Լրահոս
Օրվա լրահոսը

Հափշտակել են 8 մլն դրամ

Հուլիս 03,2010 00:00

Օգտագործել է կանանց հղի լինելու հանգամանքը

2010 թվականի մարտին դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հարուցեց քրեական գործ՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Նաիրիի տարածքային հարկային տեսչության սոցիալական վճարների եւ եկամուտների բաժնի տեսուչ Հովհաննես Արիստակեսյանի նկատմամբ՝ ծննդաբերության նպաստի անվան տակ պետությունից գումար հափշտակելու համար: Նախաքննությունն իրականացրել է հատուկ քննչական ծառայությունը՝ նախաքննությունը հանձնարարելով հատուկ քննչական ծառայությանը՝ բացահայտելով մի քանի դրվագներ, որոնց հետեւանքով պետությունից հափշտակվել է ավելի քան 8 մլն դրամ:
Հովհաննես Արիստակեսյանը հարկային տեսչությունում աշխատել է ավելի քան 4 տարի՝ 2005 թվականից սկսած: Երկու տարվա ընթացքում ուսումնասիրել է դաշտը, սողանքները եւ 2007 թվականին սկսել իր հնարամիտ բիզնեսը: Եվ եթե շատ եւ շատ գործատուներ հրաժարվում են հղի կանանց ընդունել աշխատանքի՝ նպաստ չտալու համար, ապա Հ. Արիստակեսյանը ճիշտ հակառակը՝ որոշել է օգտագործել կանանց հղի լինելու հանգամանքը եւ գումար հափշտակել պետությունից: Այսինքն՝ դասավորել, որ նրանց անունով ձեւակերպվեն ծննդաբերության բարձր նպաստներ եւ գրպանել՝ հղիներին տալու փոխարեն:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հ. Արիստակեսյանն իր հանցավոր գործունեությունը սկսել է 2007 թվականի հուլիսին: Առաջին երկու գործարքը կատարվել է «Սերգոյաններ», ապա «Համլետ Նարինե» ՍՊ ընկերությունների տնօրենների հետ եւ հետո նաեւ անհատ ձեռներեց Հովհաննիսյանի հետ համատեղ: Մասնավորապես՝ 2007 թվականի օգոստոսին «Սերգոյաններ» ՍՊ ընկերությունում աշխատանքի է ձեւակերպվել Երեւանի բնակչուհի Լիլիթ Դարբինյանը, որից Հ. Արիստակեսյանը նախապես վերցրել էր նրա անձնագրի եւ սոցիալական քարտի պատճենները՝ աշխատանքային ստաժի համար որեւէ կազմակերպությունում աշխատանքի ձեւակերպելու պատրվակով: Ի դեպ, ընկերության ընտրությունը պատահական չի եղել, քանի որ այդ ընկերության հաշվապահությունը փաստացի իրականացրել է հարկայինի տեսուչը, ինչն ավելի դյուրին է դարձրել զեղծարարությունը: Նախ՝ ընկերության կողմից հարկային տեսչություն կեղծ տեղեկություններ է ներկայացրել՝ իբր Լիլիթ Դարբինյանը երեք ամիս աշխատել է նշված ընկերությունում եւ ամսական ստացել 250. 000 դրամ աշխատավարձ: Լիլիթը ծննդաբերել է, եւ տեսուչը նրանից վերցրել է հղիության կապակցությամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տրված անաշխատունակության թերթիկը՝ իբր անձնական գործին կցելու համար: Բայց ինքը՝ ընկերության տնօրենի անունից կազմել եւ հարկային տեսչություն կեղծ տեղեկանք է ներկայացրել՝ իբր հղիության նպաստ՝ գործատուն Լիլիթ Դարբինյանին է վճարել ընդհանուր գումարով 1.151.300 դրամ, հետեւապես պետբյուջեից գործատուին փոխհատուցման ենթակա գումարն իբր կազմում է 1.102.100 դրամ: Իսկ հետո էլ հանդես գալով արդեն որպես հարկային տեսչության սոցիալական վճարների եւ եկամուտների բաժնի տեսուչ, իր ստորագրությամբ հաստատել գործատուի անունից ներկայացված տեղեկանքը, որից հետո նշված տեղեկանքը եւ Լիլիթ Դարբինյանի անաշխատունակության թերթիկը, փոխհատուցման գումարն ստանալու նպատակով, ներկայացրել են Եղվարդի սոցիալական ապահովության տարածքային բաժին: Փոխհատուցման ենթակա գումարը՝ 1.102.100 դրամը, 2007 թվականի նոյեմբերի 27-ին փոխանցվել է «Սերգոյաններ» ՍՊԸ-ի հաշվեհամարին, ինչը, բնականաբար, կանխիկացվել է եւ գրպանվել:
Երկրորդ գործարքը նույնպես տեղի է ունեցել «Սերգոյաններ» ՍՊ ընկերության հետ, սակայն ավելի մեծ ակնկալիքներով: Այս անգամ աշխատանքի է ձեւակերպվել Բելլա Ղազարյանը, իսկ որպես աշխատավարձ սահմանվել ոչ ավել, ոչ պակաս՝ 400.000 դրամ: Կինը ծննդաբերել է, որի թղթերը նույնպես Արիստակեսյանը վերցրել է 2008 թվականին, Կարեն Սերգոյանի անունից կրկին կեղծ տեղեկանքներ է կազմել, թե իբր որպես նախածննդյան եւ հետծննդյան նպաստ՝ գործատուն Բելլա Ղազարյանին վճարել է 1.816.400 դրամ, իսկ պետբյուջեից գործատուին փոխհատուցման ենթակա գումարը կազմել է 1.735.800 դրամ: Պետությունը փոխհատուցել է, իսկ Արիստակեսյանն ու Սերգոյանը՝ յուրացրել:
Երրորդ դեպքում հղի Սուսաննա Մկրտչյանի տվյալներն օգտագործվել են «Համլետ Նարինե» ՍՊ ընկերությունում աշխատանքի ձեւակերպվելու համար, որտեղ նրա համար որպես աշխատավարձ սահմանվել է 300.000 դրամ, որին իբր գործատուն որպես ծննդաբերության նպաստ տվել է 1.368.300 դրամ, որից 1.241.200 դրամը ենթակա է փոխհատուցման: Բնականաբար, պետությունն այս գումարը նույնպես փոխհատուցել է, ինչը նույնպես յուրացվել է: Ի դեպ, նկատենք, որ նշված բոլոր երեք դեպքերում հարկային փաստաթղթերում նշվել է, որ վերոհիշյալ հղի կանայք աշխատել են շուրջ 3 ամիս:
Բացահայտված 4-րդ գործարքը կատարվել է անհատ ձեռներեց Թեհմինե Հովհաննիսյանի անվան ներքո: Իրականացնելով վերջինիս հաշվապահությունը՝ 2008 հունվարի 23-ին գաղտնի, վերջինիս անունից կեղծ հաշվետվություն է ներկայացրել՝ իբր ձեռնարկատիրության տարեկան շրջանառությունը կազմել է 12 մլն դրամ, ինչի հետեւանքով որպես սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ հիմք ընդունված 11.422.500 դրամից հաշվարկվել եւ պետբյուջեից 2008 թվականի ապրիլի 25-ին եւ մայիսի 23-ին երկու փուլով Թեհմինե Հովհաննիսյանին է վճարվել ընդհանուր գումարով 4.383.634 դրամ հղիության նպաստ՝ այն դեպքում, երբ իրականում ձեռնարկատիրության տարեկան շրջանառությունը կազմել է ընդամենը 7 մլն դրամ, եւ պետբյուջեից Թեհմինե Հովհաննիսյանին որպես հղիության նպաստ ավելի է վճարվել ընդհանուր գումարով 1.918.900 դրամ: Նշված խոշոր չափերի գումարը, իբր վճարված հղիության նպաստի կապակցությամբ հարկեր մուծելու համար, Հովհաննես Արիստակեսյանը վերցրել է Թեհմինե Հովհաննիսյանից եւ հափշտակելով այն՝ օգտագործել իր անձնական կարիքների համար:
 Նշենք, որ Հ. Արիստակեսյանն այնքան է տարվել իր մշակած մեխանիզմով, որ դրա մեջ ընդգրկել է նաեւ եղբոր կնոջը եւ 2008 թվականի սեպտեմբերի 16-ին վերջինիս անվամբ հիմնադրել եւ Նաիրիի տարածքային հարկային տեսչությունում գրանցել են «Լիլիթ Խաչատրյան» անհատ ձեռնարկատիրությունը: Թեեւ նշված Ա/Ձ-ն որեւէ գործունեություն չի ծավալել, սակայն Հովհաննես Արիստակեսյանը եւ Լիլիթ Խաչատրյանը, դարձյալ աշխատանքային ստաժ ձեռք բերելու համար, աշխատանքի ձեւակերպելու պատրվակով վերցրել են Երեւան քաղաքի բնակչուհի, հղի Մարիամ Մովսիսյանի անձնագրի եւ սոցիալական քարտի պատճենները, վերջինիս ձեւականորեն աշխատանքի ձեւակերպել՝ սահմանելով 250.000 դրամ աշխատավարձ, ապա 1.151.300 դրամ հաշվարկել որպես հղիության նպաստ, որից փոխհատուցման ենթակա գումարը կազմում է 1.016.900 դրամ:
Հատուկ քննչական ծառայությունն արդեն ավարտել է նախաքննությունը, որի ընթացքում պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Իսկ Հ. Արիստակեսյանին, նաեւ նրա գործակիցներին՝ «Սերգոյաններ» ՍՊ ընկերության տնօրեն Կ. Սերգոյանին, «Համլետ Նարինե» ՍՊԸ տնօրեն Մ. Բադալյանին, անհատ ձեռներեց Լ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու համար, իսկ Հ. Արիստակեսյանին՝ նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել