Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՊՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՎԵՐԱԾԵՔ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ

Հուլիս 02,2010 00:00

Անվստահության զգացողությունը մի «խեղդեք» սիրով

«Երբ մարդն ուժեղ կապվում է ինչ-որ մեկին, որը թանկ է իր համար, եւ որին նա սիրում է, սկսում է վախենալ, որ կարող է զրկվել իր համար թանկ այդ մարդուց: Կապվածությունը մեկ այլ անձի հանդեպ եւ լավ է, եւ վատ: Լավ է այն առումով, որ ամեն ինչ փորձում են կիսել նրա հետ, որին կապվել ես, այսինքն՝ այստեղ խոսում է փոխադարձ վստահությունը, որը դրական է: Վատ է այն առումով, որ եթե հանկարծ կապվածություն ձեռք բերած անձը ինչ-ինչ պատճառներով կորցնի իր համար թանկ դարձած մարդուն կամ հիասթափվի նրանից, դա շատ ծանր հոգեբանական սթրես կլինի: Այս պատճառով սթրեսի կարող են ենթարկվել բոլորը՝ անկախ տարիքից, սակայն դեռահասների մոտ դա ավելի վատ է անդրադառնում, նրանք նույնիսկ կարող են ինքնասպան լինել»,- կապվածության վերաբերյալ իր կարծիքը հայտնեց հոգեբան Սվետլանա Գեւորգյանը: Նրա փոխանցմամբ, կապվածության տեսությունը նկարագրում է մեկ ուրիշ մարդու հետ ուժեղ կապվածության երեք տեսակ. հանգիստ կապվածություն, որը ենթադրում է ինքնավստահություն, սեփական արժանապատվության եւ զուգընկերոջ հետ սիրային հարաբերություններից ստացած բավականություն ու բավարարվածություն: Մտահոգված կապվածություն, որը ենթադրում է իր եւ զուգընկերոջ նկատմամբ անհանգիստ եւ անհամարժեք վերաբերմունք: Ավելի հաճախ խոսքը վերաբերում է սեփական անձի բացասական ու զուգընկերոջ՝ դրական ընկալմանը: Այսպիսի մարդիկ սովորաբար լիովին կախված են զուգընկերոջից: Եվ երրորդը՝ այնպիսի զուգընկերները, որոնց համար բնութագրական է խուսափման նրբերանգը, ջանում են ձեռնպահ մնալ չափազանց ուժեղ հուզական կապվածությունից, ինչը մարդուն դարձնում է խոցելի` վիրավորանքների եւ տառապանքների հանդեպ: Ս. Գեւորգյանը նշում է. «Քանի որ կապվածությունը հաճախ դրսեւորվում է վախով եւ սեփականատիրական զգացմունքներով, յուրաքանչյուրն էլ ցանկանում է, որ սիրելի մարդը, որի հանդեպ կապվածություն է զգում՝ իրեն փոխադարձությամբ պատասխանի եւ սիրի միայն իրեն: Իսկ մի երրորդ անձի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին իմանալիս, կապվածություն զգացողի մոտ ի հայտ է գալիս խանդ, որին կարող են հաջորդել վեճերն ու հիասթափությունը կյանքի եւ տվյալ անձի հանդեպ: Դե, իսկ խանդը գոյություն ունի ցանկացած տեսակի մարդկային հարաբերություններում: Ամեն ինչ պետք է վերահսկելի լինի, այսինքն՝ յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա կառավարել ինքն իրեն՝ բոլոր տեսակի հարաբերությունների ժամանակ»: Ըստ մեր զրուցակցի՝ անգամ չափազանց կապվածություն զգալու դեպքում անձը, օրինակ՝ աղջիկը, չպետք է իրեն խելագարի պես պահի, եթե, ասենք, նկատի, որ ընկերը փողոցում քայլելիս հայացք գցեց մեկ այլ աղջկա: Ըստ նրա՝ «կայուն ու մշտական հարաբերություններին ոչ մի դեպքում վտանգ չի սպառնում»: Կապվածությունը, ինչպես նաեւ խանդը երբեմն դուրս են գալիս վերահսկողությունից, եւ ի հայտ է գալիս սեփականատիրության զգացումը, բայց հիմնականում, ինչպես նշեց հոգեբանը՝ դա տեղի է ունենում մտահոգված կապվածության դեպքում. «Երբ մարդը մշտապես զբաղված է իր սիրելի մարդու հնարավոր կորստի գաղափարով: Իսկ սեփականատիրության զգացմունքը, որպես կանոն, վկայում է այն մասին, որ մարդը նշանակալի չափով անվստահություն ունի ինքն իր հանդեպ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել