Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉ ԿԱ-ՉԿԱ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ

Հուլիս 03,2010 00:00

Ըստ աշակերտների, կրթօջախում ճնգաժամ է, ըստ կառավարիչների՝ ազատություն

\"\"Hetq.am-ը տեղեկացնում է, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու տակ գտնվող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի սաները, չնայած ստեղծված արգելքներին, կարողացել են լուր ուղարկել Հայաստան, որ ճեմարանում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ:
Ըստ այդ լուրերի, վերջերս տեղի ունեցած հանդիսության ժամանակ աշակերտներից երկուսը՝ Անդրանիկ Գեւորգյանը եւ Հայկ Պողոսյանը, շփոթվել են եւ չեն կարողացել արտասանել հանձնարարված բանաստեղծությունները: Որպես պատիժ՝ ճեմարանի կառավարիչ հայր Խորեն Հովհաննիսյանը մեկ ամսով տվյալ աշակերտներին զրկել է որոշ իրավունքներից: Կառավարչի հետ հանդիպելու ավագ աշակերտների փորձը հարուցել է հայր Խորենի \"\"զայրույթը: Վերջինս մեղադրել է ավելի քան 8 տարի ճեմարանում գտնվող եւ արդեն ավագ դպրոցում սովորող Անդրանիկին՝ իր դեմ գործելու եւ դավադրություն կազմակերպելու մեջ եւ 20 րոպե է տվել ճամպրուկը հավաքելու եւ Հայաստան վերադառնալու համար: Տեսնելով, որ վերջինս ընդդիմանում է՝ հայր Խորենը ոստիկանություն է կանչել: Ոստիկաններն անմիջապես ժամանել են ճեմարան, սակայն աշակերտները փակել են ոստիկանների եւ անվտանգության աշխատակիցների ճանապարհը եւ թույլ չեն տվել Անդրանիկին դուրս բերել դպրոցի տարածքից: Ճեմարանում սովորող աշակերտների եւ կացության, եւ անվտանգության համար պատասխանատու է Մայր աթոռը:
Ըստ Կալկաթայից Հայաստան հասած լուրերի, երիտասարդների հետ տեղի ունեցածը առաջին նման միջադեպը չէ: Եկեղեցում վերջին պատարագի ժամանակ աշակերտուհի Լինեթ Սաֆարյանը թուղթը մոռանալու պատճառով չի կարողացել կարդալ ընթերցանության իր բաժինը: Նրա հասցեին եկեղեցում հայր Խորենը վիրավորական արտահայտություններ է արել:
Աշակերտները վստահեցնում են, որ պայքարելու են իրենց իրավունքների պաշտպանության համար եւ ընդդեմ ճեմարանում տիրող անօրինականությունների: Նրանք, զրկված լինելով ինտերնետից եւ կապի այլ միջոցներից, հաջողել են տեղի ունեցածի մասին տեղեկացնել Կալկաթայի Հայոց եկեղեցու վարչությանը, նախկին կառավարիչ Սոնյա Ջոնին, տեղական թերթերին, ինչպես նաեւ Հայաստանում գտնվող իրենց ծնողներին:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից մեզ փոխանցված Հայոց մարդասիրական ճեմարանի տեղեկատվական համակարգի պարզաբանումը, ինչպես եւ կարելի էր ենթադրել, վերը շարադրվածի հակապատկերն է: Ըստ այդ պարզաբանման, «աշակերտներից մեկը հեռացվեց ճեմարանից անհանդուրժելի արարքների եւ կարգազանցության համար՝ անհարգալից ընդդիմանալով եւ բացահայտ արհամարհանք ցուցաբերելով դպրոցի բարձր իշխանություններին՝ մի խումբ կրտսեր երեխաների ներկայությամբ: Արարք, որը խանգարում է կառույցի բնականոն ընթացքը: Կարգազանց աշակերտի մեկնելու պահին մի խումբ ընկերներ կատաղի դիմադրություն ցուցաբերեցին՝ սպառնալով, որ ընկերոջ գնալը ծանր հետեւանքներ կունենա: Մտահոգված դպրոցի հնարավոր անդորրի խախտումով, իրավապահներին խնդրվեց՝ անհրաժեշտության դեպքում ապահովել դպրոցի խաղաղությունը: Անանուն չարաբարո մարդիկ, ովքեր հեղինակել են հոդվածը, անձնական նեղ շահեր են հետապնդում: Աշակերտները այստեղ առավելագույնս վայելում են իրենց ազատությունը. լուսանկարը եւ հոդվածը փաստեց, որ նրանցից ոմանք չարաշահում են այդ ազատությունը»:
Հ. Գ. Հայկական ճեմարանի կառավարիչը՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորը նամակը անգլերեն է գրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել