Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՍԱԽԱԲ ԱՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ

Հուլիս 03,2010 00:00

\"\"

Հուլիսի  1-ին  ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված Դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 92-ամյակին, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը,  կառավարության անդամներ, դատաիրավական համակարգի կառույցների ղեկավարներ, դատախազության վետերաններ:
Դատախազության աշխատակիցներին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, ՀՀ վարչապետը մասնավորապես նշել է, որ տոնը բացառիկ հնարավորություն է՝ գնահատելու դատախազության անցած ուղին, ձեւավորման փուլերը, նվաճումները եւ բացթողումները, միեւնույն ժամանակ մատնանշելու այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն. «Ձեր աշխատանքով է էապես պայմանավորված մեր պետականության ամրապնդման աշխատանքների արդյունավետությունը: Համոզված եմ, որ այս գիտակցությամբ զինված՝ մենք ձեզ հետ միասին կկարողանանք բացահայտել թերությունները եւ դրանց վերացման ուղղությամբ կառուցել համատեղ աշխատանք: Համոզված եմ, որ դատախազությունում այսօր ունենք այնպիսի կուտակված ռեսուրսներ, մարդկային պոտենցիալ, որը հնարավորություն է տալու արդյունավետ լուծել հասարակության առջեւ ծառացած բոլոր խնդիրները»,- ասել է Տիգրան Սարգսյանը եւ  հավաստիացրել, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի դատախազության աշխատակիցների համար ստեղծի բարենպաստ պայմաններ՝ մասնագիտական պարտականությունները բարձր մակարդակով իրականացնելու համար: «Դա նշանակում է, որ մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք այն սոցիալական խնդիրներին, որոնք այսօր կան համակարգում»,- նշել է վարչապետը:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր շնորհավորական խոսքում արձանագրեց, որ ժամանակը, փոփոխվող հասարակական հարաբերությունները, գնալով ավելի բարդ ու վտանգավոր դարձող հանցավորությունն առաջադրում են նոր հրամայականներ, պահանջում են իրավական նոր լուծումներ, որոնց հիմքում պետք է դրված լինի իրավունքի գերակայությունը, ինչը եղել եւ մնում է իրավական պետության հիմքերի հիմքը: «Հենց դատախազությանն է վերապահված մարդու իրավունքների ու պետության շահերի, օրենքի ու օրինականության պաշտպանության  պատվարը լինելու բարձր առաքելությունը»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը՝ ավելացնելով. «Դատախազությունը, նրա յուրաքանչյուր աշխատակցի գործունեությունը մշտապես գտնվել ու գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Դա, անշուշտ, մեծ պատասխանատվություն է, բայց նաեւ մեծ պատիվ, ինչին պետք է մոտենալ երկյուղածությամբ ու մասնագիտական պատասխանատվությամբ»:
Նկատելով, որ երբեմն հնչում են դժգոհություններ դատախազության աշխատանքից՝ գլխավոր դատախազն ընդգծեց. «որովհետեւ ներքին հավատ ունեն, որ հենց դատախազությունն է կանգնած իրենց ոտնահարված իրավունքների պաշտպանության, օրինականության հաստատման դիրքերում, որ հենց դատախազությունն է իրենց պաշտպանելու առանձին չինովնիկների կամայականությունից ու հանցավոր աշխարհի ոտնձգությունից: Դա թանկ հավատ է, բարձր վստահություն ու պարտավորեցնող վերաբերմունք եւ մենք նրանց հուսախաբ անելու իրավունք չունենք»:
Մասնագիտական տոնի կապակցությամբ դատախազության ավելի քան 60 աշխատակիցներ, ինչպես նաեւ վետերաններ արժանացան  պարգեւների:  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրվեց գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի պետ Վարդան Մուրադյանը, ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգեւատրվեցին ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը, ՀՀ դատախազության աշխատակազմի  ֆինանսատնտեսական վարչության պետ Աշոտ Զալինյանը, ԱԺ նախագահի հուշամեդալով՝ Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը, ՀՀ  գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանը, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Աշոտ Նադոյանը:  Մի շարք աշխատակիցներ խրախուսվեցին վարչապետի եւ ԱԺ նախագահի շնորհակալագրերով: Պարգեւատրվողների թվում էին՝ կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աշրաֆյանը, ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետ Արթուր Գոյունյանը, կազմակերպական-վերահսկողական վարչության պետ Արտակ Հարությունյանը, գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Եսայանը եւ այլք: Հանցավորության դեմ պայքարում, իրավակարգի հաստատման գործում ներդրած ավանդի եւ համագործակցության համար իրավապահ մարմինների ղեկավարների՝ ոստիկանապետի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ Հատուկ քննչական ծառայության պետի կողմից հուշամեդալներով պարգեւատրվեցին նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանն  ու գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել