Լրահոս
Օրվա լրահոսը

39. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Հուլիս 02,2010 00:00

\"\"
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, լեզվաբան Արտեմ Սարգսյանը:

\"\"
 Վարդան Մամիկոնյանի հուշարձանը:

Վերնիսաժում սկսեցի ուշադրությամբ ունկնդրել ոչ թե մարդկանց խոսակցության թեմաները, որոնք բազմազան են ու ոչ պակաս հետաքրքիր, այլ՝ թե ինչպես են խոսում մարդիկ, ինչքանով են դրանք առնչվում գրական լեզվին։ Զգացի գրական հայերենի եւ խոսակցականի միջեւ խորացող անջրպետը։ Թե այս թեման ինչքանով կարող է առնչվել իմ ճամփորդության ռեպորտաժային ոճին, դժվար է կանխորոշել, բայց ես որոշեցի նման մի փորձ կատարել, քանի որ թեման կարեւոր է ու հրատապ։

Կարիք զգացի մի զրուցակցի, որի հետ հենց «շուկայական» միջավայրում քննենք այս խնդիրը։ Մի քանի օր առաջ հայտնի լեզվաբան Արտեմ Սարգսյանի հետ խոսել էի այս թեմայի շուրջ, ուստի եւ որոշեցի հենց նրան էլ հրավիրել Վերնիսաժ, բնական միջավայրում շարունակել զրույցը լեզվի մասին։ Երբ նրան հայտնել էի իմ տագնապը գրական լեզվի ճկուն չլինելու եւ ժողովրդական խոսվածքից կտրված լինելու մասին, նա անմիջապես համաձայնեց ինձ հետ, ասելով.

– Եթե գրական լեզուն շարունակի իր այսօրվա ընթացքը, ապա մի 20 տարի հետո մենք կունենանք մի նոր «գրաբարյան» ճակատագիր։ Մեզ վրա կախված է լեզվամտածողության կորստի վտանգը։ Ոչ անցյալում երկու արվեստագետ ունեինք, որոնք գրական լեզվով էին խոսում։ Լուիզա Սամվելյանն էր ու Լեւոն Հախվերդյանը։ Եթե տիկին Լուիզան խոսում էր գրական, սակայն վերամբարձ ու «խուճուճ» հայերեն, ապա պարոն Հախվերդյանի գրականը շատ մոտ էր ժողովրդականին, որը կենդանի էր ու առինքնող, թումանյանական լեզվի պարզությամբ։ Մեր գրական լեզուն պետք է ընթանա հենց Լեւոն Հախվերդյանի լեզվամտածողության ուղղությամբ։

Գրավաճառների մասում հանդիպեցի լեզվաբանին ու առանց նախաբանի շարունակեցինք մեր զրույցը։ Մի պահ կողքի տաղավարից լսեցինք.

– Դե ես ըսի՝ իրանն ա…

– Տեսեք, պարոն Սարգսյան, նա չի ասում՝ «ասացի», որպես օժանդակ բայ «ա» է օգտագործում։

– Առօրյայում թերեւս ընդունելի է, բայց եթե պատգամավորը այդպես խոսի՝ չի ընդունվի։

– Ուրեմն գրականը հատուկ կաստայի լեզո՞ւ է։ Բայց թերթերը, որոնք մաքուր գրական են գրում, բոլորինն է, հեռուստատեսությունը, ռադիոն, թատրոնը, դասախոսությունը՝ նույնպես։

– 1929 թվականին մեր լեզվամտածողության գլխավոր հենասյուներից մեկը՝ Մանուկ Աբեղյանը, ասել է. «Հայոց լեզվի աղավաղման առաջին պատճառը ռադիոն է»։ Այն ժամանակ դեռ չկար հեռուստատեսությունը, որը հասարակության լեզվամտածելակերպի հայելին է։ Գրական լեզվի զարգացման երկու ճանապարհ կա. մեկը Րաֆֆու ճանապարհն է, զուտ գրական լեզուն։ Այս ճանապարհին էին Ստեփանոս Նազարյանը, Վահան Տերյանը, իսկ մյուսը թումանյանական ճանապարհն է, որի ակունքում Աբովյանն է, շարունակողը՝ Իսահակյանը…

– Չմոռանանք ասել, որ 1823 թ. գերմանացի ավետարանչականներ Դիտրիխն ու Զարեմբան, ունենալով Մարթին Լյութերի՝ գերմաներենի մեջ հեղափոխական հաջող փորձը, Շուշիում ձեռնարկեցին գրաբարը ժողովրդականով փոխարինելու գործընթացը։

– Այս գաղափարը գերմանացի Պարրոտի ազդեցությամբ իրականացրեց Թալիշի Աբովյան մելիքական հարստության ժառանգ Խաչատուրը,- ժպտալով ասաց Ա. Սարգսյանը։

– Հեռուստաեթերում ռուսերեն ինչ բարբառով, խոսվածքով խոսեն՝ ճիշտ է, գրական է, իսկ հայերենում նույնիսկ օժանդակ բայը «ա» ասելը սխալ է համարվում։ Անգլիացիները մեղադրում են ամերիկացիներին անգլերեն լեզվի աղավաղման խնդրում, իսկ ամերիկացիների համար կարեւորը լեզվի հարմարեցումն է այսօրվա պահանջներին։

– Հայերենը քառասունից ավելի բարբառ, շուրջ 200 խոսվածք ունի, բոլորն էլ՝ իրարից տարբեր։ Այսօր ունենք հարուստ գրական լեզու եւ աղքատ ու ճապաղ խոսակցական լեզու։ Փրկությունը դրանց մերձեցումն է,- պատասխանեց լեզվաբանը։

– Բայց բարբառները նաեւ մեր հարստությունն են,- ասացի ես,- ինքս գիտեմ Արցախի եւ Իրանի Մարաղայի բարբառները, ու հաճախ եմ իմ արձակ ստեղծագործություններում օգտագործում դրանք։

– Ինչ վերաբերում է օժանդակ բային, ապա ուսումնասիրելով, գտել եմ, որ հայերենում «ա» հնչյունը մեր բառային շտեմարանում կազմում է 14 տոկոս։ Եթե օժանդակ բայի տեղ էլ «ա՜» գրենք…

– Բայց դա կա կենդանի խոսքում ու թերեւս բնական ու հարազատ է հնչում, թեկուզ մեծ հաշվով մերժվում է գրական բարձր ոճում։ Այդուհանդերձ, այն դասախոսի, լեզվաբանի, պատգամավորի, դերասանի առօրյա խոսվածքի անբաժանելի մասն է։ Ինչո՞ւ չմերձեցնենք։

– Ունեցել ենք «գյուղագիրներ», որոնցից կնշեի Տմբլաչի Խաչանի, Ճուղուրյանի անունները,- ասաց լեզվաբանը,- գրել են խոսակցական լեզվով։ Չարենցն էլ է երբեմն գրել այդ լեզվով։ Սունդուկյանը գրել է Թիֆլիսի բարբառով։ Հիմա գրական լեզուն կտրվելով խոսակցականից, կորցնում է իր երբեմնի համ ու հոտը։

– Գուցե տերմինաբանական վարչարարության զոհն է մեր լեզվի այսօրվա վիճակը։

– Խորհրդային տարիներին կար տերմինաբանական կոմիտե, որի նախագահը Կոմկուսի կենտկոմի 2- րդ քարտուղար, ԳԽ նախագահության նախագահի տեղակալ Հովհաննես Բաղդասարյանն էր, տեղակալը՝ ակադեմիկոս Գ. Ջահուկյանը։

– Ես «Լրաբեր» ծրագրում էի աշխատում։ Բանվորին, ջրվորին ստիպում էինք գրական հայերենով խոսել։ Եթե չէր ստացվում, եթեր չէին տալիս։ Կենտկոմի քարտուղար Ղամբարյանին պետք է տեսագրեի։ Նա «տեխնիկա» ասելու փոխարեն ամեն անգամ «ծեխնիկա» էր ասում։ Ես ընդհատեցի տեսագրությունը եւ հանդիմանեցի։ Նա պատճառ բռնեց իր ատամների բուժման ընթացքն ու հրաժարվեց ելույթից։

– Անկախություն եկավ, ու Լեզվի տեսչությունը մտցրին կրթության նախարարության կազմի մեջ։ Ես տեսչության Լեզվաշինության վարչության պետն էի։ Սակայն նախարարությունը չէր կարող հաստատել մեր որոշումները։ Իսկ իրականում Լեզվի տեսչությունը պետք է հսկի նաեւ նախարարության աշխատանքը։ Հիմա տերմինաբանական հանձնախմբի նիստեր չեն էլ գումարվում։ Կարելի է ասել՝ չկա այն։

– Տերմինաբանական խորհուրդ կար։

– Դա Հայերենի բարձրագույն խորհուրդն էր, որի կարգավիճակը դեռ չի հաստատված։ Հենց այդ խորհուրդը պետք է որոշումներ կայացնի քո բարձրացրած հարցերի շուրջը։ Խորհուրդը ցրեցին։ Սակայն նրա կարիքը խիստ անհրաժեշտ է։ Ժամանակն է, որ Լեզվի ինստիտուտում «Լեզվի շտապ օգնության» բաժին ստեղծվի, որտեղ 2- 3 հոգի մշտապես պատասխանեն հանրության հարցերին։

– Պարոն Սարգսյան, բարեւ ձեզ,- մեր զրույցն ընդհատեց դուդուկ ու հուշանվերներ վաճառող տղամարդը,- մի հարց ունեմ, լավ է, որ տեսա,- Չարենցը ի՞նչ նկատի ուներ՝ «բա՞րը», թե՝ «բառը» ասելով…

– Իհարկե՝ «բառը»,- ասաց լեզվաբանը։

– Ես ձեզ հասկացա,- ասաց դուդուկի վարպետ Սիմոն Սարգսյանը,- անչափ շնորհակալ եմ։

– Կյանքում նոր հակասություններ են առաջանում, նոր մտածողություն, նոր բնագավառներ են ծնունդ առնում,- իր խոսքը շարունակեց Արտեմ Սարգսյանը,- այն մեծ ճկունություն է պահանջում։ Ահա «բջջային» բառը ինչպիսի սահունությամբ ու ասես աննկատ մտավ մեր բառապաշարի մեջ։ Մի ֆրանսիացի գիտնական ասել է. «Օտար լեզու կարելի է սովորել երկու ամսում, իսկ մայրենին՝ ողջ կյանքում»։ Ինքս լեզվաբան եմ, հայոց լեզվի բարբառային բառարանի վեցհատորյակն եմ հրատարակել, ու ինչքան խորանում եմ այդ ոլորտում, այնքան համոզվում եմ, թե ինչքան քիչ գիտեմ։ Մեր գրական լեզուն թավջութակի պես ձգված լարի է նման, քիչ էլ ձգես՝ կկտրվի, թուլացնես՝ չի հնչի։

– Բայց լեզուն ընդունո՞ւմ է միջամտություններ, վարչարարություն։

– Ոչ մի դեպքում։ 30 տարի առաջ Տերմինաբանական բաժնի վարիչն էի։ Կենտկոմից զանգեցին, թե՝ ինչպե՞ս թարգմանենք «ծՏՉՈ

արտահայտությունը։ Ինձ հետ խոսեց Կարեն Դեմիրճյանը։ Կեսկատակ ասացի՝ խմբագրույթ։ Ընդունվեց եւ տպագրվեց։ Ջահուկյանը սկզբում դեմ էր, հետո ընդունեց։ Երկու շաբաթ հետո Կ. Դեմիրճյանը հարցրեց՝ քեզ դո՞ւր է գալիս այդ բառը։ Քիչ վարանեցի, ապա ասացի՝ ոչ։ Ինձ էլ՝ ասաց երկրի առաջին դեմքն, ու այդ բառն այլեւս չգործածվեց ոչ մի տեղ։

– Բայց բառը խորհրդանիշ է։

– Լեզվի խնդրում լուրջ արդյունքի կարելի է հասնել աստիճանաբար, երկարամյա նուրբ աշխատանքով։ Ես ստացել եմ 167 հազարից ավելի նամակներ լեզվի վերաբերյալ, որը մեր լեզվի նկատմամբ մարդկանց սիրո, գուրգուրանքի ու միաժամանակ նաեւ անհանգստության նշանն է։ Մի ավտոնորոգող վարպետ գրում է. «Լեզվի խնդրում փոքր հարցերի նորոգումով պետք է գնանք դեպի մեծը։ Մեքենայի նորոգման հարցում էլ է այդպես, փոքրերից ենք սկսում»։

– Խոսենք հեռուստատեսության մասին, որի դերը գրական ու խոսակցական լեզուների մերձեցման, փոխհարստացման գործում անգնահատելի է։ «Շանթում» բանակի մասին սերիալում հերոսները խոսում են առօրյա լեզվով. «հելնենք», «տենամ», «ակուրատնի», «դավայ ստուց» եւ այլն։ Իսկ «Արմենիայի» սերիալներում ձգտում են գրական խոսել, ու զգացվում է, որ դա հանձնարարված է, քանի որ ամենեւին էլ ոչ «թումանյանական» է, ոչ էլ ձեր ասած՝ «հախվերդյանական»։ Պատգամավորների, պաշտոնյաների մոտ համընդհանուր սխալ կա՝ «իրա աղջիկը», «իրեն տունը» եւ այլն։

– 1978 թ. հոկտեմբերի 15- ին սկսեցի «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը։ Եթեր եմ տվել 1482 հաղորդում։ Իմ հիմնական նպատակն էր նպաստել, որ գրական լեզուն, օգտվելով ժողովրդական բառ ու բանից, դառնա բնական, կենդանի, հարուստ, ճոխ ու շքեղ, իսկ խոսակցական ճապաղ, աղքատ լեզուն՝ հարստանա, վերցնի գրականի շքեղությունը։ Դա շատ նուրբ, երկարամյա ընթացք է։

– Բայց դրա համար նաեւ հասարակական մշակույթ պետք է ձեւավորվի։ Նպաստավոր միջավայր է պետք ստեղծել։

– Այո, եթե հեռուստասերիալները չաղավաղեն լեզուն, զգույշ լինեն, ավելի կշահի լեզուն։ Խմբագիրները հիմնականում անգրագետ են։ Ձեր նշած երկու օրինակներն էլ բացասական են։ Չոր գրական խոսելը զրկում է խոսքը կենդանությունից, խիստ խոսակցականն էլ գռեհիկ է, սխալ, վանող։ Ավարտական քննությունների թեստերում մեռած բառեր են մտցրել։ Թեստ մտցնելով՝ այն չի կենդանանա։ Օտարալեզու դպրոցների խնդիր են ստեղծել մեր հասարակության համար։

– Գանձակում եք մեծացել։ Հայերենի լեզվամտածողությամբ միջավայր կա՞ր այնտեղ։

– Դու գրող ես, ձեր գյուղում՝ Մարգուշեւանում գրական միջավայր կա՞ր։ Գրքե՞րը։ Իմն էլ էին գրքերը։ 2- րդ դասարանում էի սովորում, նոր էի սկսել առնչվել քերականության, լեզվի գաղտնիքների հետ, սկսեցի պատերին գրած արտահայտություններն ուղղել։ Երբ հերթը զուգարանի պատերին գրածներին հասավ՝ դպրոցի պահակը հետեւիցս ընկավ։ Փախչում էի ու բղավում՝ «Սխալներով են գրել, ես սխալներն եմ ուղղում»։

Զրույցը մեզ Վերնիսաժի մյուս ծայրն էր հասցրել։ Մենք բաժանվեցինք։ Վերջապես, ասես բալիստիկ մղումով, ազատվեցի Վերնիսաժ մոլորակի ձգողական ուժից, անցա երեւանյան սպանված Գետառն ու հայտնվեցի Վարդան Մամիկոնյանի հրապարակում, որտեղ հինգերորդ դարի հերոսը դեռ ճոճում է սուրը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել