«Այսօր մենք քննարկել ենք հարցեր, որոնք դիտարկվել են հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում երեք նախագահների հանդիպման ընթացքում, տեղեկացրել ենք խաղաղ գործընթացի եւ այն բանակցությունների ընթացքի մասին, որոնք տարվել են երեք երկրների արտգործնախարարների մակարդակով: Բնականաբար, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հյուսիսային մասում տեղի ունեցած վերջին միջադեպի հետ կապված հարցը: Մենք եւս մեկ անգամ հաստատել ենք 1994-ին ստորագրված հրադադարի համաձայնագրի խախտման կապակցությամբ մեր մտահոգվածությունը: Մենք ելնում ենք այն բանից, որ այդպիսի միջադեպերը կարող են վնասել խաղաղ գործընթացին, եւ քննարկել ենք, թե ինչպես կարելի է ապագայում կանխարգելել այդպիսի միջադեպերը»: Ինչպես հաղորդում է Ստեփանակերտում «ԱրմԻնֆո»-ի թղթակիցը, այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսական համանախագահ Իգոր Պոպովը, ով տարածաշրջանային այցի շրջանակներում ամերիկյան համանախագահ Ռոբերտ Բրադտկեի հետ միասին գտնվում է Լեռնային Ղարաբաղում: Պատասխանելով ԼՂ կարգավիճակի մասին լրագրողների հարցին՝ Պոպովը նշել է. «Նախագահները հասկացողություն ունեն, որը ներկայացվել է ինչպես Աքվիլլայում, այնպես էլ այժմ, որ ԼՂ կարգավիճակի հարցերը պետք է ժողովրդավարական ճանապարհով լուծվեն՝ ժողովրդի կամքի արտահայտման հիման վրա: Ինչպես դա կլուծվի, դեռ պետք է քննարկել»: Իսկ հունիսի 18-ի միջադեպի մասին ասել է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների երկուշաբթի օրվա հայտարարության զարգացման նպատակով կայացել է ԼՂ ղեկավարության հետ քննարկում»: Ըստ նրա, այդպիսի միջադեպերը կանխարգելելու հարցը նախատեսվում է քննարկել ՀՀ պաշտպանության նախարարի հետ: Այդ նույն թեման կշոշափվի Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ հանդիպման ընթացքում: