարձակումը եւ որեւէ կերպ չարձագանքեցին դրան: Վստահ կարելի է պնդել, որ հայկական դիվանագիտությունը փորձել է ստանալ որեւէ հայտարարություն այս կապակցությամբ, սակայն սա արդեն միջազգային հանրության հերթական արձագանքն է, որը անտեսում է Հայաստանի մոտեցումները, ավելին՝ իրականությունը եւ, փաստորեն, ջուր լցնում ադրբեջանական ջրաղացին: Փաստ է, որ ՀՀ ԱԳՆ-ն այլեւս կորցրել է որեւէ վերահսկողություն իրավիճակի վրա:
– ԼՂ խաղաղ գործընթացի վրա Հայաստանի իրական ազդեցության մասին կարելի է պատկերացում կազմել հաշվի առնելով հետեւյալը. եթե ակնհայտ փաստը՝ ադրբեջանցիների հարձակումը հունիսի 18-ին Մարտակերտում, չենք կարողացել ճիշտ ձեւով մատուցել եւ օգտագործել, ինչպե՞ս պետք է կարողանանք ավելի լուրջ, վիճահարույց հարցերում առաջ տանել մեր դիրքորոշումներն ու մոտեցումները, պաշտպանել մեր պետական շահերը;
– ՀՀ ԱԳ նախարարի լիարժեք ֆիասկոյի մասին է խոսում իր ողջույնը այս հայտարարության: Հաշվի առնելով այդ անձի պրոֆեսիոնալ որակներն ու բարոյական կերպարը, ես այլեւս չեմ զարմանա, որ նա հանդես գա նման ողջույնի խոսքով, երբ Հայաստանը ճանաչվի օկուպանտ: Հիշեցնեմ, որ մի քանի շաբաթ առաջ նա արդեն իր դրական վերաբերմունքը հայտնել էր ՌԴ նախագահի՝ ԼՂ խաղաղ գործընթացի մասով Թուրքիայի հետ խորհրդակցելու պատրաստակամության վերաբերյալ՝ կանաչ լույս վառելով Թուրքիայի՝ ԼՂ հարցը ավելի խորը ներգրավման համար: Ես նաեւ պատկերացնում եմ, թե ինչ զգացմունքներ են համակել ադրբեջանցիներին, երբ նրանք ծանոթացան Նալբանդյանի ողջույններին: Փորձենք կանխատեսել Մամեդյարով-Նալբանդյան հաջորդ հանդիպումը. Ադրբեջանի ԱԳ նախարարը ուրախությամբ կարող է նշել, որ իր ու Նալբանդյանի դիրքորոշումները թե ՌԴ նախագահի՝ Անկարակում արված հայտարարության եւ թե երեք երկրների նախագահների հայտարարության հարցով սկսում են համընկնել:
– Ողջույնի նման խոսքերը միայն սանձարձակում է թուրքերին՝ շարունակելու նվաստացնել Հայաստանը: Արդեն նշել էի, որ Հայաստանը որպես օկուպանտ ճանաչելու համար մեծ ջանքեր այլեւս պետք չեն՝ բավական է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների հայտարարությունը եւ այդ կապակցությամբ Է. Նալբանդյանի եւ ՀՀ հանրապետական կուսակցության ողջույնը: Սրանից հետո որեւէ երկիր չի հապաղի միանալ Հայաստանին դատապարտող հայտարարությանը եւ բանաձեւին: Հաջորդ այդպիսի թիրախը թուրքերի համար՝ ԵԽԽՎ-ն է, որի բյուրոն աշնանը կանդրադառնա ԼՂ հարցով հատուկ հանձնաժողովի ձեւավորմանը:
– Հանրապետականի խոսնակը կասի ամեն ինչ, ինչ հանձնարարեն: Իր շեֆը խոստանում էր, որ՝ «Հայաստանը ու Լեռնային Ղարաբաղը պետք է ունենան ընդհանուր սահման», իսկ համանախագահները՝ միջանցք, նա համաձայնում է, նա ողջունում է նաեւ օկուպացված տարածքներ ձեւակերպումը: Դա սեփական կարծիք չունեցող մարդու կերպ է: Կա եւս մեկ խնդիր՝ ես հավատում եմ, որ նա, ինչպես նաեւ իր գործընկերները խորությամբ չեն հասկանում, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Բայց երբ իրեն հարգող «վերլուծաբանն» է ասում, որ այս փաստաթուղթը վտանգավոր չէ՝ կամ նա արհեստավարժ չէ ու փորձ չունի կարդալու եւ խորապես հասկանալու միջազգային փաստաթղթերը, կամ էլ նա Հանրապետական կուսակցության քարոզիչ է:
– Առհասարակ՝ մեր հանրապետականների եւ ադրբեջանցիների դիրքորոշումները ավելի շատ են սկսել նմանվել՝ երկուսն էլ նույն կերպ են վերաբերվում միջնորդների հայտարարությանը, Հայաստանի Հանրապետականն ու ԲՀԿ-ն ջանում են միանալ Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը, որի առաջարկով Եվրոպական խորհրդարանը պահանջեց զորքերի դուրս բերում օկուպացված տարածքներից: Անկասկած է, որ ադրբեջանցիներն այս քայլերը միանշանակ կողջունեն: Չմոռանանք, որ Մեդվեդեւը համաձայնեց հունիսի 26-ի խայտառակ հայտարարության տակ դնել իր ստորագրությունը Սարգսյանի եւ Ալիեւի հետ հանդիպումից օրեր անց: Քանի որ երկու կողմն էլ ողջունել է հայտարարությունը, ուրեմն չի բացառվում, որ դրա դրույթները համաձայնեցվել են հենց այդ հանդիպման ընթացքում:
– Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ համանախագահները չեն գիտակցում, որ այս հայտարարությամբ իրենք մեծապես վտանգեցին բանակցությունները: Թուրքիան եւ Ադրբեջանը այլեւս չունեն որեւէ շահ՝ շարունակելու անպտուղ բանակցությունները: Եթե Բաքուն մերթընդմերթ նստի էլ սեղանի շուրջ՝ ապա միայն ձեւի համար: Այսուհետեւ այս երկու պետությունների հիմնական նպատակն է հասնել տարածքների հարցի տարանջատմանը՝ կարգավորման մնացած սկզբունքներից: Եվ դա մեր դիվանագիտության սխալների պատճառով դարձել է հնարավոր՝ եթե բոլոր երկրները ճանաչեն զավթման փաստը, ապա Ադրբեջանի համար այս հարցի շուրջ զիջումները Հայաստանին դառնում են անիմաստ: Համենայնդեպս, եթե Հայաստանը լիներ Ադրբեջանի տեղը, այս իրավիճակում կվարվեր ճիշտ այդպես:
– Միջնորդների զբաղվածությունը այլ հարցերով թույլ չի տա նրանց խորը ներգրավվածություն ապահովել բանակցային գործընթացում: Եթե նրանք շատ մտահոգ լինեին բանակցությունների ճակատագրով՝ նման փաստաթուղթ ի հայտ չէր գա: Նշանակում է, որ նրանք ԼՂ կարգավորման խնդիրը, փաստորեն, թողել են ինքնահոսի, իսկ Թուրքիային հենց դա էլ պետք է: Միանգամայն հասկանալի է. ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության առաջնայնություններում Ղարաբաղի հարցը չորրորդ կամ հինգերորդ տասնյակում է: Ռուսաստանի համար թեեւ վիճակը փոքր-ինչ այլ է, սակայն համաձայնելով «օկուպացված տարածքներ» ձեւակերպմանը, Մոսկվան գերադասեց Թուրքիայի հետ բազմազան համագործակցությունը տարածաշրջանում բալանսը պահպանելու անհրաժեշտությանը (Հայաստանի հետ երկկողմ ռազմավարական հարաբերությունների մասին էլ չեմ հիշատակում): Իսկ Թուրքիայի համար Ղարաբաղի հարցը մտնում է կարեւորության եռյակի մեջ: Որքան էլ անհավանական է, այսօր Թուրքիան ավելի շատ ունի առաջարկելու ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին, քան վերջիններս իրեն: Այդ պատճառով էլ «կարգավորման» առաջին ջութակը անցել է Թուրքիային, որը, հատկապես հունիսի 26-ի պատմական իրադարձությունից հետո, ոչ մեկին դա չի զիջի:
– Հայաստանը, ցավոք, չունի դիվանագիտական ռեսուրսներ՝ դիմակայելու այս իրավիճակին: Հեռու եմ այն մտքից, որ միայն Հայ ազգային կոնգրեսն է տեսնում այս վտանգները: Վստահ եմ, որ ՀՀ ԱԳՆ բարձր որակավորում ունեցող անձնակազմը նույնպես պատշաճ կերպով համապատասխան տեղեկանքներ է մշակում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Սակայն այս հարցը նույնպես մենաշնորհային է եւ դրանով զբաղվում է նույն այն թիմը, որը կատարելապես ձախողել էր հայ-թուրքական հարաբերությունները՝ Թուրքիային դարձնելով վտանգավոր մի գործոն: Նրանց շնորհիվ է, որ տարվա սկզբից որեւէ երկրի որեւէ նախագահ չի ժամանել Հայաստան՝ նրանք գերադասում են մեր հարեւաններին: Նույն ձախորդները՝ նախագահական աշխատակազմից եւ ՀՀ ԱԳ նախարարն ու իր ոչ մասնագետ տեղակալը այսօր սիրողական գործողություններով խաղում են Հայաստանի ապագայի հետ: Այս թիմը հենվում է PR աջակցող քաղաքագետների ու թուրքագետների վրա: Բոլորս լավ հիշում ենք, ինչպես էին Ս. Զոլյանը, Ռ. Մելքոնյանը, Ռ. Սաֆրաստյանը, Ա. Իսկանդարյանն ու իր աշխատակիցները, հակառակ հասարակության շրջանում առկա մտահոգություններին, գովաբանում Ս. Սարգսյանի՝ Թուրքիային սիրաշահելու քայլերը: Նրանք հաշվի չառան, որ Ս. Սարգսյանի հետ գործ ունեցող յուրաքանչյուր քաղաքագետ կամ քաղաքական գործիչ անմիջապես վարկաբեկվում է՝ Ա. Բաղդասարյան, Վ. Մանուկյան, Ա. Գեղամյան, Խ.Հարությունյան: Հենց այդ վերլուծաբաններն էլ խայտառակ եղան միաբերան ողջունելով Ս. Սարգսյանի՝ հայ-թուրքական գործընթացում մնալը, այն դեպքում, երբ դրանից երկու ամիս առաջ նույնկերպ գովաբանեցին (կամ պահպանեցին քար լռություն) Ս. Սարգսյանի հակառակ մտադրությունը: Նրանց համար նշանակություն չունի գործընթացի ուղղությունն ու բնույթը՝ նրանց գործը Ս. Սարգսյանին ողջունելն է: Հիմա նրանց աստեղային ժամն է՝ հիմնավորելու, որ օկուպացված տարածքներ ասելով համանախագահ երկրները նկատի ունեին Շահումյանը…