Այս օրերին Հայաստանում է Իտալիայի Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի պատվիրակությունը: Նրանք ՀՀ ԳԱԱ-ի հետ բանակցություններ են վարում Հայաստանում Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի տարածաշրջանային մասնաճյուղ հիմնելու շուրջ: Հայաստանյան մասնաճյուղում նախատեսվում է դասընթացներ կազմակերպել Հայաստանի, արաբական երկրների, Մերձավոր Արեւելքի, Իրանի, Թուրքիայի, Չինաստանի աստղաֆիզիկոսների համար: 2009թ. ՀՀ ԳԱԱ-ի եւ Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի միջեւ կնքվել է համագործակցության պայմանագիր, որը նախատեսում է կադրերի վերապատրաստում, թրեյնինգների կազմակերպում, համատեղ հետազոտությունների անցկացում: Պայմանագրի շրջանակներում Հայաստանից մեկ ասպիրանտ արդեն գործուղվել է Իտալիա: