Նաեւ պահանջել է, որ ԵԽԽՎ-ում ՀՀ հարցով համազեկուցող նոր զույգ այցելի Հայաստան
«Ուղիղ մեկ տարի առաջ ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովն ընդունեց 1677 բանաձեւը, որը բավականին հստակ նկարագրում էր Հայաստանի՝ Եվրոպայի Խորհրդին տրված խոստումների եւ իրականության միջեւ գոյություն ունեցող հսկայական ճեղքը: Բանաձեւը նաեւ նշում էր մի շարք միջոցառումներ եւ բարեփոխումներ, որոնք ՀՀ իշխանությունները պետք է ձեռնարկեին նշված խնդիրները լուծելու համար: Այս բանաձեւի ընդունմանը զուգահեռ, ԵԽԽՎ-ն որոշեց հանել Հայաստանը հատուկ մոնիտորինգի ռեժիմից, որը սահմանվել էր 2008թ. փետրվարի 19-ի կեղծված ընտրություններից եւ ընդդիմության վրա իշխանությունների ձեռնարկած մարտիմեկյան հարձակումից հետո»,- երեկ իր տարածած ու նաեւ ԵԽԽՎ-ին ուղարկած հայտարարության մեջ արձանագրել է Հայ ազգային կոնգրեսը: ՀԱԿ-ը հիշեցրել է, որ ժամանակին վերապահումներ ուներ այդ որոշման կապակցությամբ ու հիմնավոր մտավախություն էր հայտնել, որ այն «մի կողմից՝ կնվազեցներ Հայաստանի խնդիրների կարեւորությունը ԵԽԽՎ-ի առաջնահերթությունների ցանկում, իսկ մյուս կողմից՝ կքաջալերեր Հայաստանի իշխանություններին՝ արհամարհելու վերոնշյալ բանաձեւում տեղ գտած պահանջները», ու արձանագրել, որ իր այդ մտահոգություններն այլեւս ապացուցված են: Կոնգրեսի դիտարկմամբ, դրա վկայությունն է այն, որ «ՀՀ իշխանությունները 1677 բանաձեւում ուշադրության արժանացած ոլորտներից եւ ոչ մեկում թեկուզ մեկ նշանակալի քայլ չեն կատարել», «խնդրահարույց բոլոր ոլորտներում նկատվել է հետընթաց», ու ընդունված բանաձեւն էլ «առանց որեւէ բառ փոխելու կարելի է ընդունել եւ այսօր, ու այն կլինի նույնքան արդիական, որքան մեկ տարի առաջ էր»: ՀԱԿ-ն անդրադարձել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով նախկին համազեկուցող զույգի՝ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի վերջին համատեղ հայտարարությանը: Ընդդիմությունը փաստել է, որ այն պարունակում է որոշ, բայցեւ իշխանություններին ուղղված «ուշացած քննադատություն»: Կոնգրեսն իր հերթին քննադատել է համազեկուցողների հայտարարությունը՝ շեշտելով, որ թեեւ այնտեղ անհանգստություն է արտահայտվել իշխանությունների կողմից «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու գործընթացին ընդդիմությանը մասնակից չդարձնելու կապակցությամբ, բայց «նրանց քննադատությունը իրական ազդեցություն չի ունենա, քանի որ այն չի պարունակում իրականացման հստակ ժամանակացույց, ինչպես նաեւ իրական հետեւանքների հեռանկար՝ վարքագիծը չվերանայելու դեպքում»: ՀԱԿ-ին մտահոգել է նաեւ այն, որ «համազեկուցողները ՀՀ իշխանություններին շռայլ գովեստներ են հասցեագրել՝ ոստիկանության համակարգի ինչ-որ մտացածին ռեֆորմի համար՝ այն դեպքում, երբ բանտերում շարունակում են մնալ 15 քաղբանտարկյալներ», ինչը հայտարարության մեջ նույնիսկ չի էլ հիշատակվել: Վերջապես, ՀԱԿ-ն իր մտահոգությունն է հայտնել, որ «չնայած հաճախակի կրկնվող՝ սահմանափակ ռեսուրսների ու ժամանակի մասին բողոքներին, ԵԽԽՎ-ն որոշել է իրականացնել նոր եւ, մենք կարծում ենք, անարդյունավետ մի առաքելություն, այն է՝ Ղարաբաղի բանակցությունների համար այլընտրանքային ֆորմատի ստեղծում ԵԽԽՎ-ի նախագահի հովանավորությամբ»՝ նկատելով, թե «շատ ավելի լավ կլիներ, եթե ԵԽԽՎ-ն չշեղվեր իր հիմնական առաքելությունից, այն է՝ աջակցել ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը»: Ընդդիմության համոզմամբ, «Հայաստանում տիրող իրավիճակը պահանջում է շտապ միջոցառումներ: Համազեկուցողները պետք է որպես առաջնահերթություն, փաստահավաք այցելություն կատարեն Հայաստան: Հիմնված նրանց այցելության եւ բացահայտումների վրա՝ Հայաստանի իրավիճակի քննարկումը պետք է մտնի ԵԽԽՎ-ի լիագումար նստաշրջանի օրակարգ, որտեղ պետք է քվեարկության դրվի Հայաստանը կրկին հատուկ մոնիտորինգի տակ դնելու առաջարկը»: