Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին մագիստրոսները

Հուլիս 03,2010 00:00

Վանաձորի մանկավարժականը հանդիսավոր ճանապարհեց

Նրանք առաջինն էին, որ երախտագիտության զգացումով եւ ամենայն պատասխանատվությամբ ընդունելով մագիստրոսական կրթության վկայականը՝ հանդիսավորապես երդվեցին՝ ամբողջ կյանքում նվիրված լինել մասնագիտությանը, ստացած գիտելիքներն օգտագործել ի նպաստ հայրենիքի:  Նրանք 52-ն են եւ 40-ամյա բուհի առաջին մագիստրոսները: Երբ 2008թ. ՎՊՄԻ-ն առաջին անգամ 4 մասնագիտությունների գծով («Հայոց լեզու եւ գրականություն», «Պատմություն», «Մանկավարժություն եւ հոգեբանություն», «Մաթեմատիկա») ընդունելություն կատարեց մագիստրատուրայում, նախեւառաջ խնդիր ուներ՝ սոսկ չիրագործել եռաստիճան կրթական համակարգ ունենալու նախագիծը, այլ «թողարկել» շրջանավարտներ, ում գիտելիքները մրցունակ կլինեն աշխատաշուկայում:
Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում օրերս տեղի ունեցավ ՎՊՄԻ-ի մագիստրոսների երդման ու հրաժեշտի հանդիսավոր արարողությունը: Օրն ամփոփում էր նաեւ անցած տարիների աշխատանքը: «Քանի որ առաջին անգամ է այդ կրթությունը կազմակերպվել մեզանում, հայցում եմ բոլոր մագիստրոսների ներողամտությունը, որովհետեւ անպայման եղած կլինեն ոչ ցանկալի ծրագրեր, դասընթացներ եւ այլն: Բայց ես համոզված եմ, որ ե՛ւ դասախոսական կազմը, ե՛ւ դուք շատ մեծ սիրով եք նվիրվել: Այսօր դուք ներկայացնում եք մեր գիտության, մեր երկրի այն շերտը, որը նոր-նոր քայլեր է անում գիտահետազոտական բնագավառում: Ես նկատի ունեմ ձեր ավարտաճառերը, որոնց մեծ մասը փայլուն պաշտպանություն են ունեցել»,- ասաց ՎՊՄԻ-ի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը:  
Որքան էլ օրը պաշտոնական ու հանդիսավոր էր, այնուամենայնիվ, գերակշռում էին զգացմունքները. հուզված էին դասախոսները, ծնողներն ու, իհարկե, շրջանավարտները: Մագիստրոսական թիկնոցն ու գլխարկը պարտավորեցնող են. դեռ միջնադարում մագիստրոսներին է վստահվել  կարեւոր խնդրի շուրջ ծագած վեճ-վիճաբանությունների հանգուցալուծումը: Իսկ այսօր իրենք օրինակ են, ում պիտի հետեւեն նոր եկող ուսանողները:
Բուհի խորհրդի նախագահ Հենրիկ Քոչինյանն էլ մաղթեց. «Ճանապարհի կեսից կանգ չառնեք: Դժվար է, ոչ մի բան հեշտությամբ չի տրվում, առավել եւս՝ գիտելիքի ոլորտում: Բայց ես ձեզ ծնողի իրավունքով խորհուրդ եմ տալիս՝ շարունակե՛ք ասպիրանտուրայում: Դուք կտեսնեք, որ ապագան ավելի լուսավոր կլինի ձեզ համար»: Պրոռեկտոր Սուսաննա Թումանյանն էլ նշեց. «Առաջին հերթին կցանկանայի, որ ոչ մի մագիստրոս ոչ մի արգելքից կամ խոչընդոտից երբեք չհուսալքվի, միշտ ուժ ունենա պայքարելու: Կյանքում ոչինչ հեշտ չի տրվում»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել