Սյունեցիները շարունակում են պայքարել ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ եւ առաջվա նման պնդում են, որ չեն նահանջելու:
Խորեն Հարությունյանն ու նրա համախոհները չեն նահանջելու:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հասարակական քննարկում էր կազմակերպել՝ կրկին Սյունիքում ուրանի հանքերի հնարավոր շահագործման շուրջ զարգացումների վերաբերյալ: Հիշեցնենք, որ այս քննարկումը մի քանի անգամ հետաձգվել էր:
Քննարկումից մեկ օր առաջ Կապանի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել եւ, ինչպես ենթադրվում էր, միաձայն որոշել՝ գրավոր դիմել ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը՝ խնդրելով կրկին անդրադառնալ ուրանի հանքավայրի շահագործման ծրագրերին՝ դրանք կասեցնել եւ ՀՀ կառավարության՝ 2008թ. Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում ուրանի հանքավայրի որոնողական-հետախուզական աշխատանքներ իրականացնելու որոշումը չեղյալ համարել:
Քննարկումն անցավ թեժ մթնոլորտում: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հենց սկզբից հերթական անգամ իրենց խիստ բացասական դիրքորոշումը ներկայացրին եւ մինչեւ հանդիպման ավարտը մնացին հավատարիմ դրան: «Մենք չենք ուզում իմանալ, թե մեր տարածքում ուրանի պաշար կա՞, թե՞ ոչ: Պահանջում ենք դադարեցնել այդ աշխատանքները, սա մեր վերջնական դիրքորոշումն է: Մենք արյուն ենք թափել այս հողի համար եւ պատրաստ ենք մինչեւ վերջ պայքարել, որպեսզի ոչ միայն ուրանի հանքը չշահագործվի, այլեւ դադարեցվեն սկսված որոնողական աշխատանքները»,- հայտարարեց «Ազատամարտ» կոմիտեի նախագահ, Կապանի ավագանու անդամ Խորեն Հարությունյանը:
Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը խիստ էմոցիոնալ որակելով այս եւ նման ելույթները, նշեց. «Հասկանում եմ եւ կիսում ձեր մտահոգությունները, բայց անհրաժեշտ է, որպեսզի ուսումնասիրություններ տարվեն եւ արդյունքները պարզ լինի, թե մենք որտեղ ենք ապրում, այստեղ ուրանի պաշար կա՞, թե՝ ոչ, որից հետո կորոշվի ինչ անել: Ի վերջո, թույլտվությունը դուք եք տալու, տեղի բնակիչները: Մենք խիստ կարեւորում ենք եւ անհանգստանում ենք բնակչության անվտանգության համար, եւ եթե զգանք, որ տեղացիների կյանքին վտանգ է սպառնում՝ ինքներս դա թույլ չենք տա»:
Սակայն լսարանը շարունակում էր հայտարարել, որ, միեւնույն է, անվստահությունը մեծ է, ժողովուրդն ապրելով նման երկրում՝ կորցրել է վստահությունն ամեն ինչի հանդեպ եւ ոչ մի երաշխիք չունի, որ ուրանի հետախուզական աշխատանքների արդյունքներից հետո եթե պարզ դառնա, որ հանքավայրի շահագործման համար բավարար պաշարներ կան, դրանք չեն շահագործվի: Երբ հայտարարվում է, որ տեղացիների կարծիքը չի անտեսվում ու կարեւորվում է, ապա ինչո՞ւ շարունակել ուսումնասիրությունները, եթե միեւնույն է՝ բնակիչները հիմա էլ են դեմ հանքերի շահագործմանը: Ըստ «Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամի» նախագահ Արմեն Փարսադանյանի, ուրանի հանքերի դեմ ստորագրահավաքին մինչ օրս միացել է 7000-ից ավելի սյունեցի: