Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՈՒՔ ԷԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՉԵՔ»

Հուլիս 03,2010 00:00

\"\"Այս կարծիքին է «Երիտասարդական հանրապետություն» նախագծի ուկրաինացի մասնակից Սերգեյ Նիչիպորեցը

«Հայաստանն ինձ համար ամենահրաշալի երկիրն է, ես հրաժարվեցի Իտալիա մեկնելուց՝ հանուն այստեղ գալու: Շատ գեղեցիկ երկիր է Հայաստանը՝ քարեր, լեռներ, հին եկեղեցիներ… կարող ես  հանգստանալ ու լիցքաթափվել: Արդեն ունեմ վարորդ, խանութպան ու տարբեր մասնագիտությունների տեր շատ հայ ընկերներ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Ուկրաինայից Հայաստան ժամանած Սերգեյ Նիչիպորեցը, ով մեր երկրում 2-րդ անգամ է լինում: Նա Եվրահանձնաժողովի «Երիտասարդությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակում մասնակցում է «Երիտասարդական հանրապետություն» նախագծին, որն անցկացվում է  Աշտարակի «Այրուձի» հեծյալ ակումբում՝ հուլիսի 1-10-ը: Երիտասարդական փոխանակման միջազգային այս նախագիծը, որը, բացի հայերից, միավորել է 5 տարբեր երկրների՝ Շվեդիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Չեխիայի Հանրապետության 18-25 տարեկան շուրջ 30 երիտասարդների, անցկացվում է հայկական «Այրուձի» եւ շվեդական NBV MittSverige հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ: Յուրաքանչյուր երկրից նախագծին մասնակցում է 4-ական ներկայացուցիչ եւ մեկ թիմի ղեկավար: Կազմակերպիչները մասնակիցների ընտրության հարցում հաշվի են առել անգլերենի իմացությունը, սոցիալական, քաղաքական եւ այլ առումներով իրազեկված լինելը: 10 օրերի ընթացքում երիտասարդները նախ ծանոթանալու են, թե ռեալ պետության մեջ ինչ կառույցներ են գործում եւ ինչի համար են դրանք, ապա համատեղ ջանքերով փորձելու են կառուցել պետության մի մոդել, որի քաղաքական, ռազմական, տնտեսական եւ իրավական համակարգը ժողովրդավարական հիմունքներով կընտրվի մասնակիցների կողմից: Ծրագրի շրջանակում անցկացվելու են բանավեճեր՝ պարզելու, թե ինչպիսին պետք է լինի օրենքը, կանոնադրությունը:
Ծրագրի վերջին փուլում մասնակիցների շրջանում կանցկացվի պայմանական նախագահական ընտրություն: Քվեարկությամբ նախագահ կընտրվի այն մասնակիցը, ով ձեռք կբերի բոլոր թիմերի վստահությունը:
Սերգեյ Նիչիպորեցը տարիներ շարունակ ակտիվ մասնակցություն է ունեցել ուկրաինական ընտրություններին, աշխատել է ե՛ւ Յուշչենկոյի, ե՛ւ Յանուկովիչի թիմերում, քաջատեղյակ է ընտրությունների ժամանակ տեղի ունեցող ընտրախախտումների մեխանիզմներին ու «մախինացիաներին»: Հայաստանի մասին ասում է. «Գիտեմ, որ ձեր երկրում եւս ժողովրդավարություն չկա, չեմ հավատում, որ նախագահին ընտրել է ժողովուրդը: Ինձ այնքան էլ դուր չի գալիս հայաստանյան քաղաքական դաշտի «վերխուշկան»: Զրուցակիցս կարծում է, սակայն, որ Հայաստանում էլ մի օր ամեն ինչ կշտկվի. «Գուցե 100 կամ 150 տարվա ընթացքում այստեղ էլ ժողովրդավարություն հաստատվի, ինչպես եվրոպական շատ երկրներում: Դրա համար պարտադիր չէ նարնջագույն հեղափոխություն: Հիմա ամեն ինչ շատ արագ է փոխվում, օրինակ՝ 5 տարեկանում երեխաներն ինտերնետից են օգտվում…»:
Մոլդովայից Հայաստան ժամանած 20-ամյա Դանան առաջին անգամ է Հայաստանում, մինչեւ այցը ոչինչ չգիտեր մեր երկրի  մասին. «Մարդկանց մասին կարող եմ ասել, որ ընկերասեր են, գեղեցիկ կանայք ու տղամարդիկ շատ կան: Ափսոս,  օդանավակայանից տեսածս Հայաստանն ու Երեւանը շատ տարբեր են Աշտարակից: Աշտարակում մարդիկ հազիվ գոյատեւում են»:
Չեխիայից եկած  21-ամյա Ռադկան Կովկասում առաջին անգամ է. «Կովկասն ինձ հետաքրքրեց այն պատճառով, որ չեխերս ոչինչ չգիտենք այս տարածաշրջանի մասին: Ուզեցի սեփական աչքով տեսնել ամեն ինչ եւ արդեն շատ ընկերներ ունեմ»:
Շվեդ Քաջսային դուր չէր եկել հայերի հագուկապը: Նրա կարծիքով՝ միօրինակություն է տիրում. «Քչերն են տարբերվում ընդհանուրից: Զարմանում եմ, որ ամռան շոգին  Հայաստանում երկար տաբատներ են հագնում, երիտասարդ աղջիկներն էլ ողջ օրը բարձրակրունկ  կոշիկներով են»:
«Երիտասարդների հանրապետություն» ծրագրի տնօրեն Արմենուհի Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Երիտասարդների, մասնավորապես՝ հայ երիտասարդների համար, ովքեր նույնիսկ քաղաքագետներ, միջազգայնագետներ են, կարեւոր է 25-30 տարեկանում իրենց սովորածը կիրառել ռեալ աշխատանքի մեջ: Այսպիսի ծրագիրը հետաքրքիր գաղափարներ, հայտնագործություններ կարող է տալ»: Ա. Սարգսյանը գտնում է, որ ծրագիրը նաեւ տարբեր երկրների միջեւ միջմշակութային շփումն է զարգացնում: Ըստ մեր զրուցակցի, եվրոպացի երիտասարդի հնարավորություններն այս առումով ավելի մեծ են, եւ նման շփումները նախեւառաջ հայ երիտասարդին են պետք:
Միջոցառումների շրջանակում նախատեսված են այցեր Հայաստանի տեսարժան վայրեր, երիտասարդները կլինեն նաեւ Բյուրականի աստղադիտարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել