Սա է Ազգային անվտանգության խորհրդի նպատակներից մեկը
Հունիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով Հայաստանի սահմանային անվտանգության խնդիրներին, ասել է. «Այսօր ՀՀ սահմանները, ցավոք, չեն գտնվում այն վիճակում, որ կարող են ապահովել անվտանգության բարձր մակարդակ, եւ մենք ձեռնամուխ ենք եղել Հայաստանում սահմանային անվտանգության խնդիրների լուծմանը», ապա հավելել՝ «Մեր սահմանային ենթակառուցվածքները, սահմանային անցակետերը, ցավոք, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Մենք ունենք լրջագույն խնդիրներ, եւ այսօր ձեռնամուխ ենք եղել այդ խնդիրների լուծմանը, արդեն կա կատարած մեծ ծավալի աշխատանք, եւ կունենանք լավ արդյունքներ արդեն ընթացիկ տարվա ավարտին: Մենք ունենք նաեւ մեր գործընկերների լիակատար աջակցությունը: Մի կողմից՝ դա Ռուսաստանի Դաշնությունն է, մյուս կողմից՝ Եվրամիությունը, որոնք նույնպես ներգրավված են Հայաստանի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման եւ սահմանային անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներում: Այդ կապակցությամբ ստեղծվել է հատուկ միջգերատեսչական հանձնաժողով, որն զբաղվում է ՀՀ սահմանային անվտանգության բարձրացման խնդիրներով: Վերջին 6 ամսվա ընթացքում կատարվել է մեծ ծավալի աշխատանք, եւ հույս ունենք այս տարվա ավարտին ունենալ Հայաստանի սահմանային անվտանգության վիճակի բարելավման համալիր միջոցառումների փաթեթ, որը հնարավորություն կտա բարելավել մեր սահմանային ենթակառուցվածքները եւ այդպիսով բարձրացնել սահմանային անվտանգության մակարդակը»:
Ինչպես պարզ է դառնում այս մեջբերումից՝ Արթուր Բաղդասարյանը խոսել է ոչ թե մեր սահմանների պաշտպանվածության մակարդակի, մեր զինված ուժերի մարտունակության մասին, այլ սահմանային անվտանգության հետագա զարգացման եւ մասնավորապես՝ պետական սահմանի անցման կետերի արդիականացման մասին: Ավելին՝ նույն ասուլիսում պատասխանելով մեկ այլ հարցի՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը նաեւ նշել է, որ մեր զինված ուժերը գտնվում են բավարար մարտունակ վիճակում եւ պատրաստ են դիմակայել ցանկացած ագրեսիայի: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքը նենգափոխելով՝ 5-6 օր շարունակ նրա նկատմամբ տարաբնույթ հարձակումներ իրականացնելը վկայում է, որ քաղաքական որոշ շրջանակներ պարզապես իրենց նպատակներն ունեն, որոնց փորձում են հասնել ցանկացած անբարո միջոցներով, այլ ոչ թե մտահոգ են Հայաստանի սահմանների անվտանգությամբ ու պաշտպանվածությամբ: Հակառակ դեպքում Արթուր Բաղդասարյանի խոսքին գնահատական տվողները կբարեհաճեին գոնե ծանոթանալ նրա խոսքին ամբողջությամբ, ոչ թե դատողություններ կանեին կամ վիրավորական արտահայտություններ կհնչեցնեին՝ ենթատեքստից կտրված մի նախադասություն հիմք ընդունելով:
Ի գիտություն նրանց կրկնում եմ՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ղեկավարությամբ արդեն 6 ամիս է՝ գործում է «Սահմանային անվտանգության, ահաբեկչության եւ կիբերահաբեկչության դեմ պայքարի եւ Հայաստանի Հանրապետության սահմանների ենթակառուցվածքների առկա վիճակի եւ դրանց արդիականացման ու վերազինման հարցերի» միջգերատեսչական հանձնախումբը, որում ներգրավված են պաշտպանության, գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաեւ՝ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչները: Սահմանային անվտանգության ապահովումն իրենից ներկայացնում է կազմակերպչական, տեխնիկական, իրավական եւ այլ բնույթի միջոցառումների ընդգրկուն համակարգ, որը ներառում է պետական սահմանի անցման կետերի եւ ենթակառուցվածքների արդիականացումը, տեխնիկական վերազինումը եւ կառավարման ժամանակակից համակարգերի ներդնումը:
Հարկ է նշել, որ Եվրամիության «Սահմանների համալիր կառավարման» ռազմավարությունը, Եվրամիության երկրներից բացի, որդեգրվել է նաեւ ՌԴ, Ուկրաինայի, Թուրքիայի, Կենտրոնական եւ Արեւելյան Ասիայի երկրների կողմից, իսկ 2009 թվականին մեկնարկած «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման» ծրագրով նախատեսվում է ժամանակակից, հուսալի եւ կառավարելի սահմաններ ստեղծել Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում: Ձեւավորված միջգերատեսչական հանձնախմբի նպատակն է բարձրացնել սահմանային անվտանգության ապահովման համակարգում ներգրավված պետական մարմինների միջեւ փոխգործակցությունը եւ ապահովել սահմանների ինտեգրված կառավարման Եվրամիության մոտեցումների կիրառումը Հայաստանում, ինչը լուրջ նախադրյալներ կստեղծի մեր երկրի սահմանային անվտանգության բարելավման համար: Ի դեպ՝ այս մասին առաջին անգամ չէ, որ տեղեկատվություն է տարածվում, հանձնախմբի գումարած յուրաքանչյուր նիստից հետո Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը հաղորդագրություն է տարածել նիստում քննարկված հարցերի եւ կայացված որոշումների վերաբերյալ, որոնք կարելի է գտնել համացանցում: