Ցեղասպանության խնդրի մասին հայերին խորհուրդ է տալիս Լիբանանի պատգամավորը
Երեկ ՀՀ ԳԱԱ-ում Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ մեկնարկեց «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ» միջազգային համաժողովը: Մեկօրյա համաժողովին մասնակցում էին Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Սիրիայից եւ Լիբանանից հրավիրված քաղաքական-հասարակական գործիչներ:
Ըստ ԳԱԱ տնօրեն Ռադիկ Մարտիրոսյանի՝ «100-ամյակը մեզանից պահանջում է նոր մոտեցումներ, նոր խնդիրներ:L Նախատեսված միջոցառումները պետք է լինեն կոորդինացված, նոր քայլեր, նոր շունչ ներշնչեն Հայոց ցեղասպանության հարցին: Հենց այս նպատակն էլ ունի համաժողովը»:
Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, դրա հետեւանքների հաղթահարումը հայ ժողովրդի եւ Հայաստանի համար ազգային պետական անվտանգության խնդիր է: «Կփորձենք պետական, քաղաքական, հասարակական կառույցների, իրավասու ներկայացուցիչների, գիտնականների հետ միասին քննարկել, թե առաջիկա 5 տարիների ընթացքում ինչպիսի միասնական գործողություններ են անհրաժեշտ»,- ասաց նա:
Ըստ Ա. Աբրահամյանի, Հայաստանի եւ Սփյուռքի խնդիրն է, որ մինչ 2015 թվականը Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման եւ Հայոց պահանջատիրության հարցում ունենանք որակապես նոր, արդարացի իրավիճակ.
«Դրա համար անհրաժեշտ է ստեղծել մի խորհուրդ, որը կզբաղվի ցեղասպանության ոչ միայն ճանաչման, այլեւ հետեւանքները մաքրելու հարցով: Համազգային նշանակության խնդիրը կարգավորելու համար դեռեւս չունենք մշակված ամբողջական ծրագիր, նաեւ հայության միասնական դիրքորոշում Ցեղասպանության ճանաչման եւ հայոց պահանջատիրության վերաբերյալ։ Անհրաժեշտ է միասնական գործողությունների ծրագրի մշակման նպատակով հանձնաժողով ստեղծել, որի կազմում կլինեն պետական իրավասու պաշտոնյաներից բացի՝ համահայկական կառույցների ղեկավարներ, մեծանուն գիտնականներ, մտավորականներ: Նրանք, ում խոսքը եւ գործը հասու են միջազգային հանրությանը»:
ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի Հայոց եւ Մերձավոր Արեւելքի պատմության պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը 100-ամյա տարելիցի միջոցառումներում եւ ակնկալվող փոփոխություններում կարեւորեց ՀՀ կառավարական նախաձեռնությունները. «Հայկական ցեղասպանությունը պետք է դարձնել համամարդկային խնդիր, սա՛ է մեր պայմանը: Պետք է որոնել ճիշտ պետական մոտեցումը, որն ամբողջ Սփյուռքը կկապի այս խնդրին: Թուրքական կառավարությունն արդեն «մտածում» է 100-ամյակի մասին՝ առաջիկայում կյանքի կկոչի 20 հատորանոց նախաձեռնություն՝ հայկական պրոբլեմի մասին»:
Լիբանանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ղասան Մուխայբերն էլ ասաց. «Չնայած հայ չեմ, բայց մարդկության ներկայացուցիչն եմ: Ցեղասպանությունը միայն հայերին չի վերաբերում, այն համամարդկային խնդիր է: Հայաստանի ներկայիս կառավարությունը պետք է կանգնի դատարանում՝ պաշտպանելու իր նախնիների իրավունքները»:
«Այսօր միջազգային քաղաքականության մշակման մեջ կարեւոր դեր են կատարում թանգարանները,- ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, հավելելով,- այսօր թանգարանային բում կա աշխարհում, որովհետեւ թանգարանային ցուցադրությունները՝ լինեն մշտական, թե շարժական, կարեւոր դերակատարություն ունեն քաղաքականություն մշակելու եւ այն առաջ տանելու առումով»: