Արթիկցի մյուս պաշտոնյաներին էլ նախազգուշացրեց «չֆռռացնել» իրեն
Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը մարզի խնդիրներին անձամբ ծանոթանալու նպատակով սկսել է ճանաչողական այցեր կատարել մարզի տարբեր քաղաքներ: Մարզպետարանի մի քանի վարչության պետերի ուղեկցությամբ երեկ այցելեց Արթիկ, որտեղ անցկացրել է իր ջահելությունը. 15 տարի շարունակ ապրել է այստեղ ու ստեղծել ոստիկանի իր կարիերիան: Արթիկցիները, չնայած անտանելի շոգին, ժամ առաջ հավաքվել էին քաղաքապետարանի մուտքի մոտ՝ սպասելով պարոն Գիզիրյանին: Մարզպետի տրամադրությունը թեեւ շատ բարձր էր, զգացվում էր, որ կարոտել է քաղաքն ու հին ընկերներին (այստեղ, մեր տեղեկություններով, նա նաեւ դղյակ հիշեցնող առանձնատուն ունի), սակայն քաղաքի խնդիրներին ծանոթանալուց հետո բոլորին խստորեն նախազգուշացրեց իր հետ «խաղեր չտալ» ու նորմալ աշխատել: Գիզիրյանը հիշեցրեց, որ ինքը ոստիկանապետ է եղել, քաջածանոթ է քաղաքին, ամեն վայրկյան կարող է «ինֆորմացիա» ստանալ, հսկել ցանկացած պաշտոնյայի գործողությունները ու հարկ եղած դեպքում պատժել: Խոսեց Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանը: Նկատենք, որ այս պարոնը 2 տարի է՝ քաղաքապետ է, սակայն ոչ մեկն այսքան ժամանակ չէր լսել նրա ձայնը: Խ. Վարագյանը խոսեց քաղաքի խնդիրներից, մասնավորապես տեղեկացրեց, որ սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 103,4%-ով: «Հավաքագրման ժամանակ հո ժողովրդին նեղություն չե՞ք տալիս, արհեստական քաշքշուկներ չե՞ք ստեղծում»,- հետաքրքրվեց մարզպետը: Ապա անդրադարձավ Արթիկի սոցծառայության աշխատանքին: Ձայնին միամիտ տոն տալով՝ Ա. Գիզիրյանը սոցծառայության ղեկավարին հարցրեց. «Ձեզանից դժգոհություններ չկա՞ն», որին ի պատասխան՝ հնչեց. «Միանշանակ հնարավոր չէ ասել՝ չկան, 100 նպաստառու դուրս է մնացել ցուցակից»: Մարզպետը խստորեն նախազգուշացրեց. «Դուք բողոքներ չեք ստանում, բայց ես ստանում եմ, ձեր աշխատանքներն իմ հսկողության տակ են, ես տեղյակ եմ՝ ինչ է կատարվում, հանկարծ չմտածեք՝ ինֆորմացիա չեմ ստանում, այնպես չանեք, որ պատասխանատվության ենթարկեմ, ես գիտեմ՝ ինչ խաղեր կան, կրակի հետ չխաղաք, որ տանեն ձեզ գցեն ուրիշ տեղեր, չնչին գումար է, այնպես արեք, որ հասնեն հասցեատերերին»: Այնուհետեւ մարզպետը դիմեց քաղաքապետ Վարագյանին. «Ես գիտեմ համայնքի ղեկավարներ, որոնք գյուղերից Գյումրի են գալիս, ճանապարհին սատկած շուն են տեսնում, բայց ոչ մեկի պետքը չէ: Եթե ես իմանամ, որ Արթիկի քաղաքապետը տարածքով է անցել, որտեղ սատկած շուն կա ու չի վերցրել, նա խնդիրներ է ունենալու իմ հետ»: Այս այցի ընթացքում պարզվեց, որ բավականին լուրջ պրոբլեմներ կան 15 000 բնակչությամբ այս քաղաքում. խմելու ջուրն է աղտոտված՝ անձրեւների ժամանակ ստիպված են ցեխախառն ջուր խմել, ջրի զտման կայան չկա, մարդիկ գործազուրկ են, քաղաքն անհեռանկարային է, Արթիկի տուֆն այլեւս շինարարության համար չի օգտագործվում: Ի տարբերություն Գյումրու՝ Արթիկի ավագանին անչափ ակտիվ էր, նրանցից յուրաքանչյուրը իր հարցն ուներ՝ ուղղված մարզպետին: Նրանցից մեկը հարցրեց, թե ինչո՞վ բացատրել, որ մարզում հսկայածավալ շինարարություն է գնում, սակայն «մի հատ» Արթիկի տուֆից չեն տանում: Մարզի ղեկավարը խոստացավ այնպես անել, որ հանրահայտ տուֆն առանց պահանջարկ չմնա: Պարզվեց նաեւ, որ քաղաքում փողոցների անվանափոխության հետ կապված որոշակի խնդիրներ են ստեղծվել նպաստառուների համար: Ըստ փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի. «Ենթադրենք՝ ես Շահումյան 6 փողոցում եմ գրանցվել, հիմա դարձել է Լենինի փողոց, չհստակեցնելու պատճառով դուրս եմ մնացել նպաստառուների ցուցակից: Վերահսկիչ պալատը սրանք որպես կեղծիք է գրանցել, իսկ իրականում հասցեների փոփոխություն է եղել, սակայն անձնագրային բաժնի հետ հստակ չեն աշխատել»:
Վերջում ավագանու անդամներից մեկի հորդորով մարզպետը այցելեց Արթիկի ծայրամասային թիվ 6 դպրոց, որտեղ ցանկություն կար տեղակայել նաեւ մանկապարտեզ: Տեսնելով, որ այնտեղ պետական բյուջեի միջոցներով վերանորոգման աշխատանքներ են ընթանում, սակայն բավականին անփույթ ու փնթի ձեւով, տնօրեն Ռուբեն Աղաբաբյանն էլ տեղում չէր, մարզպետը տեղում ազատեց տնօրենին:
Ի դեպ, լրագրողներից պարոն Գիզիրյանը հետաքրքրվեց. «Էդ ի՞նչ էի արել, որ առաջին օրով էդպես վրա տվեցիք: Գրում եք, թե թիկնապահներով եմ ման գալիս, տարիներ առաջ երբ Ղարաբաղ էի գնում, ասում էին, թե թիկնապահներով եմ գնում, բայց այնտեղ թիկնապահներին ես էի թիկնապահություն անում»: