Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՔԼԻՆԹՈՆԻ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱ՞Ջ

Հուլիս 03,2010 00:00

\"\"Երեկ ազատ է արձակվել ընդդիմության կողմից որպես «քաղկալանավոր» հայտարարված Դավիթ Քիրամիջյանը

Երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի եւ անիմացիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Դավիթ Քիրամիջյանը, որին ՀՔԾ-ն մեղադրում է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի երրորդ մասի 1-ին կետի հատկանիշներով հանցագործություն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելու մեջ: Քիրամիջյանի ազատ արձակումը անակնկալ է եղել ոչ միայն նրա, այլեւ հարազատների ու պաշտպանի, համախոհ ընկերների համար: «Առավոտի» հետ զրույցում նա պատմեց, թե՝ երեկ, ժամը 14-ի կողմերը, հսկիչը բացել է իր խցի դուռն ու հայտարարել, որ տանում է ՔԿՀ պետի հետ հանդիպման: Վերջինս էլ նրան հաղորդել է, որ ազատ է արձակվում ու խորհուրդ է  տվել զգույշ լինել: Իսկ 19-ամյա երիտասարդի խափանման միջոց կալանքը բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ փոխարինելու որոշում է կայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Քիրամիջյանի պաշտպան Մելանյա Առուստամյանն «Առավոտի» հետ զրույցում մանրամասնեց, որ դատարանը նման որոշում է կայացրել, երբ դատաքննություն նշանակելու մասին որոշում կայացնելիս քննել է նաեւ խափանման միջոցի հարցը: «Ես, իհարկե, Քիրամիջյանին ազատ արձակելու միջնորդություն դատարանին ներկայացրել էի, բայց դա որոշում կայացնելու պահին դատարան դեռ չէր էլ հասել: Դատավոր Մարտիրոսյանի կայացրած որոշմամբ, խափանման միջոցը փոխվել է այն հիմքով, որ վերացել են Քիրամիջյանին կալանքի տակ պահելու հիմքերը՝ նախաքննությանը խոչընդոտել եւ այլն»,- ասաց տիկին Առուստամյանը: Ընդսմին, ո՛չ Քիրամիջյանի եւ ո՛չ էլ ՀԱԿ-ի մյուս ակտիվիստի՝ Սարգիս Գեւորգյանի (նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին կետով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ) նկատմամբ առաջադրված մեղադրանքներով քրգործը չի կարճվել: Մեր հարցին, թե՝ հույս ունի՞, որ գործը գոնե դատարանում կկարճվի, ու Քիրամիջյանի նկատմամբ արդարացման վճիռ կկայացվի, փաստաբան Առուստամյանն ասաց. «Կարծում եմ՝ այո: Ես արդարացման դատավճիռ եմ ակնկալում»:
Կալանքի տակ եղած ընդդիմադիրներից որեւէ մեկի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինելու որոշումը դատավոր Մնացական Մարտիրոսյանի հետ մի քիչ «անհամատեղելի» է՝ նկատի ունենալով թեկուզ  հենց «մարտիմեկյան» գործերով նրա դրսեւորած վարքագիծը: Պաշտպան Առուստամյանի դիտարկմամբ, այդպիսի որոշում կայացնելուն, իհարկե, նպաստել են նաեւ երիտասարդների հետեւողական պայքարն ու գործադրված  ճնշումները. «Նախ՝ պայքարելն էր ճիշտ, երկրորդ՝ կալանքի տակ պահելն էր ակնհայտորեն ապօրինի ու մեղադրանքի  հիմնավորումներն էլ՝ թույլ, նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներն էին կալանքը փոխելու միջնորդություն ներկայացրել»:
Ազատ արձակվելուց ժամեր անց Քիրամիջյանն արդեն միացել էր Սարյանի արձանին հարող պուրակում անցկացվող ամենօրյա «քաղաքական զբոսանքի» մասնակիցներին ու իր ընկերներին: Նրան, ինչպես բոլոր մյուս նախկին քաղբանտարկյալներին, հավաքվածները ծափողջույններով դիմավորեցին:
Իրեն ազատ արձակելու որոշման առնչությամբ Քիրամիջյանն «Առավոտին» ասաց. «Պարզ է, որ դա հնարավոր եղավ մեր երիտասարդների, նաեւ, երեւի, դրսի կողմից ճնշման արդյունքում: Իհարկե, ազդեցություն ունեցավ նաեւ այն, որ ինձ առաջադրված մեղադրանքն ապացուցող փաստեր չունեն: Ես որեւէ հանցանք իսկապես չէի կատարել: Հակառակը, դեռ ես եմ հարվածներ ստացել: Որ գործը չի կարճվի՝ նույնպես պարզ է: Չգիտեմ՝ գործը  դատարանում ինչ ընթացք կստանա, բայց կարծում եմ, որ «Նուբարաշեն» չեմ վերադառնա»: Նա նաեւ հայտարարեց, թե շարունակելու է իր ընկերների հետ միասին մասնակցել դեռ անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների ազատ արձակման, երկրում ժողովրդավարություն հաստատելու պահանջներով անցկացվող ակցիաներին՝ դեռ «մի քիչ էլ ավելի ակտիվ»: Իսկ դա նշանակում է, որ այդ պայքարի ընթացքում մի օր, թերեւս, անխուսափելի է լինելու նորից առերեսվել այն ոստիկանների հետ, որոնք մայիսի 31-ին ըմբոստ երիտասարդին պատժելու համար ծեծելով ու շորերը պատռելով ոստիկանության բաժին էին տարել, հետո էլ նրա դեմ ցուցմունքներ տվել: Եթե այդպիսի «հանդիպում» տեղի ունենա, Քիրամիջյանը նրանց որեւէ ասելիք կունենա՞: «Կարծում եմ՝ ոչ: Թեեւ այդ դեպքում զգուշավորությունն ավելի շատ իրենք կդրսեւորեն, քան ես: Իսկ ասելիք չեմ ունենա, որովհետեւ էդ տեսակի մարդիկ վատ իմաստով «ասիական ծագում» ունեն, իրենց ի՞նչ ասեմ: Իշխանությունները, որոնց նրանք այդպես ծառայում են, այսօր-վաղը կհեռանան, ու էդ ոստիկաններն էլ գիտեն դրա մասին, իրենք էլ են մի օր հեռանալու մեր ճանապարհից: Այն մարդիկ, ովքեր ուժ էին կիրառում իմ եւ որեւէ հանցանք չգործած մեր ակտիվիստների նկատմամբ, այն մարդիկ չեն, որոնց հետ կարելի է զրուցել, բացատրել: Եթե նրանց լսես՝ կասեն, գիտեք մեզ համար հե՞շտ է, գիշերները չենք քնում: Բայց ես չեմ հավատում. լավ էլ քնում են: Իրենք շատ լավ էլ գիտակցում են, թե ինչ են անում: Դա իրենց ընտրությունն է, ոչ ոք նրանց չի ստիպում աղջիկ հրել ու մարդ ծեծել»:
Իսկ «քաղկալանավոր» ձեւակերպման տակ քեզ հարմարավե՞տ էիր զգում: Մեր այդ հարցադրմանն էլ Քիրամիջյանը այսպես արձագանքեց. «Վատ չէր: Համենայնդեպս,  ավելի հաճելի է լինել քաղկալանավոր, քան իսկապես հանցագործ»:
Ի դեպ, դատավոր Մ. Մարտիրոսյանն այդ գործով դատական առաջին նիստը նշանակել է հուլիսի 14-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել