Համոզված է ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը
– Վերջերս բավականին լավատեսական բաներ էիք ասել այն մասին, որ ճգնաժամը մեր երկրի տնտեսությունից նահանջում է, որոշ թվեր էիք ներկայացրել, պնդելով, թե մեր տնտեսությունը վատ վիճակում չէ: Դուք ձեր ասածներին հավատո՞ւմ եք:
– Իհարկե: Կան մարդիկ, որոնք թվերից խուսափում են, որովհետեւ չեն տեսնում թվերի ռեալ արտացոլումը ռեալ կյանքում, բայց թվերը համառ երեւույթ են: Ընդհանրապես, երբ տարբեր երկրների տնտեսությունները համեմատում են, տնտեսական աճը կամ անկումը էլի թվերով են համեմատում: Հետեւաբար, մենք թվերից խուսափել ուղղակի չենք կարող, որովհետեւ դա քաղաքակիրթ աշխարհի պահանջն է՝ համեմատել իրավիճակը տարբեր երկրների նույնանուն ցուցանիշների, ինչպես նաեւ նույն երկրի տարբեր ժամանակների նույն ցուցանիշների հետ: Եվ եթե մենք այսպես ենք մոտենում խնդրին, ապա ակնհայտորեն 2009-ին 2008-ի նկատմամբ մենք ունեցել ենք անկում, բայց 2010-ին ունենք կտրուկ աճ: Պետք է հասկանանք, թե այդ կտրուկ աճի պատճառը որտե՞ղ է: Երկու հիմնական պատճառ կա: Առաջինն ընդհանրապես աշխարհում տնտեսական ճգնաժամի նահանջն է, աշխարհի բոլոր շուկաներում տնտեսական աճ է արձանագրվում, տարբեր երկրներում՝ տարբեր մակարդակի, մեր պարագայում այդ ընդհանուր ֆոնի վրա տնտեսական աճի մակարդակը շատ ավելի բարձր է: Եվ այստեղ իսկապես մենք պետք է արձանագրենք, որ սա մեր հակաճգնաժամային ծրագրերի իրականացման շնորհիվ է: Որովհետեւ դեռ նախորդ տարվա երկրորդ կեսին մենք արդեն շատ ավելի մեղմ անկում արձանագրեցինք, քան առաջին կեսին, իսկ հակաճգնաժամային ծրագրի իրականացումը ունի իր առանձնահատկությունը՝ միանգամից իր ողջ ազդեցությունը չի ցուցաբերում, եւ, ահավասիկ, այս տարվա սկզբից դրական հետեւանքներն արդեն արձանագրվում են: Ուզում եմ ասել, որ ոչ միայն մակրոտնտեսական ցուցանիշներն են ավելանում, այլեւ պետական բյուջեի եկամտային մասը: Սա եւս շատ կարեւոր է, որովհետեւ մեր բոլոր ծրագրերն ուղղակիորեն կախված են մեր պետական բյուջեի եկամուտների առկայությունից:
– Համաձայն եմ, թվերը ռեալ բան են, եւ դրանք հաշվի չառնել հնարավոր չէ, սակայն թվերը լինում են իրական, հորինված, նկարված, ուրեմն ինչո՞ւ այդ նույն թվերը համադրելով՝ ընդդիմադիր տնտեսագետները բոլորովին այլ պատկեր են գծում մեր երկրի տնտեսության համար:
– Թվերը երբեք նկարված, հորինված եւ այլ տեսակի չեն լինում, թվերը լինում են իրական: Հակառակ պարագայում դրանք շատ հեշտ բացահայտվում են: Եվ եթե խոսում ենք տնտեսության մասին, ապա պետք է ասենք, որ թվերը երկու մասի կարելի է բաժանել՝ ռեալ թվեր, որոնք պետբյուջեի մուտքերն են, եւ դրան վիճարկելն ուղղակի անհեթեթություն է, եւ երկրորդը՝ տնտեսական մակրոցուցանիշներն են, որոնք հաշվարկվում են որոշակի մեթոդոլոգիայով՝ վիճպետվարչության կողմից: Այս թվերի հաշվարկի մեթոդոլոգիան ընդհանուր է, բացի դրանից, միջազգային հեղինակավոր կառույցները եւ առաջին հերթին Արժույթի միջազգային հիմնադրամը պարբերաբար տեսչական այցելություններ են կատարում բոլոր երկրների վիճպետվարչություն՝ ուսումնասիրելով, թե որքան հարազատ են մնում ընդհանուր մեթոդոլոգիային, եւ մեր երկրի վիճպետվարչության ցուցանիշները միշտ ամենաբարձրն են, որովհետեւ մեր կառույցը շատ բծախնդիր է հետեւում մեթոդոլոգիայի պահանջներին, եւ արդյունքն էլ լինում է շատ իրատեսական:
– Սակայն հայտնի է, որ տարածաշրջանում մեր տնտեսությունը մրցունակ չէ, մենք միշտ խոսում ենք ադրբեջանական նավթային դոլարների մասին:
– Երբ խոսում էինք իրական կամ ոչ իրական թվերի մասին, ասացի, որ ստի ոտքը կարճ է, երբ թիվ ես նկարում, դա շատ հեշտ բռնվում է: Ես համաձայն չեմ ձեր տեսակետի հետ, թե մեր տնտեսությունը մրցունակ չէ: Համեմատենք նույն Ադրբեջանի հետ: Ակնհայտ է, որ Ադրբեջանում տնտեսության առյուծի բաժինը հենց նավթով է պայմանավորված: Սակայն հեղինակավոր միջազգային կառույցները միանշանակ ասում են, որ նավթային բումը 2012-ից սկսած պետք է նվազի: Եվ այս պարագայում, երբ դուք ուզում եք ինձ համոզել, որ մեր տնտեսությունը Ադրբեջանի հետ մրցունակ չի, բնավ չեմ կարող համաձայնել: Ինչպես ասվում է հայտնի ստեղծագործության վերնագրում՝ շուտով կանցնի այնտեղի պերճանքը եւ կսկսվի թշվառությունը: Իսկապես, Ադրբեջանի պերճանքը կանցնի, եւ կմնա թշվառությունը: Մեզ մոտ այդպես չի, մեզ մոտ լուրջ ներդրումներ են կատարվում բազմապրոֆիլ ոլորտներում, տնտեսությունը գնալով դիվերսիֆիկացվում է, եւ սա այն հիմնական դասն է, որ մենք քաղեցինք տնտեսական ճգնաժամից: Այլ խնդիր է, որ շրջափակումը թույլ չի տալիս, որ մեր ապրանքներն ավելի մրցունակ լինեն միջազգային շուկաներում: