Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸՆԹԵՐԱԿԱՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ

Հուլիս 03,2010 00:00

Փաստացի հանգամանքները հաշվի չեն առնվել

Անցյալ տարվա նոյեմբերի 18-ին Արման Սարգսի Ասլանյանի 90 000 դրամ արժողությամբ ոսկյա շղթան հափշտակելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւանի քննչական վարչության Մաշտոցի նույնանուն բաժնում հարուցվել է թիվ 10129509 քրեական գործը՝ ՀՀ քրօրի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
2 օր հետո Արթուր Պողոսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրօրի 178 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Արթուր Պողոսյանին մեղադրանք առաջադրվեց, ինչի ծավալը հետագայում փոփոխվեց, եւ այս տարվա փետրվարի 8-ին նրան նոր մեղադրանք առաջադրվեց այն բանի համար, որ իբր նախկինում հափշտակություն կատարելու համար 3 անգամ դատապարտված լինելով, դատվածությունը չմարած, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, «նախնական համաձայնության գալով քրեական գործով դեռեւս չպարզված անձի հետ», անցյալ տարվա նոյեմբերի 17-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, Երեւանի Աբելյան փողոցի 3-րդ շենքի մոտ, «նայելու պատրվակով» Արման Ասլանյանից վերցրել է ոսկյա շղթան: Ըստ մեղադրանքի՝ նա «շեղել է տուժող Ասլանյանի ուշադրությունը», մինչեւ իր հետ եղած անձը հեռացել է՝ հետը տանելով վերը նշված ոսկյա շղթան, եւ դիմել է փախուստի:
Տուժող Արման Ասլանյանը տվել է ցուցմունքներ: Նախ, 2009թ. դեկտեմբերի 1-ին Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նա հայտնել է, որ Արթուր Պողոսյանը որեւէ առնչություն չունի կատարված հանցագործության հետ: Սակայն ինչ-ինչ պատճառներից դրդված՝ հրաժարվել է դատարանում իր կողմից տրված ցուցմունքներից եւ քննիչի մոտ հայտարարել ու ցուցմունք է տվել, թե իբր իր ոսկյա շղթան հափշտակել է Արթուրը:
Պաշտպանը միջնորդություն է արել, որ Արթուր Պողոսյանն առերես հարցաքննվի գործով տուժող Արման Ասլանյանի հետ՝ քրեական գործում առկա էական հակասությունները պարզելու համար: Սակայն Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Ա. Մայիլյանը որոշում է կայացրել այն մերժելու մասին:
Պողոսյանի պաշտպանը դիմել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազին, ինչպես նաեւ Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազություն՝ քննիչի նշված որոշումը վերացնելու մասին, խնդրելով հանձնարարել նախաքննական մարմնին՝ կատարել առերես հարցաքննություն, ինչպես նաեւ մի շարք այլ քննչական գործողություններ:
ՀՀ գլխավոր դատախազության թիվ 11-22-10 գրությամբ հայտնվել է, թե նշված միջնորդությունը քննարկման է ուղարկվել Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազություն, պարտավորեցնելով արդյունքների մասին հայտնել պաշտպանական կողմին: Սակայն նախաքննական մարմինը՝ հանձին քննիչ Ա. Մայիլյանի, ինչպես նաեւ Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազությունը, ըստ էության անտեսելով ՀՀ գլխավոր դատախազության գրավոր ցուցումը,  ապօրինի որոշում է կայացրել քրեական գործով նյութերին ծանոթանալու ժամկետը սահմանափակելու մասին: Արդյունքում ստացվել է, որ առանց առերես հարցաքննության, քրեական գործի նյութերին ծանոթացման ու տրամադրման՝ քրեական գործի քննությունը համարվել է ավարտված: Մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է դատարան:
Արթուր Պողոսյանը բազմաթիվ դիմում-բողոքներ է ուղարկել ՀՀ նախագահին, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը, ՀՀ գլխավոր դատախազությանը, Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազությանը՝ խնդրելով քննիչի կողմից թույլ տրված չարաշահումները, օրենքի բացահայտ կոպիտ խախտումները անհապաղ դարձնել քննարկման առարկա:
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից սույն քրեական գործը «գտնվել» է հսկողության տակ:
Պաշտպան Վահագն Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ քննիչ Ա. Վարդանյանը տուժող Ա. Ասլանյանի մասնակցությամբ կատարել է դեպքի վայրի զննություն: Որպես ընթերականեր ներգրավված են եղել Անահիտ Պետրոսյանը եւ Ս. Հակոբյանը: Այնուհետեւ՝ 23.11. 2009թ. քննիչ Ա. Վարդանյանը, անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին արձանագրություն կազմելիս, որպես ընթերականեր ներգրավել է Անահիտ Պետրոսյանին եւ Մարինե Ներսիսյանին: «2009թ. նոյեմբերին ընթերակա Մարինե Ներսիսյանը հարցաքննվել է որպես վկա, որում նշել է, թե իբր որպես ընթերակա ներկա գտնվելով՝ անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու ընթացքում Արման Ասլանյանը մատնացույց է արել իմ պաշտպանյալի ուղղությամբ, որ իբր նա եղել է այն անձանցից մեկը: Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաեւ գործով ընթերակա ներգրավված Անահիտ Պետրոսյանը: 2010թ. հունվարին անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրություն կազմելիս որպես ընթերակա ներգրավվել է Մարինե Բալասանյանը: 
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 17,18 հոդվածների եւ ՀՀ քրդատօրի 73 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ 2010թ. ապրիլի 13-ին թիվ 58 գրությամբ հարցում է կատարվել Սոցիալական ապահովության պետական ծառայություն: Վերջինս ի պատասխան՝ թիվ 04/3810 գրությամբ հայտնել է, որ Անահիտ Ռոբերտի Պետրոսյանը 11.11. 2007թ. առ այսօր աշխատում է Մաշտոցի ՆԳ բաժնում, Մարինե Վանիկի Ներսիսյանը 10.11. 2008թ. առ այսօր աշխատում է Մաշտոցի ՆԳ բաժնում, Մարինե Հենրիկի Բալասանյանը 13.12. 1994թ. առ այսօր աշխատում է Մաշտոցի ՆԳ բաժնում: Փաստորեն, նշված անձինք հանդես են եկել որպես ընթերականեր, հարցաքննվել են որպես վկաներ, ներգրավված են եղել կոնկրետ քննչական գործողություններին, ստորագրությամբ հաստատել են խիստ կարեւոր նշանակություն ունեցող դատավարական փաստաթղթերը»,- պատմեց փաստաբանը:
Ստացվում է, որ նախաքննական մարմնի հետ փոխադարձ համաձայնությամբ պաշտոնատար անձինք, շահադիտական նկատառումներով օգտագործելով իրենց ծառայողական պարտականությունները, դիտավորյալ, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակներից, խմբային շահերից ելնելով՝ երկնել են վերոհիշյալ փաստաթղթերը եւ դրանով իսկ Արթուր Պողոսյանին ենթարկել են քրեական պատասխանատվության՝ մեղադրելով ծանր հանցագործության մեջ: Ա. Պողոսյանը ամիսներ շարունակ գտնվում է կալանքի տակ: Սրանք փաստացի հանգամանքներ են, որոնք միանշանակ կարող են դառնալ ՀՀ ոստիկանության եւ ՀՀ դատախազության կողմից կատարման ենթակա ծառայողական քննության առարկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել